Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻՆ

Հունիս 22,2001 00:00

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻՆ «Հանրային հեռուստառադիոխորհրդի» նախագահ Տիգրան Նաղդալյանին մեր հեռախոսային զրույցում խնդրեցինք իր տեսանկյունից ներկայացնել, թե ի վերջո, ի՞նչ է սպասվում «Հայաստանի Ազգային ռադիո» ՊՓԲԸ-ին։ Տիգրան Նաղդալյանը նշեց, որ նախ պետք է առաջնահերթ լուծում տրվի պարտքերի մարման խնդրին, եւ այդ հարցի լուծումից է կախված մնացած հարցերի լուծումը։ Սակայն, միաժամանակ, պրն Նաղդալյանը հարկ համարեց շեշտել, որ գոյություն ունի երկրորդ, ըստ իս, խիստ կարեւոր հանգամանք. «Հանրային ռադիոն» կարող է հիմնվել անկախ նրանից՝ Ազգային ռադիոն լուծարված է, թե ոչ, որովհետեւ այն ստեղծվում է որպես առանձին միավոր»։ Տիգրան Նաղդալյանը հարկ համարեց ընդգծել հետեւյալը. «Աշխատակիցների զուտ հոգեբանական ընկալման խնդիրը հաշվի առնելով, պետք է մի բան հստակ արձանագրել. նախ՝ խոսքը չի գնում կրճատումների մասին, պարզապես լուծարվում է մի հիմնարկ, որտեղ իրենք աշխատում էին, եւ ստեղծվում է մի նոր հիմնարկ, որտեղ իրենք (նաեւ ցանկացած մեկը) կարող են վերցվել, կամ չվերցվել աշխատանքի։ Ստեղծվում է նոր հիմնարկ, որը, հաշվի առնելով նախորդի սխալները, պետք է կարողանա ինքն իրեն պահել եւ խնդիրներ չստեղծել։ Հաջորդը աշխատավարձերի հարցն է։ Ռադիոյի կուտակած պարտքի մի պատկառելի մասն աշխատավարձի գծով պարտքն է։ Այստեղ եւս պետք է հստակ հասկացվի, որ պարտքերը պետք է մարվեն մինչ այն պահը, երբ կստեղծվի «Հանրային ռադիոն»։ Այսօրվա դրությամբ, որքան ես եմ տեղյակ, «Ազգային ռադիոյի» հաշիվը կալանքի տակ է եւ սա արդեն՝ հարկային պարտավորությունների պատճառով։ Գիտեմ, որ կան խոսակցություններ, որ եթե փողը բաց թողնվի, կուղղվի աշխատավարձերի պարտքերին։ Սա եւս իրական չէ, քանի որ Խորհրդի բաց թողած ցանկացած գումար գնալու է պարտքերի մարմանը։ Մենք հիմա տրամաբանական չենք գտնում այդ ֆինանսավորումը կատարել, վաղը նույն խնդրի առաջ, արդեն՝ «Հանրային ռադիոյի» պարագայում, չկանգնելու համար»։ Վերջում ավելացնենք, որ «Հանրային ռադիոյի» տնօրենի տեղի համար հայտարարված մրցույթը դեռեւս բաց է։ Պահանջվող փաստաթղթերը ներկայացրել են երեք թեկնածու՝ «Ազգային ռադիոյի» տնօրեն Արմեն Ամիրյանը, սոցիոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը եւ ոմն Զադայան։ Ավելի քան տաս մարդ եւս վերցրել են նախնական փաստաթղթեր։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել