Կռվողներիս, այս շիլաշփոթը չի համոզում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին Արդեն տարուց ավելի բանտի անմարդկային պայմաններում է պահվում հայ ժողովրդի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, որը ազատազրկման է դատապարտվել Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանի խայտառակ դատավճռով։ Ազգային հերոսի անմեղությունը լրիվ ապացուցվել է դատավարության ընթացքում ու միայն տկարամիտը կարող է հավատալ նրա առնչությանը մարտի 22-ի միջադեպին։ Ծիծաղի է արժանի Ղարաբաղի որոշ իրավապահների այն վարկածը, թե փորձառու երկու հրամանատարներ 4-5 մետրից 68 անգամ կրակել են Արկադի Ղուկասյանի վրա ու միայն մեկ անգամ վիրավորել նրան ոտքից։ Որից հետո 16 հոգով փորձել են պետական հեղաշրջում կատարել ու «այդ» նպատակով… տուն են գնացել՝ քնելու։ Եվ այս ամենը իբր կազմակերպել է քաղաքներ ու շրջաններ ազատագրած, թշնամու գնդեր ու տանկային գումարտակներ ոչնչացրած Ազգային հերոս Սամվել Բաբայանը, որին Դուք, պարոն Քոչարյան, բնութագրել եք որպես «տաղանդավոր զորապետի»։ Վառոդի հոտը չքաշածները նման հեքիաթներով թող «կերակրեն» հոգեպես շեղվածներին։ Քանզի միայն վերջիններիս համար են, թերեւս, նախատեսված ԼՂ իշխանությունների մեկնաբանություններն այս առնչությամբ։ Մեզ՝ կռվողներիս, այս շիլաշփոթը, մեղմ ասած, չի համոզում։ Ինչպես չի համոզում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, աշխարհասփյուռ ողջ հայ հասարակությանը։ Սամվել Բաբայանի ձերբակալությունն ու ազատազրկումը դատապարտել են գոյամարտի գրեթե բոլոր մասնակիցները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը, արվեստի, մշակույթի բազմաթիվ երեւելիներ, ակադեմիկոսներ ու անվանի մտավորականներ, շարքային քաղաքացիներ, յուրաքանչյուր ոք, ում մեջ դեռ արթուն են խիղճն ու պատիվը, ով դեռ չի կորցրել հային բնորոշ մեծահոգությունն ու տղամարդկությունը։ Մեր իշխանությունները համաձայնության են գալիս անգամ ադրբեջանցիների հետ։ Ավելին՝ ժամանակ առ ժամանակ միակողմանիորեն ներում են շնորհում այս կամ այն ազերի մարդասպանին, նրանց, ում խղճին են հարյուրավոր անմեղ հայ մանուկների ու ծերերի կյանքը, տասնյակ ավերված բնակավայրեր։ Ինչո՞վ եւ ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ հայ ազգի իշխանավորները ի վիճակի չեն ազատ արձակել իր անմեղությունն ապացուցած հայազգի հերոսին, ում մեծապես պարտական են սեփական պաշտոններով ու բարեկեցությամբ։ Հատկապես այս օրերին, երբ լրանում է քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Ինչո՞վ եւ ինչպե՞ս փաստարկել, որ զայրացուցիչ հետապնդումների են ենթարկվում անգամ զորավարի ընտանիքի անդամներն ու զինակիցները։ Ո՞ւր մնացին օրինականությունն ու արդարությունը։ Թե՞ մեր ժողովուրդը վերջնականապես կորցրել է նամուսն ու արժանապատվությունը։ Մենք՝ ազատագրման շարժման վետերաններս, կոչ ենք անում ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին՝ շտապ միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի պետական բարձրագույն պարգեւների արժանացած, ՀՀ քաղաքացի եւ հայաստանյան բանակի սպա, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի նկատմամբ կայացրած՝ Արցախը պատվազրկող խայտառակ դատավճիռը վերանայելու, Ազգային հերոսին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։ Այդ են պահանջում հասարակության լայն խավերը, այդ է պահանջում մեր պետական եւ ազգային բարձրագույն շահը։ 8200 ստորագրություն