Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե այս էտապում սա է ձեռնարկության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Պ. Յորղուլասի հիմնական ցանկություն

Հունիս 23,2001 00:00

«Փորձենք հասկանալ «ԱրմենՏելին» Գոնե այս էտապում սա է ձեռնարկության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Պ. Յորղուլասի հիմնական ցանկությունը։ Ճիշտ է, մեր հասարակությունն էլ ընկալվելու մեծ պահանջ ունի, օրինակ, այն, թե ինչո՞վ ենք մեղավոր, որ 1997թ. առքուվաճառքի պայմանագիրը մեզանից թաքցնելով (կամ գոնե հայերեն չթարգմանելով), վարչապետ Ռ. Քոչարյանը OTE-ին մոնոպոլիստ դարձրեց՝ բոլորիս զրկելով մրցակցության արդյունքում ընտրություն կատարելու հնարավորությունից։ Բայց դա OTE-ի խնդիրը չէ, եւ իրավացի է պրն Յորղուլասը, երբ նշում է, թե իրենք դրա համար 500 մլն դոլար են վճարել եւ, ընդհանրապես՝ «Մեզ քարկոծեք, բայց նաեւ լսեք մեզ»։ Հենց այդ լսելու արդյունքում էլ պարզ է դառնում, որ «ԱրմենՏելը» շարժվել է օրենքին համապատասխան, 27 մլն դոլարով ավելի ներդրումներ է կատարել եւ չի հասկանում, թե ի՞նչ են ուզում իրենից ներդրումների իսկությունը ճշտող միջգերատեսչական եւ խորհրդարանական հանձնաժողովները։ «Իմ կարծիքով, մեզ աղմուկով ստուգելը նորմալ ձեւ չէ եւ, կարծում եմ, պատճառ կա սրա համար։ Իմ հետաքրքրությունն է՝ իմանալ այդ պատճառը եւ, երբ հանձնաժողովները վերջապես մոտենան դրան, կիմանանք պատճառը»,- նշում է պրն Յորղուլասը։ Ամենացավոտ խնդրի՝ րոպեավճարի առումով, եւս ամեն ինչ պարզ է. այն պիտի կիրարկվեր դեռ 1999թ. հունվարի 1-ից, ինչը «ԱրմենՏելը» կառավարության խնդրանքով չի արել, բայց կկիրարկվի 2001-ի սեպտեմբերի 1-ից, սկզբնական 1 դրամը 8 ամիսների ընթացքում հասցնելով 8 դրամի։ Յորղուլասի կարծիքով, «կապը սոցիալական ապրանք է եւ լավ ապրանք ունենալու համար հասարակությունը պիտի մասնակցի իր վճարներով։ Այլապես, եթե բոլոր ներդրումները կատարենք, նոր րոպեավճար կիրարկենք, կսկսենք 60 դրամից, ինչն արդարացի չի լինի հայ ժողովրդի նկատմամբ»։ Ակնհայտ է, որ հասարակությունը 1 դրամին էլ պատրաստ չէ, առավել եւս պատրաստ չէ դեռ ինտերնետ կապից չօգտված՝ միանգամից զրկվել դրանից՝ ետ շպրտվելով քարե դար։ Սակայն պրն Յորղուլասը փաստում է, թե ինտերնետային կապից օգտվողների համար սակագինը այլ կլինի։ Բացի այդ, իրենք բացելու են կենտրոններ, անգամ սրճարաններ կլինեն, որտեղ էժան գներով հնարավոր կլինի օգտվել ինտերնետից։ Այն հարցի պատասխանը, թե ե՞րբ վերջապես կթվայնացվեն բոլոր հեռախոսները, ե՞րբ կապը լավորակ կդառնա, ե՞րբ բջջային հեռախոսի վարձը մուծելու համար ժամերով հերթ չենք կանգնի, տալիս է պրն Յորղուլասը. «Ես ունեմ ընդամենը 6 հույն աշխատող եւ 74000 հայ աշխատակից, որոնք, անշուշտ, դեռ մեծ չափով խորհրդային ձեւով են մտածում։ Տխուր եմ այն փաստից, որ 5 ամսում պիտի անենք այն, ինչ 3 տարում չի արվել՝ սպասարկումը եւ որակը լավացնելու համար։ Անկեղծորեն, նոր փիլիսոփայություն եմ հետս բերել. «ԱրմենՏելը» ինքը պիտի գնա բաժանորդի մոտ եւ, եթե նա դժգոհ է, մեղավորը պիտի ազատվի աշխատանքից։ Պրոբլեմ չկա, շատ շուտով ամեն ինչ կլինի»։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ ավելացել են հեռախոսագծերի գողությունները, պրն Յորղուլասը թեեւ չհաստատեց, բայց կասկած հայտնեց, որ դա անում են «մասնագետ մարդիկ» (աշխատակիցները)՝ «ԱրմենՏելից» դժգոհությունն ավելացնելու համար, եւ շեշտեց, թե ինքը Հայաստանում է, որովհետեւ սիրում է այս երկիրն ու հայերին։ «Դա հունական իմպերիալիզմին դաս տալու ձեւ չէ»,- նկատեց նա։ ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել