Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծը ներկայացված է ԱԺ-ին ԱԺԿ-ի կողմից 12.06.2001թ.

Հունիս 23,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նախագիծը ներկայացված է ԱԺ-ին ԱԺԿ-ի կողմից 12.06.2001թ. Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: ԳԼՈՒԽ 1. Սահմանադրական կարգի հիմքերը Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ 3. Իշխանության յուրացումը որեւէ կազմակ երպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Հոդված 3. 1. Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը եւ նրա անօտարելի հիմնական իրավունքները բարձրագույն արժեք են: 2. Մարդու հիմնական իրավունքների երաշխավորումը եւ պաշտպանությունը պետության հիմնական պարտականությունն է։ 3. Պետությունը պարտավոր է ստեղծել մարդու հիմնական իրավունքների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։ Հոդված 4. Խորհրդարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեները անցկացվում են ազատ, ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Հոդված 5. 1. Պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման սկզբունքի հիման վրա։ 2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Հոդված 6. 1. Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է քաղաքական բազմակարծության եւ բազմակուսակցության հիման վրա։ 2. Որեւէ գաղափարախոսություն չի կարող պետական կամ պարտադիր ճանաչվել։ 3. Կուսակցությունները կազմավորվում եւ գործում են ազատորեն։ Նրանք նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը։ 4. Կուսակցությունների համար երաշխավորվում են ազատ մրցակցության համար հավասար պայմաններ։ 5. Կուսակցությունների նպատակները եւ գործունեությունը չեն կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ կառուցվածքն ու գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին։ 6. Կուսակցությունները պարտավոր են հրապարակել տարեկան հաշվետվություն իրենց միջոցների աղբյուրների եւ ծախսերի մասին։ Հոդված 7. 1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը։ 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն, եթե Սահմանադրությամբ այլ բան չի նախատեսված։ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն։ 3. Օրենքները ուժի մեջ են մտնում միայն պաշտոնական հրապարակումից հետո։ Նույնը վերաբերում է այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին, որոնք շոշափում են մարդու իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները: 4. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա պայմանագիրը կարող է վավերացվել միայն այն դեպքում, երբ օրենքներում կատարվում են համապատասխան փոփոխություններ։ 5. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո։ Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հենվում է տնտեսական գործունեության ազատության, մասնավոր սեփականության, ինչպես նաեւ գործատուների եւ գործատերերի երկխոսության եւ համերաշխության վրա։ Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը: Հոդված 10. 1. Հայաստանի Հանրապետությունը վարում է սփյուռքի հետ կապերի համակողմանի ամրապնդման քաղաքականություն, որի հիմնական նպատակը հայապահպանությունն է։ 2. Հայազգի յուրաքանչյուր ոք հայրենադարձվելու պահից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ 3. Հայաստանի Հանրապետությունն աջակցում է արտերկրի հայության կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը, նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը։ ԳԼՈՒԽ 2. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, խորհրդանիշները եւ մայրաքաղաքը Հոդված 11. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Հոդված 12. 1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով։ 2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն։ 3. Հայաստանի Հանրապետության օրհներգը “Մեր Հայրենիքն” է։ Հոդված 13. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է։ ԳԼՈՒԽ 3. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները Հոդված 14. 1. Մարդու արժանապատվությունն անխախտելի է։ Պետությունը պարտավոր է հարգել եւ պաշտպանել այն։ 2. Մարդու արժանապատվության անխախտելիությունը մարդու իրավունքների եւ ազատությունների աղբյուրն է։ Հոդված 15. 1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ 2. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Հոդված 16. 1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք։ 2. Ոչ ոք իր կամքին հակառակ եւ առանց իր գրավոր համաձայնության չի կարող ենթարկվել գիտական, այդ թվում բժշկական, փորձերի։ Հոդված 17. 1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Մարմնական պատիժների կիրառումն արգելվում է: Հոդված 18. 1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ 2. Անձի ազատության սահմանափակումը կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով: 3. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների մասին: Կարճատեւ ժամկետում ձերբակալվածը իր ձերբակալման պատճառների մասին տեղեկացվում է նաեւ գրավոր: Ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից նշված անձը: Յուրաքանչյուր ոք ձերբակալման պահից պաշտպան ունենալու իրավունք ունի: Առանց իր պաշտպանի մասնակցության՝ ձերբակալվածը պարտավոր չէ որեւէ ցուցմունք տալ: 4. Ձերբակալումից հետո առնվազն 24 ժամվա ընթացքում դատարանը որոշում է ձերբակալման օրինականության մասին: Ձերբակալվածն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը: Նախնական կալանքը թույլատրվում է միայն այնպիսի ժամկետով, որի համար կան օրինական հիմքեր: Նախնական կալանքի ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը: Եթե այդ ընթացքում մեղադրանք չի ներկայացվում, ապա կալանավորվածն ազատ է արձակվում: Հոդված 19. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքի, պատվի եւ բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։ 2. Պետությունը մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին կարող է միջամտել միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Հոդված 20. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձին վերաբերող տեղեկությունների պաշտպանության իրավունք: 2. Այդ տեղեկությունների հավաքումը, պահպանումը, օգտագործումը եւ տարածումը առանց մարդու համաձայնության արգելվում է, բացի օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության եւ հասարակական կարգի պաշտպանության համար։ Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումը դրանց հավաքմանը հակասող նպատակներով: 3. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծանոթանալ իրեն վերաբերող տեղեկությունների հետ, եթե դրանք պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք չեն: Հոդված 21. 1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։ 2. Արգելվում է մարդու կամքին հակառակ բնակարան մուտք գործելը, բնակարանը խուզարկելը առանց դատարանի որոշման՝ օրենքով նախատեսված դեպքերում: 3. Բնակարանում բնակվողներն իրավունք ունեն ներկա գտնվելու բնակարանի խուզարկության ժամանակ: Խուզարկությունը պետք է անցկացվի երկու ընթերակայի ներկայությամբ: 4. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրավասու մարմինները առանց դատարանի որոշման բնակարանում բնակվողների կամքին հակառակ կարող են բնակարան մուտք գործել եւ խուզարկություն կատարել, բացառիկ դեպքերում նաեւ առանց ընթերակաների, եթե դա անհրաժեշտ է հանցագործին բռնելու, ինչպես նաեւ այլ մարդկանց կամ նրանց գույքի պաշտպանության համար։ Նման դեպքերում դատարանը ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում պարտավոր է որոշել բնակարան մուտք գործելու կամ այն խուզարկելու հիմնավորվածության մասին: Հոդված 22. 1. Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունն անձեռնմխելի է։ 2. Սույն իրավունքի ժամանակավոր սահմանափակումներ թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության կամ ծանր հանցագործությունների բացահայտման համար։ Հոդված 23. 1. Ընտանիքը գտնվում է պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո։ 2. Երեխաների դաստիարակությունը հանդիսանում է ծնողների իրավունքը եւ պարտականությունը։ Երեխաների դաստիարակության իրավունքը ծնողներն իրականացնում են իրենց համոզմունքների համաձայն: Դաստիարակության ժամանակ պետք է հաշվի առնվեն երեխայի հասունության աստիճանը, ինչպես նաեւ նրա խղճի, դավանանքի եւ համոզմունքների ազատությունը: 3. Ծնողական իրավունքների սահմանափակումը կամ դրանցից զրկումը կարող են կատարվել միայն օրենքով՝ դատարանի որոշման հիման վրա: Հոդված 24. 1. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք։ Յուրաքանչյուր ոք, ով կորցրել է իր քաղաքացիությունը մինչեւ չափահաս դառնալը, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման իրավունք։ 2. Ծնունդով Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Որեւէ մեկը չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից իր համոզմունքների պատճառով: 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող արտաքսվել Հանրապետությունից կամ հանձնվել օտարերկրյա պետությանը։ 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, վերականգնման եւ դադարման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով: Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունը քաղաքական հետապնդման ենթարկված անձանց քաղաքական ապաստան է տրամադրում օրենքով սահմանված կարգով։ Հոդված 26. 1. Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ եւ նրան համապատասխանող օրենքներով։ 2. Մարդու իրավունքների եւ ազատությունների իրականացումը չպետք է խախտի այլ անձանց իրավունքներն ու ազատությունները։ Հոդված 27. 1. Յուրաքանչյուր ոք, ով Հանրապետության տարածքում գտնվում է օրինական կարգով, ունի ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք։ 2. Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետությունից դուրս գալու իրավունք։ 3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի Հանրապետություն վերադառնալու իրավունք։ 4. Սույն հոդվածում ամրագրված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է քրեական պատասխանատվության եւ պատժի իրականացման, պետական անվտանգության եւ հասարակական կարգի պաշտպանության, ինչպես նաեւ վտանգավոր համաճարակների կանխարգելման նպատակով: Հոդված 28. 1. Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։ 2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Երաշխավորվում է հասարակությունում առկա կարծիքների արտացոլումը հանրային զանգվածային լրատվության միջոցներում։ 3. Խոսքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Հոդված 29. 1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք։ 2. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական հանգստության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: 3. Հայաստանի Հանրապետությունում պետությունը եւ եկեղեցին միմյանցից անջատ են: Հոդված 30. 1. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ, այդ թվում աշխատանքային եւ տնտեսական պայմանների պահպանման եւ բարելավման նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք։ 2. Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ միավորման։ 3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով արգելվում են այն միավորումները, որոնց նպատակները եւ գործունեությունը հակասում են Սահմանադրությանը: Հոդված 31. 1. Քաղաքացիները ունեն խաղաղ եւ առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք, որոնց մասին ժամանակին տեղեկացվում են իրավասու մարմինները: 2. Սույն իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանության համար՝ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Հոդված 32. Բոլորը հավասար են օրենքի առջեւ: Հոդված 33. Արգելվում է որեւէ խտրականություն՝ կախված սեռից, ռասայից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային պատկանելությունից, ծնունդից, տարիքից, գույքային կամ այլ հանգամանքներից: Հոդված 34. Տղամարդիկ եւ կանայք իրավահավասար են: Հոդված 35. Ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիները ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման եւ զարգացման իրավունք: Հոդված 36. 1. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիները ունեն ընտրելու, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք։ 2. Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները։ Նրանք իրավունք չունեն նաեւ մասնակցելու քաղաքացիական նախաձեռնություններին եւ հանրաքվեներին։ Հոդված 37. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք։ 2. Պետական ծառայությունում գտնվող անձանց, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ներքին գործերի մարմիններում եւ դատախազությունում աշխատողների եւ ծառայողների նկատմամբ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքը կարող է սահմանափակվել։ Հոդված 38. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ըստ իր ունակությունների եւ մասնագիտական պատրաստվածության պետական ծառայության անցնելու հավասար իրավունք ունի։ Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ պետական ծառայողները պետական ծառայության են անցնում մրցութային հիմունքներով։ Էջ 8, 9, 10, 11 Ռ Ռ էջ 7 2. Պետական ծառայողները ծառայում են ամբողջ ժողովրդին։ Նրանք պարտավոր են իրենց պարտականությունները կատարել անաչառ եւ քաղաքականապես չեզոք կերպով՝ ելնելով բացառապես մասնագիտական նկատառումներից։ Հոդված 39. 1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք իրեն առնչվող գործերը քննեն անկողմնակալ եւ արդարացի կերպով՝ պատշաճ ժամկետում: 2. Սույն իրավունքը մասնավորապես ներառում է մարդու իրավունքը՝ ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաեւ պարտադրում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, մինչեւ մարդու համար աննպաստ անհատական ակտն ընդունելը լսելու նրան եւ հիմնավորելու ընդունված ակտը: Հոդված 40. 1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց անձամբ կամ խմբերով դիմելու իրավունք։ 2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով եւ պատշաճ ժամկետում պարտավոր են փաստարկված պատասխան տալ այդ խնդրանքներին կամ գանգատներին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Հոդված 41. 1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների խախտման առնչությամբ դիմելու մարդու իրավունքների պաշտպանին։ 2. Մարդու իրավունքների պաշտպանը հետեւում է գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ 3. Իր լիազորություններն իրականացնելիս Մարդու իրավունքների պաշտպանը անկախ է եւ հաշվետու չէ որեւէ մեկին։ Մարդու իրավունքների պաշտպանը Խորհրդարանին ներկայացնում է տարեկան զեկույց իր գործունեության, ինչպես նաեւ մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին։ 4. Գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցություն ցուցաբերել Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորություններն իրականացնելիս։ Նրանք մասնավորապես պարտավոր են Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել քաղաքացիների խնդրանքների ու գանգատների քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկանքներ, ապահովել նրա ազատ մուտքը իրենց հաստատությունները։ 5. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են օրենքով։ Հոդված 42. 1. Սեփականությունը եւ ժառանգման իրավունքը երաշխավորվում է։ Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը։ 2. Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է հակասի հանրության շահերին։ 3. Սեփականության օտարումը կարող է կատարվել միայն հանրության շահերից ելնելով, բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ։ Հոդված 43. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։ 2. Հարկադիր աշխատանքն արգելվում է, բացի ազատազրկման ժամանակ՝ դատարանի որոշմամբ: Հոդված 44. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի ձեռնարկատիրական եւ օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեության իրավունք։ 2. Պետությունն ապահովում է հավասար մրցակցության պաշտպանությունը ձեռնարկատիրական գործունեության մեջ: Չի թույլատրվում շուկայում մենաշնորհ դիրքի չարաշահում, մրցակցության ապօրինի սահմանափակում եւ անբարեխիղճ մրցակցություն: Մենաշնորհների ձեւերը եւ սահմանները սահմանվում են օրենքով: Հոդված 45. 1. Յուրաքանչյուր ոք oրենքով սահմանված կարգով իրավունք ունի աշխատանքի համար ստանալու իր եւ իր ընտանիքի ապրուստն ապահովող աշխատավարձ։ Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ 2. Յուրաքանչյուր ոք oրենքով սահմանված կարգով ունի անվտանգության եւ հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք։ Հոդված 46. Աշխատավորներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլի իրավունք ունեն։ Այս իրավունքի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով։ Հոդված 47. 1. Յուրաքանչյուր աշխատող օրենքով սահմանված կարգով հանգստի իրավունք ունի։ 2. Առավելագույն աշխատաժամանակը, ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը, հանգստյան եւ տոնական օրերը, ինչպես նաեւ սույն իրավունքի իրականացման այլ պայմանները սահմանվում են օրենքով։ Հոդված 48. 1. Յուրաքանչյուր քաղաքացի հիվանդության կամ հաշմանդամության պատճառով անաշխատունակության, ինչպես նաեւ կենսաթոշակային տարիքին հասնելու դեպքերում ունի սոցիալական ապահովության իրավունք։ 2. Սոցիալական ապահովության իրավունք ունեն նաեւ այն քաղաքացիները, որոնք իրենցից անկախ պատճառներով դարձել են գործազուրկ եւ չունեն իրենց ապրուստն ապահովելու այլ միջոցներ։ Սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով։ Հոդված 49. 1. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով առողջության պահպանման իրավունք ունի։ 2. Պետական բուժհիմնարկներում բժշկական օգնությունն անվճար է։ Հոդված 50. 1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք։ 2. Միջնակարգ կրթությունը պարտադիր է եւ պետական ուսումնական հաստատություններում՝ անվճար։ 3. Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք։ 4. Ոչ պետական ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով։ 5. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքի շրջանակում ունեն ինքնակառավարման իրավունք: Հոդված 51. Գիտության եւ արվեստի ազատությունը երաշխավորվում է: Հոդված 52. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։ Հոդված 53. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք։ 2. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմելու իր իրավունքների միջազգային պաշտպանությանը, եթե սպառվել են դրանք պաշտպանելու ներպետական հնարավորությունները։ Հոդված 54. 1. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, իրավասու, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք։ 2. Կողմերի անձնական կյանքի, պետական անվտանգության կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով՝ լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ նրա մի մասում կարող է արգելվել օրենքով։ Հոդված 55. 1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում անվճար։ 2. Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր պաշտպանի բացակայությամբ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք։ Հոդված 56. 1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 2. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։ Հոդված 57. 1. Մարդը կարող է դատապարտվել միայն հանցագործություն կատարելու պահին գործող օրենքով։ 2. Պատիժներ սահմանող կամ խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։ 3. Մարդը չի կարող դատապարտվել այն հանցագործության մեղադրանքով, որի համար նախկինում դատապարտվել է։ Հոդված 58. Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք։ Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք։ Հոդված 59. Պետությունը փոխհատուցում է պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով քաղաքացիներին պատճառված նյութական եւ բարոյական վնասները։ Հոդված 60. Յուրաքանչյուր ոք, որի կարծիքով խախտվել են իր՝ Սահմանադրությունում ամրագրված հիմնական իրավունքները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից, իրավունք ունի սահմանադրական գանգատով դիմելու սահմանադրական դատարան, եթե սպառվել են դրանք պաշտպանելու մնացած բոլոր դատական միջոցները։ Հոդված 61. Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները սպառիչ չեն եւ չեն բացառում ուրիշ իրավունքներ եւ ազատություններ, որոնք համապատասխանում են Սահմանադրության ոգուն, հատկապես մարդու արժանապատվության, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության սկզբունքներին։ Հոդված 62. Հիմնական իրավունքներից օգտվում են նաեւ իրավաբանական անձինք, այնքանով, որքանով այդ իրավունքները իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ: Հոդված 63. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում։ Այդ սահմանափակումները կարող են իրականացվել միայն օրենքով՝ նշելով Սահմանադրության համապատասխան հոդվածը: Հոդված 64. Մարդու եւ քաղաքացու առանձին հիմնակա ն իրավունքներ, բացառությամբ Սահմանադրության 14 – 19, 23, 24, 26, 33, 34, 40, 41, 42, 51, 53 – 60 հոդվածներում նշվածների, կարող են արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ենթարկվել ժամանակավոր սահմանափակման: Հոդված 65. Օրենքը կարող է ամրագրել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք հետապնդում են Սահմանադրությանը համապատասխանող նպատակ եւ պիտանի, անհրաժեշտ ու պատշաճ են այդ նպատակին հասնելու համար։ Հոդված 66. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների մասին սույն գլխում ամրագրված դրույթների էությունը անխախտելի է։ ԳԼՈՒԽ 4. Պետության պարտավորությունները եւ նպատակները Հոդված 67. Պետությունը պարտավոր է նպաստել բնակչության զբաղվածության ապահովմանը: Հոդված 68. Պետությունը պարտավոր է աջակցել բնակարանային շինարարությանը: Հոդված 69. Պետությունը պարտավոր է նպաստել բնակչության առողջության պահպանմանը, ստեղծել բոլոր քաղաքացիների համար արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմաններ: Հոդված 70. Պետությունը պարտավոր է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը եւ վերարտադրությանը, ապահովել բնական պաշարների բանական օգտագործումը: Հոդված 71. Պետությունը պարտավոր է նպաստել գիտության, կրթության եւ մշակույթի զարգացմանը, ապահովել մշակութային հաստատություններից օգտվելու հավասար հնարավորություններ: Հոդված 72. Պետությունը պարտավոր է նպաստել ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացմանը: Հոդված 73. Պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակում ձգտել սույն գլխում ամրագրված պետության նպատակներին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար: ԳԼՈՒԽ 5. Մարդու եւ քաղաքացու հիմնական պարտավորությունները Հոդված 74. 1. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել Սահմանադրությունը եւ օրենքները, այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը։ 2. Սահմանադրության դասավանդումը միջնակարգ ուսումնական հաստատություններում պարտադիր է: Հոդված 75. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ Հոդված 76. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը։ Հոդված 77. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգալ շրջակա միջավայրի պաշտպանության համար եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատու է նրան հասցված վնասի համար։ ԳԼՈՒԽ 6. Խորհրդարանը Հոդված 78. 1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Խորհրդարանը: 2. Խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ գործառույթներ եւ լիազորություններ։ Հոդված 79. 1. Խորհրդարանը կազմված է հարյուր մեկ պատգամավորից։ 2. Պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրական համակարգով: Պատգամավորական մանդատ են ստանում այն կուսակցությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուները, որոնց օգտին ստացվել է վավեր ձայների առնվազն հինգ տոկոսը, կամ այն կուսակցությունների դաշինքները, որոնց օգտին ստացվել է վավեր ձայների առնվազն ութ տոկոսը։ 3. Պատգամավորության թեկնածուների առաջադրումը կուսակցության մեջ, օրենքով սահմանված կարգով, իրականացվում է կուսակցության անդամների կողմից՝ ուղղակի եւ գաղտնի քվեարկության հիման վրա։ 4. Պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նաեւ քաղաքացիական նախաձեռնությունները: 5. Խորհրդարանի ընտրության կարգը սահմանվում է օրենքով։ Հոդված 80. 1. Խորհրդարանն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է այն օրից, երբ Խորհրդարանը գումարում է իր առաջին նիստը: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը ավարտվում է նորընտիր Խորհրդարանի առաջին նիստին նախորդող օրը։ 2. Խորհրդարանի առաջին նիստը գումարվում է Հանրապետության նախագահի կողմից՝ քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակումից տասնհինգ օր հետո: 3. Հանրապետության նախագահը Խորհրդարանի հերթական ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը հրապարակում է Խորհրդարանի լիազորությունների ավարտից 60 օր առաջ՝ քվեարկության օր նշանակելով Խորհրդարանի լիազորությունների ավարտին նախորդող քսաներորդ օրվանը հաջորդող առաջին ոչ աշխատանքային օրը: Հոդված 81. 1. Խորհրդարանը Հանրապետության նախագահի կողմից հայտարարվում է լուծարված Սահմանադրության 82 hոդվածի երրորդ մասով, 103 հոդվածի հինգերորդ եւ վեցերորդ մասերով, 115 հոդվածի երրորդ մասով, 124 հոդվածի չորրորդ մասով, 126 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով եւ 131 հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում։ 2. Խորհրդարանը չի կարող լուծարվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։ 3. Խորհրդարանի ընտրություններից հետո մեկ տարվա ժամկետում Խորհրդարանը կարող է լուծարվել միայն Սահմանադրության 115 հոդվածի երրորդ մասով, 124 հոդվածի չորրորդ մասով եւ 126 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում: 4. Հանրապետության նախագահը Խորհրդարանի արտահերթ ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը հրապարակում է Խորհրդարանի լուծարման օրը՝ քվեարկության օր նշանակելով Խորհրդարանի լուծարմանը հաջորդող երեսուներորդ օրվանը հաջորդող առաջին ոչ աշխատանքային օրը: Հոդված 82. 1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացիներ իրավունք ունեն նախաձեռնել Խորհրդարանի լուծարումը։ 2. Եթե նախաձեռնության պաշտոնական հայտարարումից հետո երեսուն օրվա ընթացքում Խորհրդարանի լուծարման նախաձեռնության համար ստորագրում են եւս առնվազն հարյուր հիսուն հազար Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ, ապա Հանրապետության նախագահը քառասուն օրվա ընթացքում նշանակում է հանրաքվե՝ Խորհրդարանի լուծարման մասին։ 3. Խորհրդարանը համարվում է լուծարված, եթե հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին քվեարկել է Խորհրդարանի լուծարման օգտին։ 4. Եթե հանրաքվեի արդյունքում Խորհրդարանի լուծարման մասին որոշում չի ընդունվում, ապա այդ հարցով նոր հանրաքվե կարելի է նախաձեռնել միայն նախորդ հանրաքվեից մեկ տարի անց։ 5. Խորհրդարանի լուծարման մասին հանրաքվե չի կարող անցկացվել Խորհրդարանի ընտրություններից հետո մեկ տարվա եւ նրա լիազորությունների ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։ Հոդված 83. Խորհրդարանի պատգամավոր կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Հոդված 84. 1. Պատգամավորը չի կարող զբաղեցնել ցանկացած այլ վճարովի կամ անվճար պաշտոն, լինել որեւէ տեղական ինքնակառավարման մարմնի անդամ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ ղեկավարել այդ գործունեությունը: 2. Պատգամավորը կարող է զբաղվել միայն անհատական մտավոր գործունեությամբ, եթե դա չի խոչընդոտում իր պատգամավորական պարտականությունների կատարմանը։ 3. Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցվում են: Հոդված 85. 1. Պատգամավորն իր պարտականությունները կատարելու համար ստանում է աշխատավարձ։ Պետությունը փոխհատուցում է նրա պատգամավորական գործունեության հետ կապված բոլոր ծախսերը։ 2. Պատգամավորի վարձատրությունը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով։ 3. Պատգամավորը օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հայտարարագիր է ներկայացնում իր եւ իր ընտանիքի անդամների գույքային վիճակի մասին, որը հրապարակվում է Պաշտոնական Տեղեկագրում: Հոդված 86. 1. Պատգամավորները ներկայացնում են ամբողջ ժողովրդին։ Նրանք կաշկանդված չեն հրամայական մանդատով եւ առաջնորդվում են միայն իրենց համոզմունքներով։ 2. Այլ խմբակցության մեջ մտնելու դեպքում պատգամավորը կորցնում է իր մանդատը: 3. Պատգամավորները պարտավոր են մշտական կապ պահպանել իրենց ընտրողների հետ: Հոդված 87. 1. Պատգամավորը չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Խորհրդարանում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում։ Էջ՝ 9,10,11 Ռ 2. Պատգամավորն առանց Խորհրդարանի համաձայնության չի կարող ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել ազատության որեւէ այլ սահմանափակման, բացի հանցագործության կատարման պահին բռնվելու դեպքում։ 3. Խորհրդարանը հիմնավորում է իր որոշումը։ Հոդված 88. 1. Խորհրդարանն ընտրում է իր նախագահին եւ նրա երկու տեղակալներին։ Խորհրդարանի նախագահը վարում է Խորհրդարանի նիստերը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը։ 2. Խորհրդարանի աշխատանքների կազմակերպման նպատակով ձեւավորվում է Խորհրդարանի նախագահություն, որը բաղկացած է Խորհրդարանի նախագահից, նրա երկու տեղակալներից, ինչպես նաեւ խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից։ 3. Խորհրդարանն ընդունում է իր կանոնակարգը, որն ունի օրենքի ուժ։ Հոդված 89. Խորհրդարանական խմբակցությունների համար ապահովվում են իրենց իրավունքներն ու պարտականությունները իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ: Հոդված 90. 1. Խորհրդարանի հերթական նստաշրջանները գումարվում են հունվարի երկրորդ երկուշաբթի օրից մինչեւ հունիսի երրորդ հինգշաբթին եւ սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրից մինչեւ դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին: 2. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ վարչապետի պահանջով Խորհրդարանի նախագահը պարտավոր է հրավիրել Խորհրդարանի արտահերթ նիստ։ Հոդված 91. 1. Խորհրդարանի նիստերը դռնբաց են։ 2. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ վարչապետի պահանջով Խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ անցկացնում է դռնփակ նիստ։ Հոդված 92. Բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, օրենքները եւ Խորհրդարանի որոշումները ընդունվում են նիստին ներկա պատգամավորների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին։ Հոդված 93. 1. Խորհրդարանում գործում են մշտական հանձնաժողովներ, որոնց թիվը չպետք է գերազանցի տասը։ 2. Խորհրդարանի հանձնաժողովներում պատգամավորական խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ։ Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներն իրավունք ունեն լինել մշտական հանձնաժողովներից մեկի անդամ։ 3. Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվում են պատգամավորական խմբակցությունների միջեւ՝ նրանց թվաքանակի համամասնությամբ։ 4. Գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկանքներ եւ ապահովել հանձնաժողովի անդամների ազատ մուտքը իրենց հաստատությունները։ 5. Մշտական հանձնաժողովները կարեւոր հարցերի եւ իրադարձությունների վերաբերալ կարող են կազմակերպել խորհրդարանական լսումներ։ 6. Մշտական հանձնաժողովը իր անդամների ընդհանուր թվի մեծամասնությամբ իրավունք ունի պահանջել hարցին առնչվող նախարարների եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը իր նիստին։ 7. Անհրաժեշտության դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով Խորհրդարանում ստեղծվում են ժամանակավոր հանձնաժողովներ։ Հոդված 94. 1. Խորհրդարանի պահանջագրերի մշտակա ն հանձնաժողովը քննում է Խորհրդարանին ուղղված քաղաքացիների խնդրանքներն ու գանգատները։ 2. Պահանջագրերի հանձնաժողովն իրավունք ունի, իսկ իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով պարտավոր է հարցաքննել համապատասխան պաշտոնատար անձանց, վկաներին եւ մասնագետներին։ 3. Պահանջագրերի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է օրենքով։ Հոդված 95. Խորհրդարանն իրավունք ունի, իսկ իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով պարտավոր է լայնածավալ եւ նշանակալի հարցերի վերաբերյալ օրինագծերի եւ որոշումների նախապատրաստման նպատակով ստեղծել hետազոտական հանձնաժողով։ Հոդված 96. 1. Խորհրդարանն իրավունք ունի, իսկ իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով պարտավոր է հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերի պարզաբանման նպատակով ստեղծել քննիչ հանձնաժողով։ 2. Քննիչ հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների եւ պահանջը ներկայացնող կողմի առնվազն մեկական ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի Խորհրդարանի խմբակցությունների թվական հարաբերակցությունը։ 3. Քննիչ հանձնաժողովը բաց նիստերում պահանջը ներկայացնող կողմի կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով հավաքում է անհրաժեշտ փաստերը։ 4. Գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձինք պահանջը ներկայացնող կողմի կամ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին եւ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկանքներ։ 5. Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովի գործառույթները իրականացնում է Խորհրդարանի պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովը։ 6. Քննիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է օրենքով։ Հոդված 97. 1. Oրենքներն ընդունվում են Խորհրդարանի կողմից կամ հանրաքվեի միջոցով։ 2. Խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորները եւ կառավարությունը, ինչպես նաեւ ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առնվազն հիսուն հազար քաղաքացիներ՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Հոդված 98.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել