Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին արագ արձագանքման համար շնորհակալություն հայտնելով, էներգե

Հունիս 23,2001 00:00

«Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց» Մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին արագ արձագանքման համար շնորհակալություն հայտնելով, էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը ներկայացրեց համակարգի ֆինանսական վիճակը։ Նախարարն էլ իր հերթին էր արագ արձագանքել ՀԱԷԿ-ի շահագործող անձնակազմի կողմից հանրապետության ղեկավարներին ուղղված բաց նամակին, որն, ըստ էության, առիթ է հանդիսացել էներգետիկայի համակարգի մի շարք ընկերությունների աշխատավարձի վճարման համար։ Կարեն Գալուստյանը տեղեկացրեց, որ արդեն երեկվա դրությամբ մեկական ամսվա աշխատավարձ վճարվել է «Հրազդան» ՊՇԷԿ-ի, «Սեւան-Հրազդան» կասկադի, ՀԱԷԿ-ի, Հյուսիսային էլցանցի եւ մասամբ՝ բարձրավոլտ ցանցի աշխատողներին։ Նախարարությունը պարտավորվել է մինչեւ հունիսի վերջը համակարգի գլխավոր ձեռնարկություններին վճարել 2 ամսվա աշխատավարձ։ Իսկ հուլիս-օգոստոս ամիսներին «կվերականգնենք հավասարակշռությունը», այսինքն՝ աշխատավարձը կվճարվի ամսեամիս։ Ըստ նախարար Գալուստյանի, «իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց բոլոր պրոբլեմները եւ ինչ-որ չափով շնորհակալ լինել՝ համբերության համար»։ Բայց նրանց «չե՞ն հետաքրքրում մնացած խնդիրները»։ Իսկ մնացած խնդիրներն, ըստ նախարարի, կապված են վարկերի վերակառուցման, դրանց մի մասի եւ պարտքերի մարման հետ։ Նրա մեկնաբանությամբ, այս ներքին լարվածությունը (աշխատավարձի չստացման պատճառով կտրուկ միջոցների դիմելու սպառնալիքները եւ այլն- Ա. Ու.) առաջացել էր հենց այդ խնդիրների պատճառով։ Համակարգի վիճակը նկարագրելով, նախարարն ասաց, որ էլեկտրական հոսանքի դիմաց վճարումները կազմում են 98-100% (մայիսի տվյալներով)՝ Երեւանում եւ 90%՝ ողջ հանրապետության տարածքում։ Լուրջ խնդիր կա խմելու ջրի եւ քաղաքային տրանսպորտի համար օգտագործված հոսանքի դիմաց վճարումների գանձման հետ կապված։ 3-4 կետով իջել են գերկորուստները։ Էներգահամակարգն էլ իր հերթին աշխատում է պարտքեր չկուտակել գազի մատակարարման համար եւ այժմ, ըստ Կ. Գալուստյանի, գազի համար վճարումը կատարվում է ամսեամիս։ Ուստիեւ «բարձրացել է մեր վճարման իմիջը», ինչը կօգնի մեծացնել գազի ներհոսքի ծավալները։ Սա կարեւոր խնդիր էր, որովհետեւ, «սրա հետ էր կապված ոչ միայն էներգահամակարգի, այլ նաեւ՝ արդյունաբերության անխափան աշխատանքը»։ Նախարարը նկատեց, որ էներգահամակարգը վարկային լուրջ պարտքեր ունի տեղական եւ արտասահմանյան բանկերին։ «Դրանց վերադարձման ժամկետը համընկավ այս տարվա առաջին կիսամյակի հետ»։ Եթե վարկերը չվերադարձվեին, ապա, ըստ Կարեն Գալուստյանի, դա կազդեր նոր վարկերի ներգրավման վրա, ընդ որում՝ կապված նաեւ այլ ոլորտների հետ։ Ուստի, վարկերի մի մասը վերակառուցվել է, մի մասը՝ վերադարձվել. «առաջին անգամ 15 մլն դոլարից ավել վերադարձվել է, 10 մլն-ից ավել՝ վերակառուցվել»։ Ամբողջացնելով՝ ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում վարկ չի վերցվել, այլ միայն մարվել է։ Մի խոսքով, ընդունելով, որ էներգահամակարգում ներքին լարվածություն էր առաջացել, նախարար Կարեն Գալուստյանը հընթացս ներկայացրեց ձեռքբերումները եւ պարզաբանեց, որ եթե նշված խնդիրները չլուծվեին, ապա էներգետիկ համակարգի հաշիվների վրա կալանք կդրվեր եւ ոչ միայն աշխատավարձը հնարավոր չէր լինի վճարել, այլեւ կատարել մի շարք վճարումներ, ինչի պատճառով կխափանվեր ողջ համակարգի աշխատանքը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. ՀԱԷԿ-ի փոխտնօրենից հավաստիացանք, որ մեկ ամսվա աշխատավարձ, իրոք, ստացել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել