Հայտարարություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո ակնհայտ էր, որ Հայաստանում տեղի է ունեցել կազմակերպված քաղաքական հեղաշրջում։ Սակայն հանրապետության նախագահը՝ ի հեճուկս հասարակական կարծիքի, շրջանառու դարձրեց ոճրագործների ինքնուրույն գործելու վարկածը։ Իշխանությունների այս տեսակետը կողմնորոշիչ դարձավ նախաքննությունը իրականացնող մարմնի, պետական կառույցների, դատարանի, մի շարք լրատվամիջոցների համար, որի արդյունքում. – նախաքննության վերջին փուլում կարճվեցին քրեական գործերը մի շարք մեղադրյալների հանդեպ, որոնք նախագահի քաղաքական շրջապատում են կամ հարում են այդ շրջապատին, – նախաքննությունը եւ դատավարությունը պարբերաբար ուղղորդվում են բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով եւ միջամտություններով։ Սրա ցայտուն արտահայտությունը դարձավ նախաքննության շրջադարձը՝ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով, ինչպես նաեւ՝ ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան ոճրագործներին տեղափոխելու միջնորդության առթիվ՝ բարձրաստիճան պաշտոնյաների՝ դատավորին ուղղորդելու փորձերը, – իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները ակնհայտ քարոզչություն են սկսել Կ. Դեմիրճյանի, Վ. Սարգսյանի, մյուս նահատակների հիշատակի դեմ՝ քննադատության թիրախ դարձնելով ոճրագործության համապարփակ բացահայտում պահանջող քաղաքական ուժերին, – անվտանգության մարմինների հետ բացահայտ կապ ունեցող Ն. Հունանյանին բացառապես ԱԱՆ մեկուսարանում պահելու իշխանության վարքագիծը խորացնում է կասկածները՝ ոճրագործներին ցուցաբերվող հնարավոր անօրինական օժանդակության ցուցաբերման հարցում։ Այս խորապատկերում միանգամայն կանխատեսելի էր, որ նույնիսկ այնպիսի հումանիստական նախաձեռնություն, ինչպիսին է համաներումը, գործադիր իշխանությունները օգտագործելու են հոկտեմբերի 27-ի դատավարությունը նախանշված սցենարով իրագործելու համար։ Դատարանի դահլիճից «Հոկտեմբերի 27»-ի գործով վեց ամբաստանյալների ազատ արձակումը եւս մեկ անգամ եւ վերջնականապես փաստեց, որ իշխանությունները՝ շարքային համարելով պետականության դեմ ուղղված հանցագործությունը, խոչընդոտում են ոճրագործության լիարժեք բացահայտմանն ու հետեւաբար՝ խորացնում են քաղաքական հեղաշրջման հետեւանքները։ Արձանագրելով այս իրողությունները, փաստում ենք, որ այն իշխանությունները, որոնց օրոք հնարավոր եղավ նախապատրաստել եւ իրականացնել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, չեն կարող երաշխավորել երկրի անվտանգությունն ու ապագան եւ իրականացնել արդարադատություն։ Հանուն երկրի կայուն զարգացման, ժողովրդավարական գործընթացների անշրջելիության եւ արդարության հաստատման՝ «Հանրապետություն» կուսակցությունը առաջնահերթ է համարում Հայաստանում նոր, օրինական իշխանությունների ձեւավորումը։ Ա. ԲԱԶԵՅԱՆ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ