Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահ

Հունիս 22,2001 00:00

ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահի առաջարկությամբ 2001թ. հունիսի 12-ին Ազգային ժողովը որոշում է ընդունել համաներում հայտարարելու մասին։ Ազգային ժողովը որոշել է պատժի կրումից ազատել այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչեւ երեք տարի ժամանակով։ Միաժամանակ, մարդասիրական վերաբերմունքը զուգորդելով գթասրտությամբ, որոշել է պատիժը կրելուց ազատել մինչեւ հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ, կանայք կամ 60 տարին լրացած տղամարդիկ, նախկինում ազատազրկման վայրերում պատիժ չկրած անչափահասներ եւ այլն։ Որոշվել է նաեւ կրճատել որոշ խմբի անձանց պատժաչափի չկրած մասը կիսով չափ եւ մեկ երրորդով։ Նշված է նաեւ համաներում չկիրառելու սպառիչ ցանկը։ Ցավոք, համաներումը այնքան էլ չի համապատասխանում իր ոգուն, կոչմանն ու բովանդակությանը։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը վերաբերում է բոլորին, առանց բացառության, ուստի համաներումը նույնպես, թեկուզ չնչին չափով, պետք է որ կիրառելի լիներ բոլորի նկատմամբ։ Մինչդեռ այս համաներումը հեղեղված է իրարամերժ բացառություններով։ Ի դեպ, քրեական նոր օրենսգրքի նախագծով պատժից պայմանական վաղակետ ազատում եւ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինել նախատեսված է ազատազրկման դատապարտված բոլոր անձանց նկատմամբ, առանց բացառության։ Այդպես է նաեւ Ռուսաստանի քրեական նոր օրենսգրքով։ Պատժից պայմանական վաղակետ ազատելը, ըստ էության, նույնպես համաներման իմաստ ունի։ Այստեղից նույնպես կարելի էր հետեւություն անել, որ համաներումն էլ կարելի է կիրառել, առանց բացառության, բոլորի նկատմամբ, թեկուզ 10 եւ ավելի տարվա ազատազրկման դատապարտվածի պատիժը կրճատվի ընդամենը մեկ տարով, նույնիսկ մի քանի ամսով։ Ցավոք, համաներման որոշումը կամայականության լայն սողանցք է թողել։ Դատավորը, պատժի անհատականացման տխրահռչակ սկզբունքի պատրվակով, մեկին կնշանակի ազատազրկում մինչեւ երեք կամ հինգ տարի ժամանակով եւ, կիրառելով համաներումը, նրան լրիվ չափով կազատի պատժի կրումից, իսկ քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրվող մեկ ուրիշին կնշանակի ազատազրկում երեք կամ հինգ տարուց ավելի ժամկետով, որպեսզի նրա նկատմամբ չկիրառվի համաներումը։ Արդյունքում կրկնակի են տուժում նրանք, ովքեր երեք կամ ավելի պակաս ժամկետի ազատազրկման փոխարեն դատապարտվել են երկարատեւ ազատազրկման։ Նույնը պետք է ասել նաեւ այն անձանց մասին, ովքեր համաներման համաձայն կարող են պատժի կրումից ազատվել մինչեւ 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտվելու դեպքում։ Միաժամանակ, տրամագծորեն հակառակ իրավիճակ է ստեղծվում սոցիալապես ապահով վիճակում գտնվող անձանց համար։ Նրանք ավելի երկարատեւ ժամկետով ազատազրկման դատապարտվելու փոխարեն դատապարտվել են ավելի պակաս ժամկետով ազատազրկման, որի արդյունքում նրանց նկատմամբ կկիրառվի համաներում եւ կազատվեն պատժի կրումից։ Հետեւաբար, անարդար դատավճռից տուժածը կրկնակի է տուժում, իսկ ավելի խիստ պատժի փոխարեն մեղմ պատժի դատապարտվածը կրկնակի է շահում այն առումով, որ նրա նկատմամբ կկիրառվի համաներում եւ կազատվի պատժի կրումից։ Չարաշահումները կանխարգելելու համար համաներումը պետք է կիրառել հետեւյալ սկզբունքով։ Եթե անձը դատապարտվել է ազատազրկման երեք կամ հինգ տարուց ավելի ժամկետով, ապա դրանից պարտադիր կարգով պետք է հանել երեք կամ արտոնյալ պատժի իրավունք ունեցողի հինգ տարվա ազատազրկումը՝ հետեւյալ պատճառաբանությամբ։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման համաձայն, երեք կամ արտոնյալ հինգ տարվա ազատազրկումը կրելուց ազատելը հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի շնորհն է, նրանց մարդասիրությունն ու գթասրտությունն է իր քաղաքացիների նկատմամբ։ Սույն համաներումով նախատեսված պատժից ազատելն ու պատժաչափի կրճատումը պետք է կրի իմպերատիվ բնույթ, այն չպետք է թողնել դատավորի սուբյեկտիվ հայեցողությանը։ Պատիժ նշանակելիս նախապատվությունը պետք է տալ ոչ թե պատժի անհատականացում կոչվածին, այլ Սահմանադրության այն պատվիրանին, որ բոլորը օրենքի առջեւ հավասար են։ Համաներման այսպիսի կիրառման դեպքում բոլորովին ավելորդ կդառնա նաեւ ազատազրկման չկրած մասի տարբեր չափերի կրճատման անհրաժեշտությունը։ Արդյունքում՝ զգալի չափով կնվազի կամայական, կոռուպցիոն բնույթի պատիժ նշանակելու աստիճանը եւ որոշ չափով կպահպանի սոցիալական արդարության սահմանադրական սկզբունքը։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել