«Այս անաստված աշխարհում այսքան աստվածային հնչյուններ» Գրել է «Նյու Յորք թայմզը»՝ Ջիվան Գասպարյանի դուդուկի մասին Կան մեծություններ, որոնք մեզ համար ո՛չ ավել, ո՛չ պակաս, ազգային արժեք են, որոնցով են մեզ ճանաչում դրսում ու որոնցով ենք հպարտանում (եթե չի բռնել նախանձի հերթական, ազգային նոպան) ներսում։ Դրանցից, մեկն, անշուշտ, մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանն է։ Երեկ նա Մամուլի ազգային ակումբի հյուրն էր։ Նա պատմեց «Գլադիատորի» երաժշտության իր կատարման նախապատմությունը, նշելով, որ ֆիլմում օգտագործվել է իր իմպրովիզացիաներով հարուստ տարբերակը։ Ըստ էության, Ջիվան Գասպարյանն աշխարհում առաջին հայն է, որ «Օսկար» է ստացել։ Հիշեցնենք, որ «Գլադիատորը» «Օսկար» է ստացել որպես տարվա լավագույն ֆիլմ, ու այդ պատճառով ֆիլմի ողջ ստեղծագործական կազմը «օսկարակիր» է։ Ջ. Գասպարյանի դուդուկը հնչում է նաեւ «Հիսուս Քրիստոսի վերջին գայթակղությունը», «Եվգենի Օնեգին» ու այլ ամերիկյան, գերմանական, իտալական ֆիլմերում։ Պազոլինիի «Քրիստոսի վերջին գայթակղության» մեջ Պիտր Գաբրիելն օգտագործել է ոչ միայն Ջ. Գասպարյանի, այլեւ Վաչե Հովսեփյանի ձայնագրությունները։ Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագրում ընդգրկված է նաեւ Ջիվան Գասպարյանի նախաձեռնած Դուդուկի փառատոնը, որին մասնակցելու են դուդուկի ինչպես տեղացի ճանաչված վարպետներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Պրն Գասպարյանը լրագրողների խնդրանքով պատմեց, թե ինչպես է 1948 թվականին նվագել Ստալինի համար, որից ստացած «Պոբեդա» թանկարժեք ժամացույցը հետո վաճառել է ու գումարով ընկերների հետ գարեջուր խմել։ Այնուհետեւ անդրադարձավ հայ երգարվեստի այսօրվա վիճակին. «Տարիներ շարունակ մեր մեծերը՝ Կոմիտասը, Արամ Մերանգուլյանը, Թաթուլ Ալթունյանը եւ այլք, մաքրեցին հայկական երգերը, բայց այս վերջին 10 տարում հայտնվեց ավազակների մի խումբ, հարձակվեց ժողովրդական երգ-երաժշտության վրա։ Այսօրվա ժողովրդական համարվող երգերի 90 տոկոսը աղավաղված է՝ ոչ հայկական։ Որտեղի՞ց են գտնում դրանց, ովքե՞ր են երգերի ու տեքստերի հեղինակները, էդ ի՞նչ անճաշակ ու անորակ բաներ են. արաբական, պարսկական, չինական ելեւէջներով։ Մեկը պիտի լինի, չէ՞, որ տիրություն անի, էս կառավարությունն ի՞նչ է մտածում։ Բոլորին ստուգում են, անգամ պեչենի ծախողին, բայց երգիչներին, երաժիշտներին մեկը չի՞ ստուգելու, տեսնի՝ որտեղի՞ց է, ո՞վ է թույլ տվել, որ դա երգի, երգ փչացնի։ Առոգանությունն էլ են փոխում, էլ չեմ խոսում, թե ինչքան ահավոր եւ անճաշակ են երգերի խոսքերը»։ Անվանի երաժիշտը կարծում է, որ դուդուկահարների նոր սերնդի մեջ լավերը կան, բայց. «Էդ «փոխարինել» բառը մի ասեք, ոչ մեկը մյուսին չի կարող փոխարինել։ Շատ են ծով նկարողները, բայց Այվազովսկին միակն էր, փոխարինող չկար»։ Նա հիշեց իր ծանր հիվանդությունը պատերազմի տարիներին, առանց ծնողների, իր առաջին ուսուցիչ Մարգար Մարգարյանին. «Շատերն են ինձ օգնել, շատ-շատերը, չօգնեին՝ ոչնչի չէի հասնի, որբ էի»։ Բազմիցս հիշատակեց իր մեծանուն ժամանակակիցներին՝ Լեւոն Մադոյանին, Վաչե Հովսեփյանին, Կարո Չարչօղլյանին։ Օգոստոսին Ջ. Գասպարյանը պատրաստվում է մեկնել Ստամբուլ՝ համերգների. «Վերջին CD-ներս Թուրքիայում եմ ձայնագրել, ինձ շատ լավ ընդունեցին։ Ամբողջ դահլիճը կանգնած ծափահարում էր»։ «Ճրագն իր տակը լույս չի տալիս»՝ ժողովրդական այս ասացվածքով պրն Գասպարյանը հիշեցրեց մեր ազգային առանձնահատկությունը. «Չենք գնահատում իրար այնքան, մինչեւ դրսից մեկը մի լավ խոսք չասի։ Թեեւ ես դժգոհելու բան չունեմ, ինձ շատ են գնահատել, բայց էլի՝ Ռուսաստանում գնահատվելուց հետո։ Միայն Թաթուլ Ալթունյանն էր, որ ամենասկզբից գնահատում էր ինձ։ Ամերիկայում բոլոր թերթերը գրեցին իմ մասին, իմ երաժշտության մասին։ Լուիզ Սիմոնն ինձ ասաց՝ «Նյու Յորք թայմզ»-ում գրվածը կարող ես կպցնել կրծքիդ՝ ման գալ, ամբողջ աշխարհում, աշխարհի դռները կբացվեն քո առաջ, բայց այստեղ… Լեւոն Մադոյանից ու Վաչե Հովսեփյանից գրեթե ձայնագրություն չի պահպանվել։ Ես էլ արդեն 20 տարեկան չեմ, չէ՞ որ արդեն մեծացել եմ, պատմություն եմ դառնալու…»,- իր առույգ տեսքին չսազող տխուր խոհեր անցան վարպետի մտքով։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ