Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ս.թ. մայիսի 30-ից հունիսի 6-ը ուսումնասիրություններ ատարեց

Հունիս 22,2001 00:00

Բացակաները ներկաների փոխարեն ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը ս.թ. մայիսի 30-ից հունիսի 6-ը ուսումնասիրություններ ատարեց Ավանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում: Նրանք ստուգեցին ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 19-ի «ՀՀ-ում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու» եւ 2000թ. հուլիսի 3-ի «ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգի մասին» որոշումների կատարման ընթացքը։ Ուսումնասիրվել է 250 նպաստի գործ, մի շարք դեպքերում էլ, ըստ համապատասխան տեղեկանքի (7.06.2001թ.)՝ եղել էին տնային այցելություններ։ Բացահայտված խախտումների մեջ վերահսկողները հայտնաբերել էին մի շարք ուշագրավ փաստեր, մասնավորապես, ընտանիքի գրանցված բացակա անդամին «հարգելի» համարելու արդյունքում 7 դեպքի համար վճարվել է 848,6 հազար դրամ, ընտանիքի կազմի մասին բացակայող տեղեկանքների փաստագրման արդյունքում 8 դեպքում՝ 388,0 հազար դրամ, բնակարանային պայմանների եւ ազգակցական կապերի ոչ ճշգրիտ «արտացոլման» 2 դեպքում վճարվել է 352,0 հազար դրամ։ Խախտումներին մասնակից են դարձել նաեւ Ավանի սոցիալական կենտրոնի տեսուչները, որոնց կողմից սխալ մուտքագրման միայն մեկ դեպքում 79,1 հազար դրամ է տրվել, անհիմն տրված տեղեկանքների հիման վրա 5 դեպքում՝ 396,9 հազար դրամ, մահացած անձերի վճարումով 8 դեպքում՝ 70,2 հազար դրամ։ Ավանի սոցիալական կենտրոնը փաստորեն միայն 01.01.99-01.05.2001թ. ժամանակահատվածի համար վերոնշյալ խախտումների հետեւանքով վճարել է 2510,0 հազար դրամ նպաստ։ Իսկ ահա նույն Ավանի բնակիչ, միայնակ թոշակառու, 30 տարվա մանկավարժ, վետերան Ա. Եգանյանը զրկված է նպաստից։ Հավանաբար այն պատճառով, որ կեղծ տեղեկանք չի ներկայացրել, իր պայմանների մասին էլ ներկայացրել է այնպես, ինչպես կան։ Ա. Եգանյանը դիսպանսեր հիվանդ է 20 տարուց ավելի, երկրորդ խմբի հաշմանդամ է։ «Ինձ չընդգրկեցին «Փարոս» համակարգի նպաստառուների ցուցակում, քանի որ ես գումար չեմ տվել, ինչպես մյուսները»,- ասում է նա։ Ա.Եգանյանի որդին 8 տարի է, ինչ ընտանիքով գտնվում է հանրապետությունից դուրս։ Եվ ծեր վետերանը այս օրերին իր դժվարությունները տանում է միայնակ։ Նա տեսնում է, թե ինչպես են իր աչքի առաջ նպաստառու դառնում արտադրամաս ունեցողն ու հաջողակ գործարարը, չգործազուրկն ու խանութպանը, մեծահարուստ «աղքատները»։ Անգամ… հանգուցյալները։ «Դիմել եմ տարբեր ատյանների։ Քար լռություն է։ Վերջին անգամ մեր տեսուչ Արմենը, պետի՝ Փարսյանի հետ փողոցում բարձրաձայն ինձ հետ կռվելուց հետո եկան մեր տուն, ասացին՝ միեւնույն է, չես ստանա նպաստ»,- շարունակում է Ա. Եգանյանը։ Ի դեպ, վերջինս «Փարոս» համակարգում ընդգրկված է եղել 1994-ից։ Եվ երբ «անցում» կատարվեց ընտանեկան նպաստի համակարգ, նրան ու նրա նման շատերին զրկեցին։ Վերոնշյալ սխալների հետեւանքով, ինչպես տեսնում եք, հսկայական գումարների կորուստ է տվել կենտրոնը։ Եվ լավ կլիներ, որ կորուստները վերականգնվեին Եգանյաններին հասանելիք նպաստը վերականգնելով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել