Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակ

Հունիս 22,2001 00:00

ՇՈԿՈԹԵՐԱՊԻԱՆ ;ՀԶՈՐ ԶԵՆՔ Է Ժամանակ առ ժամանակ հիշողության կորուստ է արձանագրվում որոշ խիստ առանցքային պաշտոններ զբաղեցնողների մոտ։ Ահավասիկ, արդարադատության նախարարը ԱԺ պատգամավորներին փակ նիստում ներկայացնելով «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում ներկայացնելու մասին» որոշման նախագիծը, «մոռանում է», որ երկրում «Հոկտեմբերի 27» է եղել, եւ ազնիվ կլիներ, եթե ինքը նույն «27»-ի տուժածներին հպանցիկ հուշեր, որ սույն համաներումը ազդելու է նաեւ «27»-ի գործով ամբաստանյալ ճանաչված վեց անձի վրա։ Թերեւս, հենց դատարանի դահլիճից, Նաիրի Հունանյանի աչքի առաջ, վեցին ազատ արձակելը հոգեբանական հզոր զենք կարելի է դիտել։ Մի մեծ խումբ մասնագետներ հազիվ թե ավելի մեծ արդյունքի հասնեին ամբաստանյալին «թեւեր տալու» իմաստով, քան համաներման «հրաշքը»։ Քաղաքակիրթ երկրներում նման համաներման մասին առկա նախագծերը վաղօրոք տպագրվում են մամուլում, հասարակությունն իրազեկ է դառնում, իր հերթին առաջարկություններ է անում։ Իսկ մասնագետներն անպայման հարցեր են առաջ քաշում։ Իսկական ժողովրդավարությունն այսպիսին է լինում, իսկ մեզանում, ըստ իրավագիտության դոկտոր Վլ. Նազարյանի, տոտալիտարիզմի տիպի սովետական տարբերակն է գործում, որը ժողովրդին մեկուսացված է պահում իրեն պատկանող իշխանությունից։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է, որ քանի որ իրեն հարցը ներկայացնելիս «27»-ի մասով հարցեր չեն տրվել, ինքը պարտավոր չէր այդ մասին խոսել, նաեւ. «արդարադատության նախարարը անգիր էլ չգիտի, թե ովքե՞ր են ազատվելու։ Եթե անկեղծ լինեմ, ես չունեմ՝ ով որ հոդվածով է մեղադրվում, որովհետեւ ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ, ավելին, երբ ինձ պահանջ էր ներկայացված մանրամասն տեղեկություն տալ, թե քանիսն են այս կամ այն հոդվածով դատապարտվել, ես պատասխանեցի՝ այո՛, կան անգամ հոդվածներ, որոնք նշված են, բայց դրանցով դատապարտված մարդ չկար»։ Պրն նախարարը խորհուրդ տվեց նայել՝ եղե՞լ է նախորդ համաներման մեջ հոդված, որը վերջինում չկա։ Առանց պարզելու էլ ակնհայտ էր, որ նախավերջին համաներման մեջ տեղ չէր գտել 206՝ «Հանցագործության մասին չհայտնելու» հոդվածը, սա ժամանակին կարող էր եւ իր պատճառներն ունենալ, այժմ չքննենք դրանց օբյեկտիվության չափը։ Իսկ սրանում զարմանալիորեն տեղ է գտել այդ հոդվածի առավել ծանր տեսակը՝ հոդված 84-ը՝ պետական հանցագործության մասին չհայտնելու վերաբերյալ։ Պատգամավորներին, նաեւ՝ հասարակությանը հատկապես վրդովեցրել է, որ դատարանի դահլիճից համաներման որոշմամբ ազատ է արձակվում «27»-ի գործով ամբաստանյալ Արմեն Հարությունյանը, որը մեղադրվում է ՀՀ քրօրենսգրքի 84 հոդվածով. «Պետական հանցագործությունների մասին չհայտնելը»։ Դատաքննության ընթացքում հնարավոր էր, որ վերոհիշյալ անձն առավել բարձր պատիժ ստանար, բայց՝ «հրաշք» փայտիկի զորությամբ դառնում է ընդամենը վկա։ Չզարմանանք, քանի որ ո՛չ զարմանքը, ո՛չ էլ անկեղծությունն իրավաբանական կատեգորիա չեն։ Մյուս ազատ արձակվածներից թերեւս ինչ-որ չափով հասկանալի է հերթապահ միլիցիոներների պարագան, բայց ապօրինի զենք պահողների եւ դրանք «27»-ի կատարողներին հանձնելու մեջ մեղադրվողների պարագայում տարակուսանքը մեծանում է։ Հետաքրքիր շրջադարձեր են տեղի ունենում «27»-ի գործում։ Այն հանգամանքը, որ ոճրագործությունից մի քանի օր անց թիվ մեկ դեմքերի կողմից շրջանառության մեջ դրվեց պնդում, թե «27»-ի կատարողները հինգն են, եւ նրանց թիկունքում ոչ ոք չկա, կարծես հող նախապատրաստեց նման իրադրության համար։ Դեռ այն ժամանակվանից սկսած ամենքը վրդովվում էին՝ ի՞նչ շահ է հետապնդում նման պնդումը, իսկ ինչո՞ւ է ժխտվում կազմակերպիչներ, դրդիչներ լինելու հանգամանքը։ Հասարակության ուշադրությունը բեւեռվում էր միայն այս հանգամանքի վրա եւ բոլորը մոռանում էին, որ համենայն դեպս հայտնի մեղադրվողները ոչ թե հինգն են, այլ՝ 11-ը։ Թերեւս սա եւս խաղի կանոններից մեկն էր։ Պատգամավորներն իրենց չափով են անուշադիր եղել եւ նրանք եւս մասնակի հիշողության կորուստ են ունեցել, կարծում եմ՝ նաեւ լրագրողներս, որ երբեք չհետաքրքրվեցինք՝ համաներում ասվածը ո՞ր չափով է ազդելու «27»-ի գործի վրա։ Ասվածը կարող է նմանվել կռվից հետո սուր ճոճելուն։ Իսկ ԱԺ Իրավաբանության վարչության ղեկավար, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը հետեւյալ կարծիքին է. «Իմ պատկերացմամբ, զեկուցողն անպայման պարտավոր էր, հաշվի առնելով, որ դահլիճում նստած էին «Հոկտեմբերի 27»-ի մի քանի տասնյակ տուժողներ, ազնվորեն տեղեկացնել, որ այդ համաներումը մասնավորապես «27»-ի գործով ամբաստանյալների վրա հետեւյալ ազդեցությունը կթողնի։ Դրանից հետո, եթե ԱԺ-ի պատգամավորները կողմ քվեարկած լինեին եւ սկսեին չքմեղանալ, իհարկե, արժանի կլինեին ամեն տեսակի պարսավանքի։ Միայն մի բան կուզեի, որ ԱԺ պատգամավորները որոշ զեկուցողների նկատմամբ զգույշ լինեին, որովհետեւ դրանք իրենց զեկուցումները կազմելիս դուրս են գալիս մարդկային քաղաքակրթության տարրական կանոններից»։ Պետաիրավական հանձնաժողովի անդամ Ստեփան Զաքարյանն այս առիթով ասաց. «Սա այն դեպքն է, երբ ես շատ եմ ափսոսում, որ իրավաբանական կրթություն չունեմ։ Ցավոք, նյութերը գաղտնի էին եւ չէին կարող տրամադրվել, որպեսզի մասնագետների հետ խորհրդակցեինք։ Բայց, բոլոր դեպքերում, ինձ չեմ ներում, որ մտքովս չի անցել, որ դա կարող էր տարածվել «27»-ի հետ առնչություն ունեցող ինչ-որ անձերի վրա եւ հարց չեմ բարձրացրել այդ առիթով»:254 Համաներման մասին առաջարկ արվել էր դեռեւս անցած տարվա դեկտեմբերին։ Նախագահ Քոչարյանը մերժել էր այդ առաջարկը։ Եվ արդեն այս տարվա մայիսին ինքը հարցը ներկայացրեց ԱԺ։ Իրականում, եթե նույնիսկ դեկտեմբերին լիներ համաներում ասվածը, դարձյալ ազդելու էր «27»-ի ամբաստանյալների վրա։ Բայց չմոռանանք, որ գործի դատավարությունը դեռեւս սկսված չէր եւ բազմաթիվ չլուծված հարցեր կարող էին լինել։ Միաժամանակ, համաձայնենք, որ դատական նիստի ժամանակ, տուժողների եւ ամբաստանյալների, բազմաթիվ տեսախցիկների ներկայությամբ երկրում տեղի ունեցած թիվ 1 պետական հանցագործության կատարման մեջ մեղադրվողներից վեցին ազատելն ավելի ազդեցիկ է։ Շոկոթերապիան հզոր զենք է։ Արթնացե՛ք, պարոնայք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել