Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջազը

Հունիս 23,2001 00:00

«INTO»-Ն ԴԵՌ ԿԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ Ջազը Հայաստանում այսօր հարգի է։ Այդ են վկայում բազմաթիվ ռադիոհեռուստատեսային ջազային հաղորդումները, սրճարաններն ու ռեստորանները, որտեղ նվագում են «կենդանի» ջազ, մշտապես հաճախորդներով լեցուն հանրաճանաչ «Պոպլավոկը» եւ ամենօրյա խոսակցություններն անցած ու գալիք միջազգային ջազ-փառատոների մասին։ Հատկապես ուրախալի է նշել, որ մեր ջազային երաժշտության ոլորտում արդեն ճանաչում ստացած վարպետների կողքին սկսել են տեղ գրավել շատ երիտասարդ երաժիշտներ։ Անցյալ շաբաթ մայրաքաղաքը մի նոր հուզում ապրեց հերթական ջազային իրադարձությամբ՝ վերջերս ստեղծված «INTO» քառյակի համերգից։ Այս կոլեկտիվի մասնակիցները Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն են՝ Ռուբեն Սաթյան (դաշնամուր), Մարտին Ուլիխանյան (կլարնետ), Արտյոմ Մանուկյան (թավջութակ) եւ Արամ Հովհաննիսյան (ֆլեյտա)։ Տղաները համախմբվել էին անսամբլում՝ ջազ նվագելու մեծ ցանկությամբ։ Այդպես անցան փորձերի առաջին ամիսները։ Սակայն աստիճանաբար նրանք հրաժարվեցին ավանդական ոճից ու մոտեցումից՝ որոշելով իրենց երաժշտության մեջ օգտագործել տարիների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունը։ Քայլ առ քայլ նրանք առաջ էին գնում, որոնելով, իրենց հոգեհարազատ ոճը։ Այն գտնվեց։ Խմբի «դժվարամարս» եւ գուցե թե մի փոքր մշուշապատ, սակայն ճշգրիտ բնորոշումը՝ ակադեմիական նեո-ջազի քառյակ։ Համերգի ծրագրում, որը կայացավ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի մեծ դահլիճի բեմում, այդ երեկո հնչեցին ջազային ստանդարտների հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, ժողովրդական մեղեդիներ եւ քառյակի մասնակիցների յուրահատուկ կոմպոզիցիաները։ Այդ ամենը կատարվում էր հայկական ջազային բեմի համար բացարձակապես նոր ոճով։ Կարելի է ասել, ժողովրդական երաժշտության եւ ավանգարդային ջազի միաձուլում էր այդ՝ շաղախված ոչ պակաս ավանգարդային դասականով։ Եթե փորձենք երաժշտական աշխարհում փնտրել համանմանություններ, ապա երկար պրպտումներից հետո միայն կարելի է հիշել հանրահայտ KRONOS QUARTET-ը։ Սակայն, անկեղծ ասած, դա էլ այն չէ։ Բանն այն է, որ քառյակի յուրաքանչյուր մասնակիցը ունի իր սեփական նախասիրություններն ու հակումները, իր երաժշտական մտածելաձեւը, որը բավական ցայտուն է ի հայտ գալիս քառյակի ստեղծագործություններում։ Եվ եթե այն ամենը, ինչ պատկանում է Արամ Հովհաննիսյանի գրչին, շատ է նմանվում նեո-կլասիցիզմի վարպետների ոճին, ապա Ռուբեն Սաթյանի գործերը ավելի շուտ արտահայտում են ջազմեն-ավանգարդիստների ոգին, ինչպես, օրինակ, Մակոյ Տերների։ Նրանց մյուս երկու ընկերները նույնպես ջանում են ներկայացնել սեփական ոճը։ Արդյունքում ստացվել է, այսպես կոչված, գեղարվեստական խառնաշփոթ, ինչը, համենայնդեպս, առաջացրեց լեփ-լեցուն դահլիճի բուռն հիացմունքը։ Իսկ երբ բեմ դուրս եկան հրավիրված երաժիշտներ՝ երգչուհի Նաիրի Պարտակչյանը եւ արեւելյան հարվածային գործիքների վիրտուոզ կատարող Մանուկ Ագրյանը, որոնք քառյակի հնչողությանն ավելացրին փոքր-ինչ միստիկա եւ գունագեղություն՝ ունկնդիրների հիացմունքին սահման չկար… Դասական երաժիշտներն ունեն գործեր, որոնք զուտ ներշնչված են ջազով։ Նույնը կարելի է ասել «INTO» քառյակի կոմպոզիցիաների վերաբերյալ։ Կարելի է նաեւ ավելացնել պատանեկան ոգեւորությունը, եռանդը ու մաքսիմալիզմը։ Իսկ կարեւորը այն հատուկ դրայվն է, որն էլ ջազը դարձնում է ջազ։ Իսկ տղաների մոտ այդ «դրայվ»-ից ինչքան ասես՝ կա։ Կարծես ընդհանուր նկարագիրը կարելի է համարել ավարտված։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ հարթ էր։ Վատ չէր լինի, եթե տղաներն ավելի մանրակրկիտ եւ զգուշորեն ընտրեին գործերը՝ իրենց արանժիրովկաների համար։ Իհարկե, պետք է նաեւ նշել երաժիշտների որոշ կախվածությունը նոտաներից (բոլոր դեպքերում ջազ են նվագում, իսկ ջազը ենթադրում է իմպրովիզացիա եւ ինքնաբերության որոշակի տոկոս)։ Սակայն եկեք չմոռանանք, որ այս ամենը առաջին անգամ էր եւ, որ ծրագիրը պատրաստվել էր մոտ երկու ամսում։ Կասկած չկա՝ խումբը կայացել եւ հաջողվել է։ Հուսանք, որ տղաներին կհաջողվի պահպանել ձեռք բերած իմիջը։ Համերգից հետո կարճ հարցազրույցում խոստացան մոտակա ժամանակներում տալ իրենց երկրորդ համերգը ավելի մեծ, օրինակ, Կամերային երաժշտության տան բեմահարթակում։ Բեմ դուրս կգան նոր ծրագրով, որը առատ կլինի անակնկալներով եւ կաշխատեն ձայնագրել դեռ չներկայացված կոմպոզիցիաներ, որպեսզի ավարտեն իրենց առաջին ալբոմի աշխատանքը։ Հուսանք, որ այդ ձգտումներն ու ցանկությունները կիրականանան։ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել