Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 25-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է կառավարության օրենսդրական նախաձեռնությ

Հունիս 22,2001 00:00

Նույն բանը՝ ուրիշ անունով Հունիսի 25-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը։ Այն մեկ անգամ արդեն իսկ չէր ընդունվել Ազգային ժողովում եւ այս երկրորդ՝ վերամշակված տարբերակում կառավարությունը գլխավորապես հաշվի է առել քննարկման ընթացքում պատգամավորների մատնանշած թերությունները։ Ասենք, օրինագծի առաջին տարբերակում զանգվածային եւ հրապարակային էր համարվում այն միջոցառումը, որին մասնակցում են 25-ից ավելի մարդ։ Երկրորդ տարբերակում մասնակիցների նվազագույն քանակը հասցվել է 100-ից ավելի մարդու։ Կամ՝ առաջին տարբերակում դրույթ կար, ըստ որի զինծառայողները, դատախազության, ՆԳ եւ ԱԱ համակարգերի աշխատակիցներն իրավունք չունեն մասնակցել հրապարակային միջոցառումներին, իսկ նոր նախագծում նրանք զրկվում են միայն դրանք կազմակերպելու իրավունքից։ Արտահերթ նստաշրջանում խորհրդարանի քննարկմանը ներկայացվելիք նախագծում այլեւս նախատեսված չէ արգելել այն հրապարակային միջոցառումները, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները եւ ազատությունները։ Թերեւս հաշվի է առնվել այն քննադատությունը, որ այս ընդհանուր եւ լղոզված ձեւակերպմամբ կարող է արգելվել ցանկացած միջոցառում։ Սակայն անցնենք այս օրինագծի համար առավել առանցքային հարցերին։ Նախորդ տարբերակի ամենախոցելի դրույթն այն էր, որ քաղաքացիները կարող էին ցույցեր, երթեր կամ հանրահավաքներ անցկացնել «միայն լիազոր պետական կամ տեղական մարմինների կողմից սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում»։ Իրավացիորեն մատնանշվեց, որ սա սահմանափակում է Սահմանադրության 26-րդ հոդվածով քաղաքացիներին տրված «խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքը»։ Հիմա կառավարությունը վերափոխել է օրենքի նախկին հակասահմանադրական դրույթը եւ դրա փոխարեն տեղ է գտել հետեւյալ ձեւակերպումը. «Քաղաքացիները կարող են անցկացնել զանգվածային հրապարակային միջոցառումներ միայն լիազոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին գրավոր իրազեկելուց յոթ օր հետո»։ Իրազեկելը թերեւս անհրաժեշտություն է, որպեսզի, ասենք, նույն օրը, նույն ժամին եւ նույն վայրում երկու հանրահավաք չգումարվի։ Սակայն «թույլտվությունը» փոխարինելով «իրազեկում» անվանմամբ, կառավարությունը օրինագծում պահպանել է բոլոր այն դրույթները, որոնք նախատեսված էին թույլտվություն հայցելու դիմումի պարագայում։ Եվ այսպես, Երեւանի քաղաքապետին իրենց հանրահավաքի մասին իրազեկելիս կազմակերպիչները դարձյալ պիտի հայտնեն միջոցառման անցկացման նպատակը, ձեւը, տեղը, սկզբի եւ ավարտի ժամանակը, մասնակիցների մոտավոր թվաքանակը։ Բացի այդ՝ իրազեկումը պիտի պարունակի նախաձեռնող խմբի անդամների անուն-ազգանունները, հասցեները եւ ստորագրությունները, զանգվածային հրապարակային միջոցառում հրավիրող կազմակերպության անվանումը եւ գտնվելու վայրը. «Միջոցառման անցկացման համար պատասխանատու ՀՀ քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն, անձնագրի համարը, ինչպես նաեւ պատասխանատու լինելու համար նրա համաձայնությունը, որը կարող է հաստատվել կա՛մ նոտարական կարգով, կա՛մ իրազեկումն ընդունող պաշտոնատար անձի կողմից»։ Եվ միջոցառումը կարող է արգելվել, եթե փաստաթղթերի այս փաթեթը չի ներկայացվել։ Ընդ որում, ինչպես եւ թույլտվություն հայցելու դիմումի պարագայում էր՝ այս իրազեկումը եւս դեռ պիտի քննարկվի եւ որոշում կայացվի։ Փաստորեն, գլխավոր խնդրում կառավարությունը զուտ ձեւական, անվանական փոփոխություն է կատարել։ Եվ ինչպես նախորդ տարբերակը, այս նոր նախագիծն էլ իրականում միտված է հակաժողովրդավարական նպատակի՝ կա՛մ իշխանության մարմինների համար արդեն օրենսդրորեն ամրագրել ցույցեր, երթեր եւ հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարման հնարավորությունը, կա՛մ առավելագույնս բարդացնել այդ իրավունքի իրացման մեխանիզմները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել