Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ 1972-ին Երեւանում բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը, Երկրագնդի

Հունիս 22,2001 00:00

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Երբ 1972-ին Երեւանում բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը, Երկրագնդի 1/6-ի վրա իշխում էր խորհրդային կարմիրը, որը չէր ընդունում «փտած կապիտալիզմի ծնունդ» ավանգարդիզմը, մոդեռնիզմը, սյուրռեալիզմը եւ այլ «իզմեր»։ Նրանցը միայն սոցիալիզմն ու կոմունիզմն էր։ Ու այս առումով Ժամանակակից արվեստի թանգարանի բացումը երեւույթ էր՝ ամբողջ ԽՍՀՄ կտրվածքով։ Ի հեճուկս բոլոր սահմանափակ ու կարծրացած մտածելակերպի տեր չինովնիկների, թանգարանը գոյատեւեց, բարգավաճեց, մեծացավ, բացելով իր դռները ժամանակակից արվեստագետների առջեւ. «Եթե փորձենք պատկերացնել, թե որքա՜ն գործ է ցուցադրվել մեր թանգարանում, ինչքա՜ն ցուցահանդեսներ ենք ունեցել, եւ եթե փորձեինք այն ամենը, ինչ կոչվում է արդի հայ արվեստ, տեղավորել իրար հետ, ստիպված պիտի լինեինք զբաղեցնել Աբովյան փողոցից (որտեղ Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահն է) մինչեւ Մաշտոցի պողոտան (որտեղ Ժամանակակից արվեստի թանգարանն է) ընկած ողջ տարածքը»,- ասում է մշակութային այդ խոշոր օջախների հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։ Սակայն մինչ օրս Ժամանակակից արվեստի թանգարանը տեղավորված է 1972 թվականին Երեւանի քաղգործկոմի տրամադրած մոտ 1000 քմ տարածքում։ Բայց դա՝ մինչեւ 2002թ. հունիսը, երբ ամբողջությամբ պատրաստ կլինի եւ շահագործման կհանձնվի թանգարանի նոր մասնաշենքը՝ անմիջապես ներկայիս թանգարանի դիմացի ազատ տարածքում։ Դեռ 2000թ. օգոստոսին, քաղաքապետ Ա. Բազեյանի հրամանով, 1000քմ ընդհանուր մակերեսով այդ տարածքը հանձնվել է Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանին՝ միհարկանի շենք կառուցելու համար։ «Իհարկե, շատ ուրախ կլինեինք, եթե թույլատրվեր կառուցել երկհարկանի շենք։ Այդ դեպքում մենք կունենայինք 2000քմ տարածք ու ավելի շատ գործեր կկարողանայինք ցուցադրել։ Բայց քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դեմ է, քանի որ երկրորդ հարկը կխանգարի դիմացի շենքի բնակիչներին։ Ու մենք բավարարվում ենք տրվող 1000 քմ-ով։ Գոհ ենք։ Կարծում եմ, որ քաղաքապետ Ռ. Նազարյանը ու փոխքաղաքապետ Ն. Սարգսյանը ամեն ինչով կօգնեն, կաջակցեն։ Մենք շատ ճիշտ ժամանակին այդ շենքը ստացանք։ Փաստորեն քաղաքը մեզ նվիրեց այդ 1000 քմ-ն»,- ասում է Հենրիկ Իգիթյանը։ – Ո՞վ է կառուցելու նոր շենքը։ – «Հայնախագիծ» ինստիտուտի երիտասարդ ճարտարապետներն արդեն սկսել են նախագծային աշխատանքը։ Շինարարությունն իրականացնելու է «Արիտիկ» ֆիրման։ Ոչ մի պետական ներդրում չկա։ Բայց կան օգնողներ, որ ամեն ինչ արվի ժամանակին եւ որակով։ – Հույս ունե՞ք, որ թանգարանի 30-ամյակին շենքը պատրաստ կլինի։ – Քաղաքապետ Ռ. Նազարյանը բոլոր շինարարների առջեւ (ոչ միայն մեր) պարտադիր պայման է դրել՝ բոլոր շինությունները հանձնել ճիշտ ժամանակին։ Այնպես որ, այլընտրանք չունենք։ 2002թ. հունիսին շենքը պիտի հանձնվի։ – Իսկ ինչպե՞ս է նախագծված. նոր շենքը հնի հետ օրգանապես կապվա՞ծ է լինելու, թե՞ լրիվ առանձին կառույց է լինելու։ – Կլինի առանձին շենք, բայց հնարավոր է, որ մի փոքր հատվածով միանա նախորդին, որ առանց բարդությունների հյուրերը կարողանան սկզբից մինչեւ վերջ դիտել ցուցանմուշները։ Հնարավոր է, որ բաց տարածքում լինի սրճարան կամ, ուղղակի, գեղեցիկ հարդարված մաքուր տարածք՝ քանդակներով, շատրվաններով։ Այդ տարածքի այժմյան վիճակը շատ անդուր է։ Անհասկանալի դատարկ տարածք է։ Մնում է մի փայտ խփեն, մի այծ կապեն ու կդառնա վրացական գյուղագրական ֆիլմի բնական դեկորացիա։ – Նոր շենքը չի՞ խաթարի փողոցի ճարտարապետական ընդհանուր լուծումները։ Ի վերջո, խոսքը գնում է քաղաքի գլխավոր՝ Մաշտոցի պողոտայի մասին։ – Ասեմ, որ մեր ներկայիս շենքի ճարտարապետը՝ Արմեն Զարյանը, դեռեւս 70-ականներին այդ շենքը հատուկ էր նախագծել մի փոքր ներս ընկած, որ այս ազատ տարածքում մի նոր երկհարկանի շենք կառուցվեր։ Այնպես որ, ոչ մեկին վնաս չենք տալիս, դեռ հակառակը՝ մի տարի հետո մեր քաղաքը կունենա մի հրաշալի մշակույթի օջախ, որը ոչնչով չի զիջի աշխարհի թանգարաններին։ Կդառնա Եվրոպայի լավագույն թանգարաններից մեկը։ Հատկապես, որ՝ մենք ցուցադրելու շատ բան ունենք։ Մեր նկարիչները հզոր պոտենցիալ ունեն, եւ այսօրվա ժամանակակից նկարիչներն ու քանդակագործները ետ չեն մնում իրենց անվանի նախնիներից։ Եթե մի բան կա, որով Հայաստանն այսօր կարող է հպարտ դուրս գալ համաշխարհային ասպարեզ, դա մեր մշակույթն է։ Միայն կոնյակն ու ծիրանը չի… – Ուրիշ ի՞նչ եք պատրաստել 30-ամյակի առթիվ։ – Չմոռանամ նշել, որ մեր այժմյան շենքն էլ Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգվելու է։ Արդեն նախագիծը կա։ Եվ 2002թ. կունենանք հիմնովին նորոգված նախկին շենքն ու նորակառույցը, որոնք ներդաշնակորեն մի համալիր կդառնան։ Թանգարանի մոտ պիտի տեղադրենք 70-ականների Երեւանի քաղգործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանի կիսանդրին։ Այդ մարդուն ենք մենք պարտական, որ ունենք Ժամանակակից արվեստի թանգարանը եւ Մանկական պատկերասրահը։ Բացի այդ, պատրաստում ենք մի շքեղ ալբոմ, որտեղ կլինեն ե՛ւ ավագ սերնդի, ե՛ւ նոր սերնդի գործերը։ Հավատացնում եմ՝ Հայաստանը երբեք այդպիսի ալբոմ չի տեսել։ Բավական է աշխարհի առջեւ երեւանք խեղճի, գաղթականի, ողորմելիի կերպարանքով։ Մենք լուրջ պետություն ենք, անկախություն ունենք, հոյակապ մշակույթ եւ արվեստ, ու պետք է ցույց տանք աշխարհին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել