Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը նորից կփոփոխվի

Հունիս 22,2001 00:00

Օրենքը նորից կփոփոխվի Հավանաբար ԱԺ-ի առաջիկա արտահերթ նստաշրջանում կքննարկվի նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին պատգամավորների նախաձեռնությունը։ Շավարշ Քոչարյանի, Գալուստ Սահակյանի, Սերգո Երիցյանի, Սամվել Ավետիսյանի, Համլետ Հարությունյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Վարդեւան Գրիգորյանի օրենսդրական նախաձեռնության նպատակը այսպես է ձեւակերպված՝ «կարգավորել չհավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների, այդ թվում նախորդ տարիների շրջանավարտների դիպլոմների պետական ճանաչման հարցը»։ Դա պատգամավորները նախատեսում են անել օրենքի 49-րդ հոդվածում այսպիսի բովանդակությամբ մի կետ ավելացնելով՝ «Չհավատարմագրված ուսումնական հաստատությունների, այդ թվում նախորդ տարիների ոչ պետական ուսումնական շրջանավարտները իրավունք ունեն ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ հանձնելով էքստեռն պետական քննություններ։ Էքստեռն քննությունների կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը»։ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ կառավարությունը։ Վերջինիս լրացում-փոփոխությունները բավականին բազմազան են (ընդհանուր առմամբ 31 լրացում-փոփոխություն) եւ հիմնականում բխում են վերջերս ԱԺ-ի ընդունած «Կրթության զարգացման պետական ծրագրի» դրույթներից։ Նախատեսվում է օրենքում ամրագրել, որ «ընդհանուր կրթությունը սկսվում է վեց ու կես տարեկանից», նախկին 7 տարեկանի փոխարեն։ Իսկ միջնակարգ ընդհանուր կրթության տեւողությունը 10-ից դառնում է 11 տարի, հետեւաբար միջին դպրոց է համարվում 4-9-րդ դասարանները, իսկ ավագ դպրոց՝ 10-11-րդ դասարանները։ Ընդ որում՝ սա վերաբերելու է միայն 2001թ. եւ դրանից հետո դպրոց ընդունվածներին։ Նախատեսվում է օրենքով նաեւ ամրագրել, որ պետական բուհերի դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ ուսումնարաններինը՝ ՀՀ կառավարության կողմից։ Կառավարությունը մտադիր է ապահովել ԿԳՆ-ի դերակատարումը ուսումնական հաստատությունների վերակազմավորման ու լուծարման հարցում եւ նախատեսում է օրենքով ամրագրել, որ նրա համաձայնությունը պարտադիր է։ Այսինքն՝ համայնքապետերը, օրինակ, էլ չեն կարող լուծարել մանկապարտեզները՝ առանց ԿԳՆ-ի համաձայնության։ Օրենքի լրացում-փոփոխություններում նաեւ պետական ու ոչ պետական բուհերի համար հավասար պայմանների ստեղծման միտում է նկատվում։ ՀՀ կառավարությունը առաջարկում է օրենքի որոշ հոդվածներից հանել «ոչ պետական» բառերը՝ դրույթները տարածելով եւ պետական, եւ ոչ պետական բուհերի վրա։ Փոփոխություններին ավելի մանրամասն կանդրադառնանք քննարկման ժամանակ, իսկ այդ փոփոխությունները պետության վրա կնստի յուրաքանչյուր տարի 50 մլն լրացուցիչ բյուջետային ծախս։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել