Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյան պիտի դողա իր տեղի համար»

Հունիս 23,2001 00:00

«Պաշտոնյան պիտի դողա իր տեղի համար» Զարմանալի բաներ են կատարվում էս երկրում։ Միեւնույն տեղից, միեւնույն թեմայով հանդիպման մասնակիցները վերադառնալով տարբեր կարծիք են հայտնում իրենց լսածի մասին։ Իրավագետ Վլ. Նազարյանը չի թաքցնում, որ Վենետիկի հանձնաժողովն առանձնապես դրական կարծիք չի հայտնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Իսկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պնդում է, թե պարզապես հարկավոր է նստել եւ կարդալ այդ կարծիքը։ Այնուամենայնիվ, ցանկացած օրենքի նախագիծ միշտ էլ առաջարկություններով եւ փոփոխություններով համալրվում է, շտկվում։ Ի՞նչ է պատահել. թող նույնը կատարվի նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի հետ։ Պրն Թորոսյանի կարծիքով. «Հենց այդպես էլ արվել է։ Ես խնդրել էի, որ տրամադրեն Եվրոպայի խորհրդից ստացված եզրակացությունները, ակնհայտ դարձավ, որ լուրջ աշխատանքի տեղ կա, ստեղծվեց աշխատանքային խումբ, մոտ երեք ամիս խումբը մանրակրկիտ աշխատանք կատարեց, նախագիծն առնվազն 60 տոկոսով լրամշակվել է, փոխվել է։ Սկզբունքային մի շարք փոփոխություններ մտցվել են։ Մեկ-երկու հարց կա, որոնք պատգամավորներին ներկայացվելու են այլընտրանքի ձեւով. ինչպիսին լինի պատգամավորների ընտրությունը, այդպես էլ կլինի նախագծում»։ Վերջերս Տիգրան Թորոսյանը պայմանավորվել է ԱԳՕ-ի խմբի հետ (որը հետեւում է Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ կապված Հայաստանի պարտավորությունների փաթեթի կատարմանը), որպեսզի երկրորդ ընթերցմամբ ներկայացվելիք օրենքի նախագիծը ուղարկվի երկրորդ փորձաքննության։ ԱԺ-ի փոխխոսնակը համոզված է, որ երկուշաբթի սկսվող արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը աջակցություն կստանա. «Մեկ տարօրինակ հիմնավորում են բերում նախագծի, այսպես ասած, հակառակորդները, թե իբր այս նախագիծը ստեղծվում է, որ հանրապետության նախագահը կարողանա բոլոր կադրային հարցերը լուծել։ Այսօրվա իրավիճակից լավ իրավիճակ, ցանկացած կադրային հարց լուծելու համար, գոյություն չի կարող ունենալ. մարդիկ դուրս են շպրտվում առանց որեւէ հիմնավորման եւ հայտնվում են տարբեր պաշտոնների մարդիկ, որոնք հեռավոր պատկերացում էլ չունեն այդ աշխատանքի մասին»։ Պրն Թորոսյանի կարծիքով. «Այստեղ կա մեկ գլխավոր խնդիր, որը բոլորս պետք է լուծենք. նախ՝ պետք է ապահովել, որ պետական պաշտոնյան, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայողն, ունենա ապահովություն, որ իրեն հենց այնպես աշխատանքից չեն հեռացնի։ Երկրորդ՝ պետք է լինի մեխանիզմ, որը թույլ կտա, որ ցանկացած թափուր պաշտոն զբաղեցնեն իսկապես արժանի մարդիկ։ Եվ երրորդ՝ պաշտոնյան պետք է ստանա այնպիսի աշխատավարձ, որը թույլ կտա, որ ինքը եւ ընտանիքն արժանապատիվ ապրեն։ Պիտի լինի այնպիսի կարգապահություն, որ նա դողա իր տեղի համար»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել