Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԻՍՏ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

Հունիս 23,2001 00:00

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԻՍՏ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ ՆԱՏՕ-ի Ատլանտյան դաշնագրային ասոցիացիայի նիստում քննարկվել է Ադրբեջանին ու Վրաստանին այդ ասոցիացիայից հեռացնելու հարցը։ Մայիսի վերջին կայացած այդ նիստին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը՝ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրա հավաստմամբ, Ատլանտյան դաշնագրային ասոցիացիայում ընդգրկվելու համար հայկական պատվիրակությունը հենց այդ նիստում է ներկայացրել իր զեկույց-հիմնավորումը, որը հավանության է արժանացել։ Իսկ Ադրբեջանն ու Վրաստանը այդ կազմակերպությանը անդամակցում են դեռեւս 1995 թվականից։ «Սակայն գլխավոր քարտուղարը պահանջում էր անդամավճարը չմուծելու պատճառով սառեցնել այդ երկրների անդամակցությունը։ Իսկ անդամավճարը շատ սիմվոլիկ գումար է՝ ընդամենը 60 դոլար, դա էլ հիմնականում նիստերում ներկայացվող զեկույցների տպագրական ծախսերի համար է օգտագործվում»,- ասաց Ն. Հովհաննիսյանը։ Նա ավելացրեց նաեւ, որ Թուրքիայի ներկայացուցիչը ընդվզելով նշել է, որ ճիշտ չի լինի նույն նիստում Ադրբեջանին հեռացնել, իսկ Հայաստանին՝ ընդունել կազմակերպություն։ Այնինչ, շուրջ 6 ամիս առաջ Ատլանտյան դաշնագրային ասոցիացիայի լիագումար նիստում (Great Meeting) Ադրբեջանին ու Վրաստանին հատուկ զգուշացվել է վճարել այդ գումարը եւ դրա համար 6 ամիս ժամկետ է տրվել։ Սակայն ժամկետը լրանալուց հետո անգամ այդ երկրները չեն վճարել գումարը։ «Մտավախություն կար, որ Ադրբեջանի հետ կապված իրավիճակում Հայաստանի անդամակցության հարցը կհանվի օրակարգից։ Սակայն դա կանխվեց՝ Թուրքիայի ներկայացուցիչը պարտավորվեց մուծել Ադրբեջանի ու Վրաստանի անդամավճարները»,- նշեց Ն. Հովհաննիսյանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ Ռալդսոնը Մոնսում Ատլանտյան դաշնագրային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը ոչ թե ռազմական, այլ քաղաքական խնդիր է եւ դա որոշում է ՆԱՏՕ-ի քաղաքական մարմինը։ Անդամակցության համար պետք է համապատասխանել մեր կազմակերպության կողմից սահմանված խիստ որոշակի չափանիշների։ Դրա համար այժմ հերթագրված են աշխարհի 9 երկրներ, որոնց առաջիկա 7-8 տարվա ընթացքում հազիվ հասցնենք ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում»։ Սա է եղել գեներալի պատասխանը Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Հովհաննիսյանի հարցին, թե պատրաստվո՞ւմ է ՆԱՏՕ-ն անդրկովկասյան որեւէ պետություն ընգրկել իր կազմում։ Ն. Հովհաննիսյանը նշեց, որ գեներալ Ռալդսոնի թվարկած 9 երկրների մեջ չի նշվել ոչ Ադրբեջանը, ոչ էլ Վրաստանը, «ինչի ակնկալիքը այդ երկրները վաղուց ունեն»։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել