Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ նախագահին ՀՀ վարչապետին

Հունիս 22,2001 00:00

Կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների Բաց նամակ ՀՀ նախագահին ՀՀ վարչապետին Մենք համոզված ենք, որ դուք քաջատեղյակ եք ՀԱԷԿ-ի կոլեկտիվի աշխատավարձ չստանալուն՝ սկսած փետրվար ամսից։ Իսկ վերջին օրերս կառավարության կողմից լրատվությամբ արված հայտարարությունները մեզ պարզապես համոզում են, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը, որպես կարեւորագույն հարց, չի հուզում ՀԱԷԿ ՓԲԸ բաժնետերերին՝ էներգետիկայի նախարարությանն ու սեփականաշնորհման հանձնաժողովին։ Ատոմակայանի անվտանգ շահագործումն ուղղակիորեն կախման մեջ է մարդկանց բարոյահոգեբանորեն պատրաստ լինելու գործոնից, որն իր հերթին խիստ կախման մեջ է սոցիալական վիճակից՝ աշխատավարձից։ Ավելին, մարդկային գործոնի հաշվի չառնելը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների։ Ուստի գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ ուղղակիորեն խախտված է կայանի անվտանգ շահագործման կարեւորագույն գործոններից մեկը եւ, հետեւաբար, նաեւ ազգային անվտանգությունը։ Սա չափազանցություն չէ, որքան էլ անտեսվի այն։ Հանրապետությունում ստեղծվել է մի հեքիաթային իրավիճակ, երբ արտադրողները չեն փոխհատուցվում իրենց աշխատանքի դիմաց, իսկ երբ փորձում են պահանջել իրենց վաստակածը, ապա անմիջապես դեմ են առնում իշխանությունների անհիմն եւ մեզ համար անհասկանալի պատճառաբանություններին, անիմաստ խոստումներին, որոնք, անշուշտ, չեն կատարվում։ Վաղուց է հայտնի, որ դրա համար ոչ ոք պատասխան չի տալու։ Երբ Հայաստանի քաղաքացին չի վճարում իր ծախսած էլեկտրաէներգիայի վարձը, նրան զրկում են այլեւս ծախսելու հնարավորությունից, երբ չի վճարում ջրի ծախսի վարձը, «կտրում են» ջուրը։ Ի՞նչ անի խեղճ քաղաքացին, երբ հինգերորդ ամիսն է աշխատավարձ չի ստանում։ Միգուցե ՀՀ վարչապետը, նախագահը կամ էներգետիկայի նախարարը մատնանշեն այն ուղիները, որոնց միջոցով մենք կարող ենք ստանալ ընդամենը մեր հասանելիք աշխատավարձը։ Հայտնում ենք ՀԱԷԿ ՓԲԸ բաժնետերերին, որ այս հարցի լուծման իրավական միջոցները մենք չունենք, բայց պատկերացնելով ՀԱԷԿ-ի կարեւորության աստիճանը մեր հանրապետության տնտեսության համար, մենք չենք դիմում այլ միջոցների, բայց որքա՞ն ժամանակ, որքա՞ն կարելի է համբերատար աշխատել եւ սպասել։ Ամեն ինչ սահման ունի, մարդկանց համբերությունը, որքան էլ հայրենասեր լինեն նրանք, այնուամենայնիվ ունի վերջ։ Մենք մեր աշխատավարձից բացի ուրիշ ոչինչ չենք պահանջում եւ ավելի քան ուզում ենք համոզված լինել, որ երկու շաբաթվա ընթացքում կվճարեք բոլոր հինգ ամիսների աշխատավարձը։ Հակառակ դեպքում կդիմենք կտրուկ միջոցների, քանի որ այլ ճանապարհ չենք տեսնում։ ՀԱԷԿ-ի շահագործող անձնակազմի կողմից՝ շուրջ 160 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել