ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ՝ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԱՐԺԵՔ «Մի՛ դատիր, որ չդատվես»,- սովորեցնում է Աստվածաշունչը։ Մինչ այլոց ամբաստանություն ներկայացնելը, թե հասարակությանը ոճրագործներ ծնող արժեքային համակարգ են ներարկում, պետք է ինքս ինձ հարց ուղղեի. արդյոք ինքս չէի՞ նմանվի քոչարյանամետ լրատվամիջոցներին եւ չէի՞ փնտրի «մեղմացուցիչ դեպք հանցանաց», եթե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհերը լինեին, օրինակ, Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ալիկ Հարությունյանը, Սերժ Սարգսյանը եւ այլք։ Խոստովանում եմ, իբրեւ ընտրող ափսոսանք չէի ապրի, որովհետեւ այդ անձանց հեռացումը զբաղեցրած պաշտոններից ողջունելի եմ համարում։ Մարդկայնորեն ցավ կապրեի, որովհետեւ, պաշտոնյայի մերժումը երբեք չէի վերածի անձի հանդեպ չարության։ Այսօր էլ թվարկված անձանցից մի քանիսը նույնիսկ մարդկայնորեն համակրելի են։ Իբրեւ քաղաքացի ողբերգություն կապրեի, որովհետեւ «Հոկտեմբերի 27»-ը ոչ միայն իշխանությունների, այլեւ, ընդհանրապես, հայկական պետականության նվաստացումն էր։ Վերջապես, չեմ կարող երեւակայել, որ ոճրագործների համար արդարացումներ փնտրեի։ Այնինչ, այսօր ե՛ւ հասարակության որոշակի խավերում, ե՛ւ լրատվամիջոցներում հումանիզմը հանգել է Նաիրի Հունանյանին հասկանալու ջանասիրությանը, եթե ոչ՝ նրա հանդեպ համակրանք ձեւավորելուն։ Կացինը Հայտնի ասույթ է, թե «Պետք չէ մեղադրել կացինը, այլ պետք է բռնել կացնահարող ձեռքը»։ Որքան էլ Նաիրի Հունանյանը համոզի, թե ծանր սոցիալ- տնտեսական պայմանների համար հասարակության վրեժն է լուծել իշխանություններից, դժվար է հավատալ, թե ինքը կացնից ավելի դերակատարություն է ունեցել։ Միանգամայն համաձայն լինելով մեջբերված ասույթի խորհրդին, այնուամենայնիվ, դժվար է վիճարկել, որ եթե չլինի կացինը կամ կացնի ամբողջականությունը, տեղի չի ունենա հանցանք։ Հետեւաբար, կացինը կոտորակելը, այլ կերպ ասած՝ Նաիրի Հունանյանին կյանքից զրկելն իմաստ ունի։ Իրավագիտության մեջ վաղուց տեսական բանավեճերի հարց է, թե ինչ գործառույթ է պետք վերապահել պատժին։ Արդյո՞ք դա գործած մեղքերի քավություն է, թե՞ նոր հանցագործությունների կանխման միջոց։ Պատմության ընթացքում մարդկությունը հանգեց երկրորդ կարծիքին, եւ դա էլ բացատրում է մահապատժի վերացումը արդի քաղաքակրթությունում։ Այդուհանդերձ, բոլոր կանոններից լինում են բացառություններ, եւ Նաիրի Հունանյանի դեպքում բռնության մեթոդը չարժե թերագնահատել։ Առայժմ այն տպավորությունն է, որ Նաիրի Հունանյանը սեփական հերոսական կերպարն է կերտում։ Նրա լկտիությունը հասել է այն աստիճանի, որ նա հայտարարում է, թե առայժմ իր կոչը հայ ժողովրդին չի ուղղել։ Հետեւաբար, ժողովրդի վերաբերմունքն էլ իր հանդեպ որոշակի արտահայտված չէ։ Նման մտադրությունների համար պետք է առնվազն վստահ լինել, որ կյանքիդ վտանգ չի սպառնում։ Դեռ ժամանակ կա սեփական կերպարը կերտելու եւ կուլմինացիոն պահին ժողովրդին դիմելու։ Մի կողմ թողնենք ենթադրությունները, թե Նաիրի Հունանյանին խորհուրդներ ու երաշխիքներ են տրվում, թեեւ այդ տպավորությունն ու համոզվածությունը դժվար է հերքել։ Ուղղակի չարժե հասնել այնպիսի ծայրահեղության, որ մերժվի կեցության գերակայությունը գիտակցության վրա։ Ի՞նչ կեցության պայմաններում է Նաիրի Հունանյանը։ Նա գիտե, որ Հայաստանում մահապատիժը վերացված է՝ իբրեւ Եվրախորհրդին անդամակցելու պայման եւ ԱԱՆ մեկուսարանում իրեն ոչ ոք չի անհանգստացնում, մինչդեռ բանտային առօրյայի՝ երկրային դժոխք լինելը հանրահայտ է ամենքին։ Հետեւաբար, ներկա պայմաններում Նաիրի Հունանյանն իրեն նույնիսկ բանտում զգալու դժբախտությունը չունի եւ հոգու ողջ զորությամբ նվիրվել է սեփական կերպարն արարելուն՝ տրամադրության տակ ունենալով դատավարության հարյուրավոր ականատեսներ, լրատվամիջոցներ եւ ընդհանրապես, լայն հասարակություն։ Բնականաբար, ԱԱՆ-ից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելը վերջ կդնի Նաիրիի «dolce vita»-ին։ Դե, այդտեղ հանցագործների ավելի հոծ բազմություն է, դժվար է իսպառ կանխել մյուս բանտարկյալների մուտքը Նաիրիի մենախուց, այցելուներն էլ, ի՛նչ երաշխիք, թե Նաիրիին միայն հաճոյախոսություններ կշռայլեն։ Երբ Նաիրին էլ ընկալի սեփական դրության ողբերգականությունը, երբեմն-երբեմն զգա մահվան շունչը, այլեւս ժամանակ չի գտնի դիմակներ ու կեցվածքներ փորձարկելու։ Այնժամ գուցե խոսի։ Իսկ առայժմ Նաիրին հերոսականության ցնորքներով տարված, Սողոմոն Թեհլերյանի կերպարն է խաղարկում։ Իմիջիայլոց, հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը։ Որտեղի՞ց այդ պայծառակերպությունը. Թեհլերյանի հետ զուգահեռի գաղափարը։ Նաիրիի «կարդացածությունը» հուշե՞ց, թե՞ Էդուարդ Հովհաննիսյանի պատմաբարոյական ըմբռնումները։ Քիչ է ասել՝ մեկը կամ մյուսը, որովհետեւ դրանք ընդամենը դրսեւորումներն են միեւնույն մատերիայի եւ աուրայի՝ ՀՅԴ գաղափարախոսության։ Իսկ ովքեր էլ ընդդիմանում են Նաիրի Հունանյանի տեղափոխմանը ԱԱՆ մեկուսարանից, երեւի պատկերացնում են, թե վերահսկողությունից դուրս նա ինչ անակնկալներ կարող է մատուցել, ով գիտե՝ ինչեր խոսել։ Դե, հետո էլ ե՛կ ու Ալիկ Հարությունյանի հետ սրտմաշուկ երկխոսություններ բեմադրիր ու գաղտնի ձայնագրիր… հեռարձակելու համար։ Կացնահարողը Չգիտեմ՝ ինչպես այլոք, բայց ինքս գրեթե չեմ հավատում, թե «27»-ի ոճրագործությունը տեսանելի ապագայում կբացահայտվի։ Կանխակալ մոտեցման խնդիր չէ, թե նախագահ Քոչարյանը դատավարության ընթացքը կանխորոշել է։ Բորխեսը կենսական ճշմարտության մի բացահայտում ունի «Նախ՝ մեր դեմքն է, մենք դրանից հետո ենք»։ Հոկտեմբերի 27-ից ընդամենը օրեր անց սոցհարցում էր անցկացվել, որի արդյունքները տպագրվեցին մամուլում։ Հարցվածների մեծամասնությունը ապրիորի ոճրագործության հավանական կազմակերպիչ էր մատնանշել քոչարյանական իշխանախումբը։ Սա դեմքն է կամ ընկալումը, էությունը, այլ կերպ ասած՝ իրողությունը դրանից հետո է։ Քանի դեռ Քոչարյանը նախագահական պաշտոնին է, համարվելու է, թե նա թույլ չի տա ճշմարտության բացահայտում։ Ինչպիսին էլ լինեն արդյունքները, հնչելու են շահարկումներ, թե դարձյալ ողջ ճշմարտությունը երեւան չհանվեց։ Իսկ երբ Քոչարյանը հեռացած լինի իշխանությունից, նա ուղղակիորեն կմեղադրվի «Հոկտեմբերի 27» կազմակերպելու մեջ։ Եվ ականատես լինելով նախադեպին, թե ինչպես Սամվել Բաբայանը մեղադրվեց «Մարտի 22»-ի ահաբեկչության համար, ակամա երկյուղ ես կրում, որ մի օր էլ Հայաստանի ներկա իշխանությունները կմեղադրվեն «Հոկտեմբերի 27»-ի համար։ Չէ՞ որ նրանց մեղադրելու հասարակական տրամադրվածությունը դեռ սոցհարցումներից էր ակնհայտ դարձել։ Անշուշտ, վատ է, երբ կանխակալ վերաբերմունքը թույլ չի տալիս հասու լինել ճշմարտությանը։ Բայց դժվար է ինչ-որ բան փոխել։ Մարդը սուբյեկտիվ արարած է, հասարակությունը՝ առավել եւս։ Կացնեգործը Արդեն ասվել է, որ Նաիրի Հունանյանը դաշնակցական գաղափարախոսության եւ արժեքային համակարգի ծնունդ է։ Որեւէ ցանկություն չունենալով սեւացնել այդ կուսակցությանը եւ ինչ-որ տեղ համաձայնելով դատողությանը, թե «մեղուն ծաղկից մեղր է վերցնում, օձը՝ թույն», այդուհանդերձ, ինքներս մեզ հարցնենք՝ ի՞նչը մեր պատմության մեջ կարող էր Նաիրի Հունանյան ծնել։ Ցանկանում ենք, թե ոչ, պետք է ընդունել, որ հասարակական կյանքը կանոնակարգվում է չարիքը բացառելու առաջնահերթությամբ։ Ոչ միայն պոզիտիվ իրավունքի առումով, այլեւ նույնիսկ՝ կրոններում սրբագործված բարոյական կոդեքսների։ Աստվածաշունչը սովորեցնում է ինչ չանել։ Նախ՝ ինչ չանել։ Եթե զենքի ազատ վաճառք է թույլատրվում, անշուշտ, դա կօգնի անձի ինքնապաշտպանությանը, բայց նույնքան էլ վտանգ կստեղծի, որ խելագարը կարող է այլոց կյանքից զրկել։ Եվ որպեսզի հետագայում չմեղադրենք կացնին, նույնն է թե՝ խելագարին, նախ խելամտություն է դրսեւորվում զենքի ազատ վաճառք չթույլատրելու։ Նմանապես, երբ ՀՅԴ գաղափարախոսները ամբողջ սերունդներ էին դաստիարակում ահաբեկիչների ու ֆիդայիների օրինակով, ի՞նչ երաշխիք ունեին, թե մի օր էլ չի հայտնվելու մի ինքնակոչ եւ ինքնադատաստան տեսնելու նրանց հետ, ում թշնամի է որակել։ Եթե ահաբեկչին ենք մեծարում, դրանով նոր ահաբեկիչների ենք ծնունդ տալիս։ Եթե սովորեցնում ենք զենքով խնդիրներ լուծել, ապա, կենցաղային վեճից մինչեւ իշխանափոխություն, այդ զենքի գործադրումը դարձնում ենք ընդունելի։ Սարսափելին այն չէ, երբ մարդը գիտակցաբար զենք է գործադրում։ Անհամեմատ սարսափելի է, երբ զենք չկրող մարդիկ ենթագիտակցորեն ընտելանում են զենք գործադրելուն։ Առավել եւս, երբ հերոսականացնում ենք ինքնագլուխ զենքի գործադրումը։ Թեհլերյանի, Երկանյանի, Բժշկյանցի ու մյուսների օրինակները պետք չէր քարոզի առարկա դարձնել։ Նրանց հիշատակի առջեւ կարելի է խոնարհվել, գուցե երախտապարտ լինել՝ յուրաքանչյուրիս վրեժը Իթթիհատից լուծելու համար, բայց երբեք չէր կարելի նրանց օրինակով նոր սերունդ դաստիարակել։ Ընդհանրապես, հեղափոխականությունը մերժելի երեւույթ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, երբ մարդուն հետեւողականորեն վարժեցնում ես ինքնազոհության գաղափարին, զուգահեռ, նրա գիտակցության մեջ կամ, գուցե, անգիտակցական շերտում ամրագրվում է կյանքի աստիճանական արժեզրկումը։ Որպեսզի պատրաստ լինես հրաժարվելու կյանքից, պետք է այդ կյանքը նվազ ու ավելի նվազ արժեք ունենա։ Իսկ եթե պատրաստ ես հրաժարվելու սեփական կյանքից, տեր Աստված, մի՞թե այլեւս հնարավոր է արժեւորել ուրիշների կյանքը։ Զուր չէ, որ իրավագիտության մեջ ինքնասպանությունը նույնպես որակվում է մարդասպանություն։ Այդ միայն մարտիրոսների ու սրբերի դեպքում է, որ սեփական կյանքից հրաժարվելը չի աղերսվում ու վերածվում մարդասպանության։ Շարքային մահկանացուն երբեք չի գնահատի այլոց կյանքը, եթե չի գնահատում սեփականը։ Արդյունքում, ոճրագործի երկու նախապայմանը՝ անձնազոհության պատրաստակամություն եւ զենքով խնդիրներ լուծելու հոգեբանություն, ամբողջ մի դար ՀՅԴ-ի կողմից ներարկվել է հայ հասարակությանը։ Հետեւաբար՝ այսօր չէ, վաղը Նաիրի Հունանյան պիտի ծնունդ առներ։ Մնում էր՝ միջավայրը բարերար հող ստեղծի՝ սոցիալական թշվառություն, ծանր տնտեսական կացություն, քաղաքական փակուղային պարտադրանքներ, որոնցից ելքը թվացել է մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելը։ Գուցե արտերկրից մտահղացան «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, գուցե Հայաստանում չխոչընդոտեցին դրա իրականացմանը, բայց մի՞թե պատահականություն էր, որ գտնվեց Նաիրի Հունանյան, եւ մի՞թե պատահականություն է, որ նրա նախկին կուսակիցներն ու համակիրները այսօր էլ Հունանյանին վերապահությամբ են դատապարտում։ Բավական է փոքրիկ մի հնարավորություն, որպեսզի նրա կերպարը դրական լույսի ներքո մատուցվի դատավարությանը հետեւող հասարակությանը։ Ինքս չեմ կարծում, թե այդտեղ հրահանգ կամ միտում է գործում։ Կարծում եմ, ավելի վատթար մի իրականություն է բացահայտվել՝ հոգեւոր համերաշխություն Նաիրի Հունանյանի հետ։ Դե ինչ, 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերաձեւված են, Քոչարյանը առայժմ գրեթե միահեծան իշխանություն ունի, տարիներ շաղ տրված հայհոյանքը, թույնն ու ատելությունը պարպվեց՝ կյանքից զրկելով հատկապես նրանց, ում ժողովրդականությունն անվիճարկելի էր։ Մնաց դատարկություն։ Հեմինգուեյի բառերն են, թե՝ «Ամեն մի վերջաբանի հետեւում է դատարկությունը»։ Ցավալի է միայն, որ այդ դատարկությունը ոչինչ չփոխեց ՀՅԴ-ի համար։ Կարծես թե Հունանյանի հոգեւոր հայրն ու կնքահայրը իրենք չեն։ Եվ կարծես չեն գիտակցում, որ հեղափոխականության իրենց կոչերով ու խանդավառությամբ տարիներ հետո նոր հունանյաններ են իբրեւ պատուհաս տալու այս երկրին։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ