Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը երեկ սկսեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը, տեղեկացնելով ԱԺ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը. ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու մասին։
Ընդամենը բերվեց ՀՀ քրդատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որով սահմանված է «դատաքննության մասնակից» հասկացությունը, նրա իրավունքները։ ԱԺ այդ հանձնաժողովը, կարճ ասած, դատաքննության մասնակից չէ եւ, բնականաբար, նման միջնորդություն անելու իրավունք չունի։ Այս հարցը կարող են բարձրացնել տուժողները, նրանց իրավահաջորդի շահերի ներկայացուցիչները։
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի՝ ամբաստանյալին ուղղված որոշ հարցեր, պարզապես, կրկնվեցին։ Լինում են ընդհանրապես հարցեր, որոնք կրկնվելու դեպքում կարող են կամ հանվել դատավորի կողմից եւ կամ չպատասխանվել ամբաստանյալի կողմից։
Չնայած մի քանի անգամ «կարող եք չպատասխանել» նախադասությունն օգտագործվեց ոչ թե ամբաստանյալ Ն. Հունանյանի պաշտպան Արտավազդ Կարապետյանի կողմից, այլ դատավորի։ Երեկվա հարցաքննությանը ներկա էր Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, ռուս փաստաբան Ա. Յունոշեւը, որը մինչեւ վերջերս գտնվում էր Մոսկվայում, կային նաեւ ամերիկացի դիտորդներ, որոնք, մեղադրողի հարցերը լսելով, ընդամենը ասացին, թե այն «պետք է պարունակի այո կամ ոչ հարցադրումը»։ Մեղադրողի հարցադրումների նկարագրական մասը մեզ համար դեռեւս անհասկանալի է եւ ավելորդ հուզական երանգ է պարունակում։
Ահավասիկ մեկ օրինակ. «Իմ հարցաքննության առաջին օրը արտաքնապես մեղմ թվացող իմ հարցին, թե դուք որտե՞ղ կցանկանայիք ծառայել, պատասխանեցիք, թե կցանկանայի՝ Արցախում, Ջավախքում։ Միայն խաղաղ պայմաններում ծառայե՞լ, երբ հայրենիքը վտանգի մեջ էր։ Զենք վերցնել պատկերացնո՞ւմ էիք ԱԺ-ում»։
Կարդացեք նաև
Կամ՝ «Դուք քիչ առաջ հանդես եկաք ՀՅԴ անունից, որ կատարել եք ՀՅԴ հանձնարարություններն ու որոշումները։ Քրգործում կան բազմաթիվ նյութեր, որոնք անխոսորեն վկայում են, որ այդ կուսակցությունից ձեզ հեռացրել են միայն ու միայն նրա համար, որ դուք գող եք՝ գույք, սարքավորումներ եք գողացել։ Դուք բարոյական իրավունք ունե՞ք այդ կուսակցության անունից խոսելու»։ Վերջին դեպքում կարծես հաջողվեց դուրս հանել ամբաստանյալին հավասարակշռությունից (դա էլ է տակտիկա- Ռ. Մ.) եւ նա գրեթե բղավելով ասաց. «Ես դա կդիտեմ որպես զրպարտություն։ Թող մեղադրողը որեւէ փաստ ցույց տա գողության։ Մանավանդ նշեց բազմաթիվ փաստեր կան, որոնք անխոսորեն վկայում են, այն է՝ չեն խոսում»։
Մեղադրողը, երբ նշեց գործով վկա ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի ցուցմունք-աղբյուրը, հետեւեց. «Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի վկայությանը, գործից հայտնի է, որ 1991-92թթ. Գ. Մանուկյանն ինձ հետ թշնամական հարաբերությունների մեջ է գտնվում եւ մի քանի անգամ զրպարտել է ինձ, այդ թվում եւ Դաշնակցության 2-րդ շրջանային ժողովի ժամանակ (1992թ. հունվար), ցուցում ստանալով, որտեղ նա, ըստ էության, Դաշնակցության կենտրոնական կոմիտեի թայֆախմբակի գործիքն էր ծառայում»։
Չնայած Դաշնակցության հետ կապված որոշ հարցերի կապակցությամբ ամբաստանյալը հայտնեց, թե «առնչվել է բազմաթիվ գաղտնիքների հետ» եւ «ճիշտ չեմ գտնում դրանք բացել հիմա», սակայն, ներկայացրեց որոշ ներկուսակցական մանրամասներ, անգամ Արցախ գնալու վերաբերյալ. «Այդ ժամանակ կուսակցության մեջ հստակ կարգ կար, թե ովքեր պիտի գնան մարտադաշտ, ովքեր այլ աշխատանքով պիտի զբաղվեն, ես իմ գլխի տերը չեմ եղել՝ դաշնակցական լինելով»։
Կամ, նա նշեց մարտադաշտ ինքնակամ գնացողների մասին. «Շատերը, որ որոշել-գնացել են, կուսակցությունը ետ է վերադարձրել»։
Նա իր կախակայման պատմությունը կապեց այն հանգամանքով, որ դա արվել է, որպեսզի ինքը չընտրվի կենտրոնական կոմիտեի անդամ, եւ գողությունն էլ, իրեն վերագրվող, արել են «Անդրանիկ Հովհակիմյանն ու Գագիկ Սահակյանը, որոնք զբաղված էին իրենց հանձնված զինվորական հագուստը վաճառելով։ Զենք-զինամթերք էլ է եղել»։
Դատաքննության ժամանակ շոշափվեց Մարմնակրթական վարչությունից համակարգիչ գողանալու մասին։ Ամբաստանյալը պնդեց հակառակը. որ «համակարգիչը գողացել են վարչության գրասենյակից… գողացողներից են եղել Գեղամ Մանուկյանը, Բագրատ Եսայանը, Ավետիս Բերբերյանը»։ Այստեղ ամբաստանյալը, մոռանալով իր նախորդ դատաքննական ցուցմունքում ասվածը, որ համակարգիչը իրեն է տվել Վելիխան Պետրոսյանը (հանգուցյալ), երեկ ասաց, թե այն ստացել էր ԱՄՆ-ի Հայ ընդհանուր մարմնակրթական ընկերության արեւմտյան շրջանի վարչությունից՝ «իր» մասնաճյուղի անունով։ Նա նշեց, որ երկար ժամանակ եղել է Դաշնակցության շրջաբերական գրողը եւ որ, բացի Դաշնակցության բուն կանոնագրից, «եղել են այլ սովորույթի կանոններ՝ ներքին գործելակերպի»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի