ՃԻՇՏ ՉԵՆ ԲԱՇԽՈՒՄ «Առավոտ» օրաթերթի հունիսի 16-ի համարում տպագրված «Բնական եւ արհեստական աղետ Ավշար գյուղում» հոդվածում ավշարցիները բողոք էին ներկայացրել, թե «գյուղի ջրամատակարարումը դադարեցվել է մուծումներ չանելու պատճառով»։ Այս առիթով հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ։ Ավշարի համայնքն իր ոռոգելի 736 հա-ից պայմանագիր է կնքել ընդամենը 458,8-ի համար։ Մայիս ամսին եւ հունիսի առաջին կեսին համայնքին մատակարարվել է պլանավորվածից, այսինքն՝ պայմանագրայինից ավելի շատ ջուր։ Հունիսի 1-15-ը ծրագրավորված 436 հազար խմ ջրի փոխարեն տրվել է 635,7 հազար խմ ջուր։ Ջրամատակարարման դադարեցման կամ ջրի նվազեցման վերաբերյալ որոշում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն չի կայացրել։ Ավշարի համայնքում առաջացած խնդիրը կարող է լինել ջրի ոչ ճիշտ բաշխման արդյունք։ Ոռոգման ջրի հաշվառմամբ ու բաշխմամբ զբաղվում են Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվները (ՋՍԿ), որոնք համայնքային կառույցներ են եւ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության տակ չեն գտնվում։ Համայնքի ներսում ջրի անարդարացի բաշխման օրինակները հանրապետությունում բազմաթիվ են եւ այս դեպքում ջրի մատակարարման ամենամեծ ծավալների դեպքում անգամ «չորացած մարգերի» կողքին բողոքող գյուղացիներ կլինեն։ Եթե ավշարցիները 736 հա-ից պայմանագիր են կնքել ընդամենը 458,8 հա-ի համար, ակնհայտ է, որ ջրվում են ավելորդ հեկտարներ. արդյունքում կարող է տուժել նույն համայնքում պայմանագրով ոռոգման ջուր ստացող գյուղացին։ ՋՍԿ-ի պարտավորությունն է մինչեւ ոռոգման տարեշրջանի սկիզբը կազմակերպել ջրի ճիշտ պլանավորումն ու համապատասխան պայմանագրերի կնքումը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԼԾ