Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր

Հունիս 23,2001 00:00

«ԵՍ ԳԻՏԵՄ ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ» «Մեր համագումարն է՝ մենք մեզ պիտի գովենք»,- մինչ ելույթ ունենալն Ինքնորոշում միավորման 21-րդ համագումարի հյուրերին դիմեց Պարույր Հայրիկյանը։ Սակայն իր ելույթում նա խախտեց քաղաքակիրթ գովազդի ոսկե կանոնը՝ սեփական առավելություններն ի ցույց չդնել հակագովազդով զբաղվելով։ Հանրապետությունում չմնաց գրեթե փոքրիշատե լուրջ որեւէ քաղաքական ուժ, որի հասցեին որեւէ կծու խոսք երեկ չասվեր ԱԻՄ-ի համագումարում։ Նախ բաժին հասավ ՀՀԿ-ին։ Պարույր Հայրիկյանը նշեց, թե անաչառ վերլուծողը պիտի խոստովանի, որ Ազգային միացյալ կուսակցության իրավահաջորդը ԱԻՄ-ն է, սակայն հանրապետականներն էլ են ձգտում ԱՄԿ-ի ժառանգորդ համարվել։ Թեեւ պրն Հայրիկյանն այս ձգտումն, ընդհանուր առմամբ, դրական էր գնահատում. «Սակայն, հանրապետականների սիրաբանությունն իրենց կոմունիստական անցյալից չհրաժարված, ՀՀՇ-ի պաշտոնամոլ մասով համալրված, նախկին պաշտոնյաների անսկզբունք, հանրապետականների բնորոշմամբ, հաճախ ուխտադրուժ կազմակերպության հետ, խիստ կասկածելի է դարձնում հանրապետականների՝ ԱՄԿ-ԱԻՄ-ի ժառանգորդ համարվելու բարոյական իրավունքը»։ Քիչ անց Ներսես Զեյնալվանդյանը, որի զեկույցն, ըստ ազդարարվածի, պիտի հաշվետվություն լիներ անցած տարի ԻՄ-ի նախագահի պաշտոնում նրա կատարած աշխատանքների մասին, լրացրեց «Միասնության» կուսակցությունների մասին պակաս թողածը։ Նրա խոսքում առավել որոշակի արտահայտություններ հնչեցին արդեն ՀԺԿ-ի մասին, որն, ըստ պրն Զեյնալվանդյանի, մանեւրում է մե՛կ ընդդիմադիր, մե՛կ իշխանական հարթություններում, «Օգտվելով իշխանության բոլոր արտոնություններից (պաշտոններ)՝ ՀԺԿ-ն միեւնույն ժամանակ գնում էր արմատական ընդդիմադիրին հատուկ քայլերի եւ վերջինիս գրավչությունն ապակառուցողական ուժերի համար բոլորովին էլ պատահականություն չէ… Իր գոյությանն առանձնահատուկ կարեւորություն հաղորդելու համար ՀԺԿ-ն փորձում է սեփականաշնորհել «Հոկտեմբերի 27»-ը։ Սակայն, պարոնա՛յք, ահաբեկչությունն իրագործված է պետության դեմ եւ ուրեմն՝ ցավը բոլորինս է»։ Ի դեպ, պրն Զեյնալվանդյանը համարում է, որ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության շուրջ ձեւավորված անվստահության մթնոլորտը «արհեստականորեն հունցված խմոր է, որը շատ էլ հարմար է անվերջ մեխանիկորեն տրորել, քողարկելով քաղաքական գործչի եւ պատգամավորի կոչմանը սեփական անհամապատասխանությունը եւ երկրի առաջ ծառացած հրատապ լուծում պահանջող խնդիրների հանդեպ իներտությունը»։ ԱԻՄ-ի այլեւս նախկին նախագահը նշեց, թե զերծ կմնա «ոճրագործները պետք է ստանան իրենց արժանի պատիժը» ինչ-որ տեղ հուզական արտահայտությունից», քանի որ ինքը քրիստոնեավարական կազմակերպության ներկայացուցիչ է։ Ո՞ւր է, թե նման քրիստոնեավարական մոտեցում դրսեւորվեր նաեւ ոչ ոճրագործների, «Հոկտեմբերի 27»-ին զոհ դարձած անձանց եւ, ի վերջո, քաղաքական ասպարեզում ներկայումս էլ իրենց գործընկերների հանդեպ։ Սակայն Պարույր Հայրիկյանը համարում է, որ Ինքնորոշում միավորումը Հայաստանի միակ գաղափարապաշտ (իդեալիստական) կազմակերպությունն է եւ այլոց հետ իրենց համագործակցության դաշտը խիստ նեղ է։ Եվ սկսեց մեկ առ մեկ թվարկել. ա) «ԱԺՄ-ն դեռ պետք է կարողանա հաղթահարել պառակտման հասցրած հետեւանքները», բ) «հանրապետականները դեռ չեն պատկերացնում, թե ինչպիսի տխուր իրավիճակում կարող են հայտնվել», գ) «քրիստոնեա-դեմոկրատները պետք է վերահաստատեն իրենց առկայությունը հայ քաղաքական կյանքում», դ) «աջակողմյան կարգախոսներով հանդես եկող ՀՀՇ-ն պետք է կարողանա սահմանազատվել իր անցյալի բացասական բեռից», ե) «ձախակողմյան ՀՅԴ-ի հետ, թվում էր, կարող էինք համագործակցել արտաքին քաղաքականության, դասական ուղղագրության վերականգնման եւ այլ հարցերում, սակայն վերջին շրջանի մեր առնչությունները հուշում են, որ լավատեսության հիմքերը քիչ են», զ) «Ազատություն» կուսակցությունն «Արժանապատիվ ապագայի» հետ միասին կարծես նախընտրում է ասպարեզ իջնել միայն ընտրությունների փուլում»։ Ի դեպ, Պարույր Հայրիկյանը նաեւ նշեց, թե «Արժանապատիվ ապագան» ընտրություններում իրենցից ահագին ձայներ է տարել (ավելի վաղ նշել էր, թե 1999-ի ընտրությունների խարդավանքները նախապատրաստված էին հատկապես ԱԻՄ-ի դեմ եւ իրենց դեմ նպատակասլաց ու կազմակերպված պայքար է տարվել)։ Քանի որ համագումարի հյուրերից էր նաեւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը, փորձեցինք պարզել, թե ինչպես է նա վերաբերվում իրենց հասցեին ասվածին։ «Դե, եթե Պարույրն ասում է…»,- ժպտաց նա։ «Եթե այս կուսակցություններն իմանային, թե իրականում ինչպիսին է իրենց վարկանիշը, երեւի շատ ավելի հաղորդակցվող դառնային»,- շարքն ամփոփելով ասաց Պարույր Հայրիկյանը։ Այլոց հետ միավորվելու հեռանկարի վրա առայժմ խաչ քաշելով, նա առաջարկեց ԱԻՄ-ականներին միավորել ջանքերը. «Ես, ընդհանուր առմամբ, գիտեմ՝ ինչ եւ ինչպես պետք է անել»։ Եվ կուսակցության խնդիրը ներկայացրեց. «Արդեն ժամանակն է շատ հստակ ու վճռական գործել որպես քաղաքական կազմակերպություն. իշխանական լծակների տիրելու հայտ ներկայացնել եւ հասնել դրանց։ Մեր առաջնահերթ խնդիրն առաջիկա ընտրություններին նախապատրաստվելն է եւ որպես կուսակցություն շահելով ու իշխանական լծակներ ձեռք բերելով՝ անմիջականորեն քաղաքական գործընթացների ուղղորդմանը մասնակցելը»։ Շատ յուրօրինակ էր առաջին քայլը, որ արվեց այս շախմատային բարդ խնդիրը լուծելու համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել