Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ

Հունիս 22,2001 00:00

Բժշկությունը իբրեւ արտադրություն Մեկ առանձին վերցրած բուժմիավորումում Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող թիվ 2 բուժմիավորման տարածքների կեսը մոտ ժամանակներում 50 տարով վարձակալությամբ է հանձնվելու «Արստմեդ» անունով մի ընկերության։ Իր նախադեպը չունեցող համապատասխան պայմանագիրն այժմ անցնում է իրավաբանական փորձաքննություն։ Սույն պայմանագրի համաձայն, «Արստմեդը» պարտավորվում է 1-1,5 տարվա ընթացքում կես միլիոն դոլարի ներդրում կատարել բուժմիավորման շենքի վերակառուցման համար։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանի խոսքերով, սրանից դեռ երեք ամիս առաջ էր ծառացել 2-րդ հիվանդանոցի փակման հարցը։ Վճարովի ծառայություններից ամսական կուտակվում էր 1 մլն դրամի հասույթ, պետբյուջեն շարունակաբար իր պարտականությունները չէր կատարում, իսկ հիմնարկը պահելու համար ամսական նվազագույնը 5 մլն դրամ էր անհրաժեշտ։ Սրա հետ մեկտեղ, ծառացել էր 1919թ. կառուցած շենքի հիմնական վերանորոգման խնդիրը: 2-րդ բուժմիավորման 14 տարվա գլխավոր բժիշկ Ֆելիքս Հարությունյանը երկու ամիս առաջ իր տեղը կամավոր զիջեց «Էրմեդ» ապահովագրական ընկերության նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Խաչատրյանին։ Ինչպես պարզվեց պրն Խաչատրյանի հետ զրույցից, «Արստմեդի» հիմնադիրներից է Օդեսա քաղաքի հայկական համայնքի առաջնորդ Սամվել Տիգրանյանը։ 2-րդ բուժմիավորման այժմյան ղեկավար Տիգրան Խաչատրյանը փաստեց, որ ընդամենը 2 ամսվա ընթացքում նրան հաջողվեց եռապատկել արտաբյուջետային մուտքերը։ «Բուժօգնությունը արտադրություն է,- ասաց պրն Խաչատրյանը,- բոլորս էլ գիտենք, որ արտադրանքի եւ ծառայության դիմաց պետք է վճարել։ Գաղտնիք չէ, որ բժշկական ոլորտում ֆինանսական հարաբերությունները շատ անգամ կրում են ստվերային բնույթ։ Ես ուղղակի լույս աշխարհ հանեցի այդ հարաբերությունները»։ Նոր տնօրինությունը պաշտոնական գներ սահմանեց անխտիր բոլոր ծառայությունների դիմաց։ Այսպես, բժշկի հետ մեկ կոնսուլտացիան գնահատվեց 500 դրամ։ Բժիշկներին մնում է գանձված գումարի 30%-ը։ «Արստմեդի» վարձակալումից հետո հիվանդանոցի կարգավիճակը ըստ էության մնալու է նույնը, վարձակալող ընկերությունը եւ բուժմիավորումը ունենալու են մեկ տնօրինություն։ Հիվանդանոցի կրճատված անձնակազմը համալրելու է «Արստմեդի» բուժաշխատողների թիվը։ Նկատի ունենալով 2-րդ բուժմիավորման շահավետ կենտրոնական վայրը եւ տարիներով վաստակած անունը, պրն Խաչատրյանը վստահ է, որ վերակառուցումից հետո նրա հիմնարկը լրջագույն մրցակից կլինի Երեւանի առողջապահական հիմնարկությունների համար։ «Ինձ զավեշտ են թվում բուժմիավորումը 2-3 տարուց հետո լուծարելու եւ այս շենքում հյուրանոց կառուցելու մասին շրջող ասեկոսեները։ Վստահեցնում եմ, որ ո՛չ պայմանագրով եւ ո՛չ էլ վերակառուցման նախագծով նման բան չի նախատեսվում։ Եվ, վերջապես, բժշկությամբ, լավ կազմակերպման դեպքում, կարելի է հյուրանոցից ոչ պակաս գումար աշխատել»։ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել