ՀԱՀ-Ի ՍՏԵՂԾՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է ստեղծեն միասնական անվտանգության համակարգ Ցանկացած պետության առջեւ մշտապես կանգնած է իր անվտանգության ապահովման հիմնախնդիրը: Նորանկախ պետությունների գոյության սկզբնական շրջանում անվտանգության հարցերն ավելի քան գերակա են դառնում: Վերջին 300 տարվա ընթացքում պետականությունից զրկված հայերիս աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդները անվտանգության հիմնախնդիրը փորձել են լուծել եվրոպական եւ ռուսական կողմնորոշումների լաբիրինթոսում եւ, ի վերջո, իշխող են դարձել ռուսական թագի օգնությամբ անվտանգություն ձեռք բերելու հույսերը: 19-րդ դարի սկզբին իրականացավ այդ երազանքը՝ ռուսները Արեւելյան Հայաստանը նվաճեցին պարսիկներից եւ միացրին իրենց կայսրությանը:Դրանից հետո Հայաստանը բաժանվեց «Թուրքահայաստանի» ու «Ռուսահայաստանի», եւ դրանով մեր ազգի դժբախտությունը դարձավ ճակատագրական: Իսկ հայ առաջնորդները ճիշտ չգնահատեցին այն իրողությունը, որ պետականությունից զուրկ եւ անպաշտպան հայ ժողովուրդը ընկել է միմյանց թշնամական երկու կայսրությունների՝ Սցիլլայի եւ Քարիբդայի միջեւ: Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերով բնակեցված տարածքները հայտնվեցին ռազմաքաղաքական անվտանգության հակադիր համակարգերի՝ Եռյակ միության եւ Անտանտի բախման հարավային ճակատում: Արեւմտահայության եւ Արեւմտահայաստանի անդառնալի կորուստը աշխարհաքաղաքական այդ կոլիզիայի հետեւանք էր: Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման պատճառը կրկին նույնն էր. քաղաքական պատասխանատուները երկիրը մտցրին Խորհրդային Ռուսաստանին հակադիր անտանտյան անվտանգության համակարգի մեջ: Այն բանից հետո, երբ արեւմտյան տերությունները հրաժարվեցին կովկասյան տարածաշրջանը իրենց ազդեցության գոտում պահպանելու ծրագրերից, Հայաստանի ու նրա երկու հարեւանների ճակատագիրը կանխորոշված էր՝ նրանք կլանվեցին հզորացող խորհրդային կայսրության կողմից: Ի հավելումն պետականության կորստի, Հայաստանն իր ղեկավարների անհեռատես քաղաքականության պատճառով ունեցավ նաեւ մարդկային եւ տարածքային անդառնալի կորուստներ: 70 տարիների ընթացքում Հայկական ԽՍՀ-ն եթե խորհրդանշական սուվերենություն ուներ տնտեսական, սոցիալական ու մշակության կյանքում, ապա արտաքին քաղաքականության ոլորտում նրա ինքնուրույնությունը զրոյական էր: Խորհրդային անվտանգության համակարգը գաղափարականացված հասարակարգի կանոններով մեկընդմիշտ որոշված էր որպես «հակաիմպերիալիստական»: Փոքրիկ Հայաստանն իր համեստ տեղն էր զբաղեցնում երկփեղկված աշխարհի սոցիալիստական բեւեռում: Եվ, ինչպես բանաստեղծուհին էր գրում՝ Անկարա-Երեւան ճանապարհն անցնում էր Մոսկվայով: 1991-ին անկախության նվաճումից եւ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուց հետո Հայաստանի առջեւ կանգնեց անվտանգության նոր համակարգ ընտրելու հրամայականը, որը կենաց-մահու խնդիր էր դարձել բորբոքվող ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հանրապետության հիմնադիրները հավասարակշռված քայլերի շնորհիվ կարողացան միջազգային բարդ իրադրության մեջ շահեկան ելք գտնել Հայաստանի համար: Հռչակվեց հարեւան բոլոր պետությունների հետ բարիդրացիության, միջազգային կազմակերպություններում ինտեգրման եւ Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների պահպանման արտաքին քաղաքական ուղեգիծ: Իրավահավասար միջպետական հարաբերություններ հաստատվեցին առաջատար պետությունների հետ, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊ-ի, ՍՏՀԽ-ի լիիրավ անդամ, հատուկ հրավիրյալի կարգավիճակ ստացավ Եվրոպայի խորհրդում, համագործակցության պայմանագիր ստորագրեց ՆԱՏՕ-ի հետ: Իրատեսական արտաքին քաղաքականությունը զուգորդվեց երկրի ներքին կյանքում ժողովրդավարական, ազատական բարեփոխումների հետեւողական իրականացմամբ: Այդ ամենի շնորհիվ Հայաստանը ապահովեց իր անվտանգության բոլոր երեք բնութագրիչները՝ ռազմաքաղաքական, մարդկային եւ տնտեսական: Ճիշտ ընտրված ճանապարհը վճռեց ղարաբաղյան պատերազմի ելքը՝ սեփական ուժերի գերկենտրոնացման գնով ու Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությամբ հաղթանակով պսակվեց պարտադրված պատերազմը: Դեռեւս վաղ է խոսել հարավկովկասյան անվտանգության համակարգի (ՀԱՀ) մասին, սակայն, մեր կարծիքով, կարելի է ուրվագծել ՀԱՀ-ի ստեղծման համար պարտադիր աշխարհաքաղաքական պայմանները: Կարծում ենք՝ անգամ ողջախոհության մակարդակում ակնհայտ է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է անհրաժեշտաբար գտնվեն անվտանգության մեկ միասնական համակարգում. հակառակ դեպքում ինքնաբերաբար կստեղծվեն բաժանարար գծեր: Կասկածից վեր է, որ Հարավային Կովկասի պետությունները Եվրոպայի անքակտելի մասն են, հետեւաբար հարավկովկասյան անվտանգության համակարգը պետք է ձեւավորվի որպես եվրոպական անվտանգության բաղկացուցիչ մաս եւ համապատասխանի եվրոպական անվտանգության չափանիշներին: Այդ մասին պարզորոշ արձանագրված է ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում (նոյեմբեր, 1999) ընդունված «Եվրոպական անվտանգության խարտիայում», որը ստացել է «21-րդ դարի սահմանադրություն ԵԱՀԿ-ի համար» անվանումը: Իր հիմնական գործառնությունների արդյունավետ իրականացման եւ կայունության տեսանկյունից ՀԱՀ-ը պետք է բավարարի թափանցիկության, փոխլրացման եւ համազորության պահանջներին: Ընդ որում, թվարկված սկզբունքները պետք է գործեն եւ՛ անվտանգության այլ համակարգերի հետ փոխհարաբերություններում (արտաքին ասպեկտ), եւ՛ համակարգը կազմող տարրերի միջեւ հարաբերություններում (ներքին ասպեկտ): Թափանցիկության շնորհիվ համակարգը մի կողմից ընկալելի կլինի արտաքին աշխարհի համար, մյուս կողմից՝ կապահովվի համակարգի մեջ մտնող պետությունների միջեւ վստահությունը: Ապագա համակարգը պետք է փոխլրացման սկզբունքով հարաբերակցվի այս կամ ծավալով եւ ուղղությամբ անվտանգության գործառույթ իրականացնող այլ համակարգերի հետ, օրինակ՝ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊ-ի, ՎՈՒՈՒԱՄ-ի: Ի տարբերություն այս՝ արտաքին ասպեկտի, փոխլրացման ներքին ասպեկտը ենթադրում է, որ պետք է ապահովվի նրա ռազմաքաղաքական, մարդկային եւ տնտեսական բաղադրիչների համաժամանակյա եւ ներդաշնակ գործողությունը: Համազորությունը նշանակում է հրաժարում անվտանգության այլ համակարգերի համեմատ հիերարխիկություն սահմանելու գայթակղությունից: Այս պայմանի հարգումը արտաքին ասպեկտում զերծ կպահի ՀԱՀ-ին անառողջ մրցակցությունից ու հակամարտությունից, քանի որ անվտանգության այլ համակարգերը չեն ստորակարգվում ըստ կարեւորության կամ գլխադասության: Ներքին ասպեկտում համազորության սկզբունքի կիրառման նպատակն է ոչ միայն սրբորեն հետեւել ռազմաքաղաքական, մարդկային ու տնտեսական բաղադրիչների համաչափ գործադրմանը, այլեւ մասնակից պետությունների հավասար իրավազորությանն ու պատասխանատվությանը: Իրողություն է, որ ներկայումս հարավկովկասյան անվտանգության միասնական համակարգի ստեղծումը դարձել է ժամանակի հրամայականը, սակայն դեռեւս կան ներքին եւ արտաքին բնույթի բազմաթիվ խոչընդոտներ: Դրանք ունեն պատմական, քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ այլ բնույթի խորքային պատճառներ: Հետեւաբար, ՀԱՀ-ի ստեղծմամբ շահագրգիռ ուժերը պետք է ընթանան այդ խոչընդոտների հետեւողական վերացման ճանապարհով: Արտածին խոչընդոտներից գլխավորը, թերեւս, այն է, որ ժամանակային առումով չեն համընկնում Հարավային Կովկասը իրենց շահերի ոլորտ հռչակած Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը: Բանն այն է, որ ԱՄՆ-ը ավելի հաստատակամ է տարածաշրջանում խաղի միասնական կանոններ հաստատելու առումով, մինչդեռ Ռուսաստանը կաշկանդված լինելով տնտեսական հիմնախնդիրներով, չեչենական պատերազմով, փորձում է ձգձգել ժամանակը՝ հույս ունենալով, որ այդ ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերակցությունը կհավասարակշռվի: Ոչ պակաս կարեւոր է նաեւ նախկին խորհրդային տարածքում խորացող դեզինտեգրացիան: ԱՊՀ-ն չի կարողանում դուրս գալ չիրագործվող որոշումների ու չկատարվող պայմանավորվածությունների կախարդական շրջանից, եւ որոնում է այլ զուգորդություններով անվտանգության նոր համակարգ ձեւավորելու ուղիներ: ԱՊՀ վերջին գագաթնաժողովում (մայիս, 2001, Մինսկ) հիմնվեց Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ԵվրԱսՏՀ), որը միավորել է միայն ԱՊՀ անդամ 5 պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: Հատկանշական է, որ այս նոր միության անդամներ են Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից բոլոր պետությունները, բացառությամբ Հայաստանի: Դա նշանակում է, որ ստեղծվել է անվտանգության նոր համակարգ, որը փորձելու է հակակշռել մինչ այդ ստեղծված ՎՈՒՈՒԱՄ-ին (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա): Սրանք ԱՊՀ ընդերքում ընթացող դանդաղ տրոհման արտահայտություններն են: Փաստ է, որ Հարավային Կովկասի պետությունները տեղավորվում են անվտանգության տարբեր համակարգերում, իսկ ԵվրԱսՏՀ-ի ստեղծումից հետո Հայաստանը հայտնվում է որեւէ համակարգից դուրս վիճակում: Առկա են նաեւ ներպետական բնույթի բազում խոչընդոտներ, քանի որ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում մշտապես ոտնահարվում են մարդու իրավունքները եւ ազատությունները, անօրինական եւ ոչ ազատ ընտրությունների հետեւանքով ասպարեզ են գալիս կասկածելի լեգիտիմություն ունեցող իշխանություններ, հակասական ընթացք ունեն ժողովրդավարական, ազատական բարեփոխումները, չեն ձեւավորվում քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Այս ամենը սպառնալիքի տակ է դնում իշխանության ժառանգականությունը եւ ցանկացած իշխանափոխություն կատարվում է ներքաղաքական ցնցումների ճանապարհով ու հանգեցնում արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ փոփոխության: Սա հատկապես անհամատեղելի է անվտանգության համակարգի մարդկային բաղադրիչների հաստատման տեսանկյունից: Դարերի ընթացքում ինքնուրույն պետականության բացակայությունը, տիրապետողների կողմից հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների միջեւ հակասությունների հրահրումը մեր ժողովուրդների եւ նրանց քաղաքական վերնախավի մեծ մասի մեջ արմատավորել են «թշնամի հարեւանի» կոմպլեքսը: Քչերն են գիտակցում այդ անհեռանկար հակադրությունը տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում առողջ մրցակցության դաշտ փոխադրելու, «կովկասյան ընտանիքի» ամրապնդման պատմական անհրաժեշտությունը: Անվտանգության միասնական համակարգի ստեղծումը Հարավային Կովկասի պետություններին հարկավոր է սուվերենության ամրապնդման եւ իրենց ժողովուրդների ապահով ու բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար: Որքան ուշ դա հասկանան նրանց քաղաքական պատասխանատուներն ու հասարակությունները, այնքան կնվազեն անվտանգության ու զարգացման շանսերը: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ