ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ Կան երկրներ, որտեղ ներդրումային հիմնադրամները (ՆՀ) ավելի մեծ, հզոր ու նշանակալից կառույցներ են, քան բանկերը։ ՆՀ-ները շատ կարեւոր դեր են խաղում երկրի ֆինանսական հատվածում։ Իսկ ՆՀ-ների գլխավոր «անելիքը» հանրությունից միջոցների ներգրավումն ու տնտեսության իրական հատվածում վերաբաշխելն է։ Արժեթղթերի հանձնաժողովի փոխնախագահ Տիգրան Կարապետյանի գնահատմամբ, ներդրումային հիմնադրամների համակարգը Հայաստանում ոչ միայն զարգացած չէ, այլ նաեւ կայացած չէ։ Փոխնախագահը հայտնեց, որ Արժեթղթերի հանձնաժողովի այս տարվա գործունեության ծրագրի բաղադրիչներից մեկը կոլեկտիվ ներդրումների համակարգի հայեցակարգի մշակումն է։ Իսկ ՆՀ-ների ստեղծման գլխավոր նախապայմանը բնակչության խնայողություններն են, առանց որոնց չի կարող կայանալ այդ կառույցը։ Նախկինում Հայաստանում ՆՀ-ներ գործել են, բայց քանի որ կառավարության համապատասխան որոշման մեջ, ըստ Տ. Կարապետյանի, հայեցակարգային սխալ է եղել, դրանք երկար չեն գոյատեւել։ Իսկ սխալն այն էր, որ հիմնադրամը նախ ներդրողներից փողը հավաքում էր, ապա նոր կառավարիչ նշանակում՝ դրանք տնօրինելու համար։ Այսինքն՝ մարդիկ իրենց գումարները «ներդնում» էին անհայտ մի նախաձեռնության մեջ, չիմանալով, թե ով եւ ինչպես է դրանք կառավարելու։ Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ ՆՀ-ների նկատմամբ Հայաստանում հետաքրքրություն կա։ Արժեթղթերի հանձնաժողովը փորձել է պարզել, թե այդ հիմնադրամների որ տեսակը կարող է գործել մեր երկրում, չնայած գտնում է, որ դրանց 3 տեսակների իրավաբանորեն ամրագրումն էլ ցանկալի է։ Ներդրումային հիմնադրամների ստեղծման հավանականությունը ճշտելու համար Արժեթղթերի հանձնաժողովի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժինը բնակչության եկամուտների, ծախսերի ու խնայողությունների վերաբերյալ տվյալների հիման վրա կանխատեսումներ է արել։ Պաշտոնական տվյալներով, 2000թ. բնակչության եկամուտներն ու խնայողություններն աճել են։ Եկամուտները կազմել են 698 մլրդ 373 մլն 700 հազար դրամ, որից ապրանքների գնման, ծառայությունների, կամավոր, պարտադիր եւ այլ կարգի վճարումների համար ծախսվել է մոտավորապես 92%-ը։ Խնայողությունները կազմել են 48 մլրդ 187 մլն 800 հազար դրամ։ Հետեւաբար, երկրի բնակչությունը խնայել է իր եկամուտների 6,9%-ը։ Պարոն Կարապետյանի դիտարկմամբ, հնարավոր է վիճակագրական սխալ. չի բացառվում, որ չեն հաշվարկվել ստվերային եկամուտներն ու ծախսերը։ Իսկ եղած տվյալներով, խնայողությունների միայն 4,5%-ն է ուղղվել դեպի ավանդներ եւ արժեթղթեր։ Այս եւ այլ տվյալների վրա հիմնվելով՝ Տիգրան Կարապետյանն արձանագրում է, որ խնայողություններն աճի միտում ունեն եւ 2001թ. դրանք կկազմեն շուրջ 52 մլրդ դրամ։ Նման կանխատեսման համար հիմք են ծառայել տնային տնտեսությունների խնայողությունները, դեպոզիտներն ու տրանսֆերտները, թեեւ բնակչության եկամուտները սեզոնային բնույթ են կրել։ Ընդ որում, բաժնի պետ Վահան Ստեփանյանի տեղեկատվությամբ, աշխատավարձերը կազմել են ողջ եկամուտների միայն 30%-ը։ Տ. Կարապետյանի խոսքերով, «եթե ընդունենք, որ երկրում խնայողություններ կան եւ, որ դրանց աճի միտումները կպահպանվեն, որ գրավիչ առաջարկներ կլինեն ներդրումների վերաբերյալ, ապա հավանականությունը մեծ է, որ ներդրումային հիմնադրամները ոչ միայն կաշխատեն, կգոյատեւեն, այլ նաեւ բավականին մեծ օգուտ կտան երկրի տնտեսության իրական հատվածին»։ Նկատենք, սակայն, որ եկամուտների, ծախսերի վերաբերյալ տվյալները վերցվել են Վիճպետվարչությունից, իսկ խնայողությունների վերաբերյալ՝ նաեւ Կենտրոնական բանկից, ըստ առեւտրային բանկերի տեղեկատվության։ Հարկ է նկատել, սակայն, որ Վիճպետծառայությունն ավանդաբար աչքի է ընկնում տվյալների ոչ հավաստիությամբ։ Միայն այն հանգամանքը, որ պետական վիճակագրական ծառայությունը երկրի բնակչության թվի համար հիմք է ընդունում 3 մլն 800 հազարը, հիմք է տալիս կասկածի տակ առնել ե՛ւ տվյալների հավաստիությունը, ե՛ւ դրանց հիման վրա արված կանխատեսումները։ Բայց Տիգրան Կարապետյանը չի ուզում ոչ հավաստիության կանխավարկածով շարժվել. «բացի այդ, հիշյալ ծառայությունը միակ պետական մարմինն է, որ այդպիսի տեղեկատվություն է մատուցում։ Առավել եւս, որ ուսումնասիրությունը հանձնաժողովի պատվերով չի կատարվել»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ