Միավորման ակնկալիք Ճակատը երկրում ստեղծված իրավիճակը տագնապալի եւ վտանգավոր որակեց Երեկ Ազատության հրապարակում հանրահավաք նախաձեռնած Ճակատի ներկայացուցիչներից մեկը նախագահ Քոչարյանին մի քանի հռետորական հարց ուղղեց՝ ի՞նչ եք արել ձեր իշխանավարության ավելի քան երեք տարիների ընթացքում, Հայաստանում քանի՞ մարդ էր ապրում մինչեւ ձեր իշխանավարությունը եւ հիմա քանի՞սն են մնացել եւ այլն։ Իշխանական լրատվամիջոցների քարոզչությունը, որոնք երկրում տիրող իրավիճակն ու իշխող վարչակազմի «հաջողություններն» են գովերգում, որակվեց սուտ եւ կեղծիք։ Իրականությունն, ըստ բանախոս Վարդան Խաչատրյանի, այն է, ինչ հայտարարել է Շիրակի տարածաշրջանի ոստիկանապետը «Ցայգ» շաբաթաթերթում՝ աստիճանաբար բարձրանում է քրեածին տարրերի հեղինակությունը։ «Իսկապես հնչել է մի ազնիվ խոսք. մեր երկրում գնալով ավելանում է քրեածին տարրերի եւ հանցագործների հեղինակությունը»,- երկիմաստ պնդեց պարոն Խաչատրյանը։ Դրան շատ համահունչ էր Աշոտ Մանուչարյանի պատկերավոր դիտարկումը, թե Հայաստանի իշխանությունն այսօր գտնվում է բանդիտական խմբի ձեռքում, որը գլխավորում է նախագահ Քոչարյանը։ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը՝ անդրադառնալով Հայաստանում իրականացված սեփականաշնորհմանն ու դրա արդյունքում ստեղծված «ԱրմենՏելի» գործունեությանը, շեշտեց, որ այս տարի լրանում է այդ ընկերության լիցենզիայի մենաշնորհային ժամկետը եւ ժողովուրդը պետք է հետամուտ լինի, որ որեւէ իշխանավոր, որեւէ նախարար չհամարձակվի երկարաձգել «ԱրմենՏելի» հետ կնքված խայտառակ պայմանագրի ժամկետը։ Հովհ.Թոքմաջյանն անթույլատրելի համարեց ընկերության՝ սեպտեմբերից հեռախոսակապի րոպեավճար սահմանելու որոշման կենսագործումը։ ԱՀՃ ներկայացուցիչ եւ ԳիԱրՔՄիի խորհրդի անդամներից մեկն էլ շարունակելով թեման՝ հիշեցրեց այն չորս պաշտոնյաների անունները, որոնք իրականացրին «ԱրմենՏելի» գործարքը՝ հիանալի իմանալով նրա առաջադրած բոլոր, այդ թվում՝ հեռախոսակապի գնի բարձրացման ու րոպեավճարի սահմանման պայմանների մասին՝ Ռոբերտ Քոչարյան, Արմեն Դարբինյան, Գրիգոր Պողպատյան, Վահրամ Ավանեսյան։ Ելույթ ունեցողը հայտարարեց նաեւ, որ իշխանությունները մտադիր են առաջիկայում սեփականաշնորհել եւս մի քանի խոշոր եւ ռազմավարական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Նաիրիտը», նաեւ՝ էներգետիկ ողջ համակարգը։ Նրա կարծիքով՝ «Սա իշխանությունների կողմից ցեղասպանություն է սեփական ժողովրդի նկատմամբ»։ Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ «Բազմազավակների միության» նախագահը, որն ընդգծեց, թե կազմակերպության անդամները ոչ թե արտագաղթելու, այլ վերցնելու են իշխանության ներկայացուցիչների, նախարարների եւ պատգամավորների կառուցած դղյակները։ Այդ հայտարարությունը հավանության արժանացավ բազմության կողմից։ Վերջիններիցս մեկը նաեւ նետեց. «Ռումինացիների չափ թասիբ էլ չունե՞նք»։ Հասարակության ներկայացուցիչները հանրահավաքի նախաձեռնողներին հարցեր էին ուղղել, որոնց գերակշիռ մասը պահանջում էր պատասխանել մի հարցի՝ ե՞րբ են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանն ու ԱՀՃ-ն միավորվելու։ Հովհ.Թոքմաջյանը հույս հայտնեց՝ թերեւս, ամենամոտ ապագայում։ Ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունն այնքան ցանկալի ու հուսադրող էր, որ հետեւեցին հավաքվածների բուռն ծափերը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ