«Ե՛Ս, Ե՛Ս, ԷԼԻ Ե՛Ս» Շեշտում է նախարարը Բնապահպանության նախարարության ստուգող կազմակերպություններում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն առավել ցայտուն ու կոպիտ խախտումներ է հայտնաբերել, քան մնացած գերատեսչություններում։ Ըստ դատախազության ուսումնասիրությունների, նախարարության տեսչության կողմից 2000թ. հայտնաբերվել է շուրջ 140.000 խմ լեռնային զանգվածների անօրինական արդյունահանում, որոնց վերաբերյալ կազմվել է 38 արձանագրություն, սակայն դրանց համապատասխան ընթացք չի տրվել։ Վնասի չափը ճշտելու նպատակով տվյալները ներկայացվել են հարկային տեսչության տարածքային մարմիններ, որտեղ նույնպես «ընթացքը» «պատշաճ» չի եղել։ Եթե տրամաբանենք, ապա «ընթացքի» շեղումը կարելի է կապել գործը ընկերափողային, այսինքն՝ ավանդական կարգով ծածկելու հետ։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ այդ արձանագրությունների վերաբերյալ գործերը միայն 2001թ. ապրիլի 16-ին են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, այն էլ այնքան բացթողումներով ու թերություններով, որ դրանք շտկելու համար գործերը հետ են ուղարկվել։ Այս կապակցությամբ «Առավոտը» բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանից պարզաբանում խնդրեց, որին ի պատասխան նախարարն ասաց. «Ես շատ բան կարող եմ ասել. մասնավորապես, թե իմ նախարար նշանակվելուց հետո ինչ գործեր են ուղարկվել դատախազություն։ 300 մլն-անոց, 264 մլն-անոց (պետության վնասի փոխհատուցման վերաբերյալ- Ա. Ու.) գործ է ուղարկվել։ Ավելի շատ գործեր կան, որ իմ օրոք ուղարկվել են։ Եթե ուղարկել եմ 300 մլն-անոցը, հնարավոր չէ, որ մանր գործերը չուղարկեի»։ Ապա նախարար Մուրադյանը խոստովանեց. «Եթե ասեմ, որ համակարգի 4850 աշխատողներն էլ օբյեկտիվ են, սխալված կլինեմ, քանի որ այս կեղծիքների մեջ մեծ լումա են ունեցել բնապահպանության աշխատողները, որոնց մի մասը հեռացվել է աշխատանքից, մի մասը՝ ենթակա է հեռացման»։ Դատախազության արձանագրությամբ, 2000թ. «Հայանտառ» ՊՓԲԸ-ի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 4995 ծառ, ինչի հետեւանքով բնությանը հասցված վնասը հաշվարկվել է 37 մլն 27 հազար դրամ։ Խախտումների վերաբերյալ արձանագրություններն իրավապահ մարմիններին ուղարկելու փոխարեն ուղարկվել են հանրապետական բնապահպանական տեսչություն, վերջինս էլ՝ նախարարության կոլեգիա, որի նիստում ակնհայտ խախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ընդամենն ընդունվել է «ի գիտություն»։ Ընդհանրապես, դատախազության գնահատմամբ, «Հանրապետական բնապահպանական տեսչության եւ «Հայանտառի» միջեւ թույլ է համագործակցությունը»։ Ավելին, «Առավոտի» լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ այդ երկու ընկերությունները մշտական հակասության մեջ են, ինչի պատճառը, իբր, բնապահպան տեսուչների կամայական ստուգումներն են. «Հայանտառում» ստուգումներ կատարելու համար նախարարի համապատասխան հրաման է անհրաժեշտ, այն դեպքում, երբ մնացած բոլոր օղակներում (ջուր, օդ, Սեւան, արդյունաբերություն) դրա կարիքը չկա։ «Առավոտի» աղբյուրը սա բացատրում է «Հայանտառի»՝ նախարարության վերնախավի հետ ավանդաբար «լավ» հարաբերություններով, ենթադրաբար՝ սրանով է պայմանավորված նաեւ «ի գիտություն» ընդունելու հանգամանքը։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան, Մուրադ Մուրադյանն ասաց, որ «նախարարի կողմից ոչ ոք չի հովանավորվում», ապա թե՝ «ցավոք, ուրախ կլինեմ, եթե տեսչությունը տասնյակ հազարների փաստեր արձանագրի»։ Իսկ ընդհանրապես, ինչ տեսչություն, ինչ բան, «մինչեւ հիմա ինչքան էլ ցուցանիշները բարձրացել են, նախարարի շնորհիվ են բարձրացել»,- ընդգծում է ինքը՝ նախարարը։ Ինչ վերաբերում է «Հայանտառում» ստուգումների համար նախարարի հրամանի անհրաժեշտությանը, ապա Մուրադ Մուրադյանն այսպես պատճառաբանեց. «Տեսչությունը հիմք պետք է ունենա, ոչ թե ստուգի իր ցանկությամբ՝ ամեն րոպե։ Բացի այդ, տեսչությունը միայն անտառով չպետք է զբաղվի, հանրապետությունում կան լուրջ թերություններ»։ Չէ՞ որ մյուս ոլորտներում առանց հրամանի կարելի է ստուգել։ Նախարարը պատասխանեց, որ «հերթականություն կա, չի կարելի թույլ տալ, որ ամեն րոպե մտնեն, իրենց անձնական խնդիրները լուծեն»։ Էլ մեկնաբանության կարիք կա՞։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ