Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր չափի բրոնզե քանդակի անդրանիկ սիմպոզիումը, որը նվիրված էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կ

Հունիս 22,2001 00:00

Քանդակների ծնունդն ընդունվեց ձուլարանում Փոքր չափի բրոնզե քանդակի անդրանիկ սիմպոզիումը, որը նվիրված էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին, սկսվել էր այս տարվա մայիսի 7-ին։ Կազմակերպիչներն էին «Հայէլեկտրամեքենա» ԲԸ-ն եւ «Արազա» ՀԲԿ-ի «Նորէոն» ստեղծագործական խումբը։ Սիմպոզիումի շրջանակներում հանրապետության 12 ճանաչված քանդակագործներ իրենց ստեղծագործություններն էին ներկայացրել։ Այս անգամ խախտելով ավանդույթը, քանդակների հեղինակների հետ հանդիպելու փոխարեն եղանք «Հայէլեկտրամեքենա» ԲԸ ձուլման արտադրամասում, զրուցելով արտադրամասի պետ Սերգո Բարսեղյանի, նրա օգնական Հայկ Բարսեղյանի եւ վարպետ Վանուշ Բարսեղյանի հետ։ Եթե առաջին երկուսը հայր եւ որդի են, ապա վարպետը ազգակցական կապ չունի իր ազգանվանակիցների հետ։ – Ձուլվածքի համար պահանջվում է որոշակի ժամանակ,- ասում է Ս. Բարսեղյանը,- գիպսապատման համար՝ 4 օր, չորացման համար՝ 2։ Թրծումը բավական աշխատատար պրոցես է, որը տեւում է 3 օր։ – Քանդակներն այստե՞ղ են միշտ ձուլվում։ – Հիմնականում՝ այո։ Մենք վերջին անգամ Կարեն Դեմիրճյանի դիմաքանդակն ենք ձուլել, մետրոպոլիտենի հին ու նոր տառերը։ Զրուցակիցներս «տաժանակիր աշխատանք» են համարում իրենց կատարած աշխատանքը. «1200 աստիճան ջերմություն է (ցույց են տալիս դժոխային վառարանը- Ռ.Մ.), կռիվը գնում է անընդհատ ջերմության հետ, մյուս կողմից՝ մետաղի գոլորշացման հետ»։ – Հայկ,- դիմում եմ նրան,- քո անելիքը ո՞րն է։ – Ապահովել տեխնոլոգիական կանոնների պահպանումը։ – Ասում են, որ առանց քեզ քանդակ չի ծնվում։ – …Պարզապես գիտեմ, թե մետաղը ինչ է զգում։ Հայկն ասում է, որ այս նույն արտադրամասում ժամանակին իրենք ռազմական նշանակության դետալներ էին ձուլում եւ համադրելով այսօրվա քանդակների հետ, նշում է. «Երկուսն էլ նուրբ աշխատանք են պահանջում»։ Վարպետ Վանուշին, որ կրակե «տակառից» այն կողմ չի շարժվում, հարցնում եմ նրա աշխատանքային ստաժը։ Պատասխանում է. «ամբողջ կյանք»։ Երբ հարցնում ենք, թե նախկինո՞ւմ էր դժվար, թե՞ հիմա, տեղեկացնում է, որ ժամանակին այս արտադրամասում 17 հատ գազի վառարան էր վառվում (ալյումին հալելու համար), 2-3 վառարան էլ՝ բրոնզը հալելու համար։ Կողքից նրա աշխատանքը չափից ավելի գունեղ է թվում. կարմիր-կանաչ-սպիտակ-նարնջագույն բոցերի հետ կռվելիս։ Շարունակում եմ. – Չե՞ք տրտնջում քանդակագործներից, որ ձեզ կրակը գցեցին։ Ժպտալով պատասխանում է. – Կրակի մեջ ենք, էլ ի՞նչ կրակ… Ափսոսեցի, որ քանդակի հեղինակները այս ողջ արարողակարգի ժամանակ այնտեղ չէին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել