Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է «Միասնության» եւ ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը

Հունիս 23,2001 00:00

«ՄԵՆՔ ԼԻՈՎԻՆ ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ» Ասում է «Միասնության» եւ ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը Երկուշաբթի կսկսվի ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Նիստի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն «Միասնություն» խմբակցության երեկվա նիստը ի թիվս օրակարգային այլ հարցերի, առավել կարեւոր է դիտել «Քաղաքացիական ծառայության մասին», նաեւ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» օրենքների նախագծերը։ «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանը խմբակցության նիստից հետո մեզ հայտնեց, որ վերոհիշյալ նախագծերի շուրջ եղել են բազմաթիվ առաջարկներ, շատերի կողմից հիմնական առաջարկ է եղել ետ վերցնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը, լրամշակել։ ՀԺԿ-ի կողմից նույնիսկ եղել է նոր նախագիծ ներկայացնելու առաջարկ, թեկուզ եւ սահմանադրական բարեփոխումներից հետո։ Խմբակցության նիստի ժամանակ նկատվել է, որ ոչ բոլոր անդամներն են ծանոթ հիշյալ օրենքի նախագծին, եւ խմբակցությունն, ի վերջո, կարծիք է հայտնել, որ կարելի է չշտապել նախագիծը քննել եւ լրամշակել եւ խորհրդարանին կրկին ներկայացնել արդեն աշնանային նստաշրջանում։ Որոշ առարկություններ են հնչել նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Խմբակցությունը հարմար է գտել գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ կրկին քննել հարցը եւ ճշտել մասնավորեցման ցուցակում հայտնված այս կամ այն ձեռնարկության մասնավորեցման նպատակահարմարությունը։ Սպասվում է, որ առաջիկա նստաշրջանում որոշ բախումներ կլինեն։ Իսկ մինչ այդ, առիթն օգտագործելով, Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ՀԺԿ-ն ավելի կոշտ դիրքորոշում չներկայացրեց համաներման վերջին աղմուկի հետ կապված, բայց, օրինակ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես եկավ խիստ թափանցիկ հայտարարությամբ. ՀԺԿ վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանն այս առիթով ասաց. «Մենք, իրոք, լիարժեք կիսում ենք այդ հայտարարության մեջ արտահայտված վրդովմունքը, բայց մի մոռացեք, որ մենք ունենք մեծաթիվ խորհրդարանական խումբ, որը կարող էր իր դիրքորոշումը ցույց տալ Ազգային ժողովում։ Այսինքն, մենք կարող էինք կանխել այն, ինչ կատարվեց, ցավոք չարվեց։ Այդ պատճառով միայն մենք նպատակահարմար չգտանք միանալ «Հանրապետություն» կուսակցության հայտարարությանը, բայց մենք լիարժեք կիսում ենք այդ հայտարարության մեջ արտահայտված միտքը։ Արդարադատության նախարարը երեկ ասաց, թե իրեն ոչ ոք չէր հարցրել՝ համաներումը ազդելո՞ւ է «27»-ի գործով մեղադրվողների վրա։ Բայց մի՞թե պետք էր սպասել, որ հարցնեին՝ կա հարցի բարոյական կողմը։ Ինձ ուրիշ բան է հետաքրքիր՝ իսկ իրեն հարցրե՞լ էր նախագահը, համաներումն ազդելո՞ւ է, թե չի՞ ազդելու «27»-ի գործի վրա։ Հարցը արդարադատության նախարարն է ներկայացրել, պատգամավորների մեծ մասը միայն 10-15 րոպե է հնարավորություն ունեցել նայելու տեքստը։ Մենք հիմնվել ենք միայն զեկուցողի ներկայացման վրա, թե քանի մարդու վրա է ազդելու համաներումը։ Որեւէ մեկի մտքով չի անցել, որ «27»-ի վրա կարող էր ազդել»։ Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀԺԿ 2-րդ համագումարից հետո կուսակցության քաղխորհրդում ընդգրկվեցին ավելի ռադիկալ հայացքների տեր անդամներ, իսկ Կարեն Դեմիրճյանի թեւը դուրս մղվեց կուսակցության ղեկավարությունից. «Դա անհեթեթ կարծիք է, քանի որ մեր կուսակցությունում ընդհանրապես մեկ թեւ կա՝ Կարեն Դեմիրճյանի թեւը։ ՀԺԿ-ն, այո, ստեղծվել է անձի շուրջ եւ շարունակում է Դեմիրճյանի կուրսը։ Այո, նոր մարդիկ մտան կուսակցության վարչություն եւ քաղաքական խորհուրդ, եւ դա բնական է։ Կուսակցությունն ավելի մեծանում է, ավելի ակտիվանում է, եւ բնական է, որ կուսակցության ղեկավարությունը կարեւորում է տարածքների, սկզբնական կազմակերպությունների հետ աշխատանքը։ Եղել են ուղղակի թարմացումներ։ Եվ թարմացումներ եղան ոչ միայն քաղխորհրդում եւ վարչությունում, այլեւ հանձնաժողովներում։ Կուսակցությունն իր ծրագրերի իրականացման համար ունի իր կառույցները, եւ կոնկրետ հանձնաժողովները զբաղվում են ծրագրերի իրականացմամբ»։ ՀԺԿ եւ ՀՀԿ համագումարներում փոխադարձաբար տարբեր կարծիքներ հնչեցին դաշնակիցների հասցեին։ Եթե ՀԺԿ-ի պարագայում այդ բանն արվեց ելույթների միջոցով, ՀՀԿ-ի դեպքում՝ զեկուցման մեջ հնչեցին որոշ շեշտադրումներ։ – Դուք, որպես «Միասնություն» խմբակցության քարտուղար, ինչպե՞ս եք սա գնահատում, եւ ինչի՞ց է, որ նման պարագայում դաշինքը, ավելի ճիշտ՝ խմբակցությունը, շարունակում է գոյատեւել։ – Նախ, ուզում եմ շեշտել, որ դաշինքի որեւէ կուսակցություն մյուսի նկատմամբ որեւէ հակառակ կարծիք չի հայտնել։ Ինչ որ դուք ասում եք համագումարների մասին, այդպես չէ։ Հարցն ավելի շատ լրատվամիջոցները փորձեցին սրել։ Որովհետեւ ուղղակի մեղադրանքներ մեկը մյուսի հասցեին չի եղել, եղել է առողջ քննադատություն՝ ուղղված իշխանություններին։ Եվ դա նորմալ չէ։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ղեկավարի զեկուցման մեջ հնչած ձեր ասած շեշտադրմանը, Հանրապետական կուսակցության ղեկավարն ինքն էլ ասաց, որ նկատի չի ունեցել ՀԺԿ-ին, ինքը նկատի ուներ երեւույթը, բայց դա անձնավորված չէր։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել