ՕՐԵՆՔԻ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ՄԻՋԵՎ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի շուրջ բարձրացված աղմուկը իր տրամաբանական շարունակության մեջ է. հունիսի 25-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի հարցերից մեկը 2001-2003թթ. սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում փոփոխություններ կատարելու մասին է։ Կառավարությունը, ի թիվս այլ օբյեկտների, ԱԺ հաստատմանն է ներկայացնելու նաեւ վերոնշյալ ինստիտուտը եւ, մեր տվյալներով, նաեւ Վ. Մալայանի անվան հանրապետական ակնաբուժական կենտրոնը եւ հանրապետական հիվանդանոցը։ Ինստիտուտի տնօրինությունը, կոլեկտիվը երկար ժամանակ փորձում էին ՀՀ կառավարությանը հասու դարձնել այն, որ սեփականաշնորհման ենթակա չեն հիմնարար (ֆունդամենտալ) գիտությամբ զբաղվող հիմնարկները։ Ապարդյո՛ւն, քանի որ ինստիտուտը կառավարության շնորհիվ է հայտնվել ցանկում։ Ինչպես օրեր առաջ մեզ հայտնեց ինստիտուտի տնօրեն Յուրի Թունյանը, իրենք (կոլեկտիվը) առաջնորդվում են օրենքով, կառավարությունը՝ իր իսկ որոշմամբ։ Իսկ դրանք, ինչպես տեսնում ենք, գոնե այս դեպքում, հակասում են իրար։ ԱԺ քննարկմանը ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածը մատնացույց է անում «տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցով մասնավորեցում չի նախատեսվում»։ Հենց այստեղ ենք կարդում, որ, ի թիվս այլ հիմնարկների, այդ ցանկից դուրս են հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները, նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները։ Սրանից ենթադրում ենք, որ կառավարության ախորժակին հագուրդ տալուց առաջ Ազգային ժողովն առնվազն կբարեհաճի ուսումնասիրել Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի գործունեության բնույթը եւ միայն վերոնշյալ կետերի բացառման դեպքում «մեջմեջ» կանի ինստիտուտը։ Ինստիտուտի տնօրեն Յու. Թունյանից տեղեկացանք, որ հանրապետության բուժական ռեսուրսների (իսկ բուժականները, կարծում ենք, նույնիսկ ԱԺ-ն չի կարող բնական ռեսուրսներ չհամարել) վերահսկողության ֆունկցիան ինստիտուտն ունի դեռեւս խորհրդային ժամանակներից։ «Այդ իրավունքը մեզանից դեռեւս ոչ ոք չի վերցրել»,- ասաց պրն Թունյանը։ Ինստիտուտի՝ հիմնարար գիտությամբ զբաղվելու մասին վկայում են ԳԱԱ բժշկակենսաբանական բաժնի 19 ակադեմիկոսների համապատասխան գրությունը եւ կրթության եւ գիտության նախարարության բժշկական գիտությունների մասնագիտական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանի ստորագրությամբ փաստաթուղթն այն մասին, որ վերոնշյալ ինստիտուտը 2001թ. ունի ֆինանսավորվող 6 գիտական թեմա։ ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը կարծիք էր հայտնել, թե ինստիտուտին անհրաժեշտ են խոշոր ներդրումներ, որոնք ոչ պետությունն ունի, ոչ կոլեկտիվը։ Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ ինստիտուտի գլխավոր բժիշկ Հայկ Առաքելյանն ասաց. «Ինստիտուտում խոշոր ներդրումներ պատրաստվում ենք անել մենք»։ Պրն Առաքելյանը նկատի ուներ գիտական ծրագրերի տեսքով ներդրումները, որոնք դրամաշնորհներ կարող են ստանալ։ Դրանց մի մասն արդեն ներդրվել եւ գործում է ինստիտուտում, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ինստիտուտի բազայի վրա բացված Ցավագիտության ռեգիոնալ կենտրոնի համապատասխան ամբիոնը։ Ճապոնիայի հետ 1 մլն դոլարի դրամաշնորհի համաձայնություն է ձեռք բերվել, որը կտրվի սարքավորումների տեսքով։ Ծրագրեր կան՝ զարգացնելու դեղաբույսերի եւ լազերի համատեղ օգտագործումը բժշկության մեջ, ինչն այժմ Ճապոնիայում մեծ տարածում ունի։ Պրն Առաքելյանը բավական երկար եւ մանրամասն ներկայացրեց Ֆրանսիայի, Կանադայի, Հնդկաստանի բազմաթիվ բժշկական հիմնարկների հետ համատեղ տարվող եւ տարվելիք գիտական ծրագրերի մասին՝ փորձելով ապացուցել ինստիտուտի՝ հիմնարար գիտությամբ զբաղվելու փաստը։ Այս ամենի հիման վրա գլխավոր բժիշկը պնդում է, որ ոչ միայն իրենց կարող են պահել, այլեւ ժամանակի ընթացքում վճարովի ծառայությունների հաշվին բուժել կարիքավոր հիվանդներին։ «Մենք ոչինչ չենք ուզում ոչ մեկից, ոչ մի կառավարական ինստանցիայից։ Մենք ուզում ենք գումար բերել երկրին, գումար՝ հիմնականում սարքավորումների, գործիքների տեսքով, բայց դա հետագայում վերածվում է ինտելեկտուալ պոտենցիալի եւ ռեալ ֆինանս է բերելու»։ Պրն Առաքելյանը նաեւ մտավախություն հայտնեց, որ ինստիտուտի սեփականաշնորհմամբ կվերանա այն միակ օղակը, որը կլինիկական մեծ բազա ունի՝ վերահսկելու բուժական ռեսուրսները (ասենք, հանքային ջրեր, որոնց քիմիական բաղադրությունը 2-3 օրը մեկ կարող է փոխվել)։ «Եթե մեր պաշտոնյաները նշում են, որ ինստիտուտը լուրջ ներդրումների կարիք ունի, ուրեմն նրանք միգուցե տեղյակ են, որ այդ «լուրջ ներդրողը» կա։ Իսկ «լուրջ ներդրողը» չեմ կարծում այնքան հիմար լինի, որ Հայաստանում բժշկության մեջ լուրջ ներդրումներ կատարի»։ Այլ կերպ ասած՝ ինստիտուտում երաշխիք չունեն, որ ապագա գնորդը չի փոխի հիմնարկի պրոֆիլը. կապիտալ վերանորոգման եւ շենքը միջազգային ստանդարտների բերելու համար կպահանջվեն ահռելի գումարներ։ «Բժշկությամբ վառվող» մարդը հանգիստ կարող է շատ ավելի էժան նոր շենք կառուցել։ Ֆունկցիոնալ ախտորոշման բաժնի վարիչ Գոհար Էլբակյանն էլ հայտնեց, որ ինստիտուտին «կոմերցիոն բնույթ» վերագրողները գուցե նկատի են ունեցել այնտեղ մատուցվող վճարովի ծառայությունները, որոնց իրավունքն ունեն բոլոր բուժհիմնարկները։ Իսկ պետպատվերի կատարման դիմաց իրենց չստացած գումարները այս բուժհիմնարկը փորձում է փոխհատուցել այդ պատվերի մոդելն օգտագործելով եւ համագործակցելով Իտալիայի դեսպանատան, Երկրապահ կամավորականների միության հետ։ Այսինքն, անել այն, ինչը զլանում է պետությունը։ Իրենց մտահոգությունները կոլեկտիվի ակտիվը հայտնել է նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, որոնցից մասնավորապես Գալուստ Սահակյանը հավաստիացրել է, որ սեփականաշնորհման դեպքում գնորդին պայմանագրով կպարտավորեցնեն չփոխել պրոֆիլը, նպաստել գիտության զարգացմանը եւ այլն։ Մեզ թույլ տանք եզրակացնելու, որ արդեն այս գլխից որոշված է ինստիտուտը սեփականաշնորհել։ Ըստ մեր տեղեկությունների, օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մեկ-երկու պատգամավորներ պատրաստվում են հանդես գալ ինստիտուտը ցանկից հանելու առաջարկությամբ եւ այդպես միայն երկրորդ ընթերցմամբ օրենքն ընդունել։ Թե որքանով հետեւողական եւ ոչ ձեւական կլինեն այդ ջանքերը՝ դեռ ժամանակ կա դրանում համոզվելու։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ