ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՀԱՄԱԿԵԼ Է ԿԱՐՈՏԱԽՏԸ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հիմնախնդիրները շատ են՝ բազմա-բնույթ ու բազմաթիվ։ Ինչպես ամենուր, Վարդենիսում նույնպես համատարած գործազրկություն է, իսկ աշխատատեղերում էլ ամիսներով աշխատավարձ չեն տալիս։ Արդեն ամառ է, իսկ գյուղերում մարդիկ դեռ «քնած» են։ Եթե նախորդ տարիներին նրանք եռանդով էին կատարում իրենց ամառային աշխատանքները՝ հույսով ու հավատով, այսօր այդ հույսը մարել է։ Գյուղացին հազիվ կարողանում է քարշ տալ իր գոյությունը։ Ապրուստի միակ միջոցը հողն է, որը, սակայն, հուսախաբ արեց նրան։ Ի՞նչ համարձակությամբ նա այժմ պետք է հողին սերմ հանձնի, երբ անցած տարի բերք չհավաքեց երաշտի պատճառով։ Իսկ հիմա նա սերմացու չունի, որպեսզի ցանի։ Այս ամենին գումարվում է Վարդենիսում օրեցօր աճող մահացությունը։ Վարդենիսի քաղաքապետարանի տվյալներով 2000-ին ավելի շատ մարդ է մահացել՝ 100-105 հոգի, քան 1999-ին (95-97 դեպք)։ Մահացությունների հիմնական պատճառները սոցիալական ծանր պայմաններն են, հիվանդանոցների ոչ նորմալ գործունեությունը։ Բուժվելու համար գյուղացին երկու ընտրության առաջ է կանգնում. կամ ստիպված է իր ունեցած-չունեցածը վաճառել եւ հիվանդի բուժման համար տեղափոխվել մայրաքաղաք, որը շատ թանկ է, եւ երկրորդ տարբերակը, որը, թերեւս, «ամենահեշտն» է՝ բժիշկը տուն է հրավիրվում եւ բուժումը կատարվում է տնային պայմաններում։ Մարդիկ մահանում են տարբեր հիվանդություններից։ Ի վիճակի չլինելով վճարել բուժման դիմաց՝ զբաղվում են ինքնաբուժությամբ, որը հաճախ բարդությունների առաջ է կանգնեցնում հիվանդին (մահացության ամենատարածված ձեւը ինֆարկտն է)։ Հիվանդության պատճառներից մեկն էլ արտագաղթից առաջացած կարոտախտն է, որը համակել է գրեթե բոլոր գյուղացիներին։ Հարազատներին թողնելով տանը, գյուղի տղամարդիկ հեռանում են օտար երկրներ աշխատանք որոնելու։ Եվ հեռու գտնվելով, չեն կարողանում գալ հայրենիք մասնակցելու հարազատի թաղմանը կամ հարսանիքին։ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ