Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ Հայաստանի անկախացումն ու նրա տոտալ շրջափակումը, «Արարատցեմենտ» գործարանն իր աստատուն տեղն ուն

Հունիս 22,2001 00:00

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ՝ ԻԲՐԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ Մինչեւ Հայաստանի անկախացումն ու նրա տոտալ շրջափակումը, «Արարատցեմենտ» գործարանն իր աստատուն տեղն ուներ Հյուսիսային եւ Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Իրանի եւ Թուրքիայի, շուկայում։ Սակայն, 96-ին, կառավարությունը սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկում ներառեց նաեւ «Արարատցեմենտը»՝ միաժամանակ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է ոչ թե նոր, այլ՝ «միայն հին գործարանին»։ Վերջինս, ընդ որում, նախատեսվում էր սեփականաշնորհել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրման եղանակով։ Ավելի ուշ, արդեն Ռ.Քոչարյանի իշխանության օրոք, «Արարատցեմենտը» հայտնվեց միջազգային մրցույթով սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում։ «Արարատցեմենտի» վաճառքի ուղղությամբ իշխանությունների գործողություններն ակտիվացան, երբ անհրաժեշտ եղավ ինչ-որ կերպ սանձել քաղաքական ընդդիմադիր դաշտում հայտնված Արամ Սարգսյանին եւ միաժամանակ սահմանափակել «Հանրապետություն» կուսակցության ֆինանսական աղբյուրները։ Աճուրդին մասնակցելու համար հայտ ներկայացրեց նաեւ գործարանի կոլեկտիվը, որի շանսերն այսօր կախված են միայն իշխանությունների քմահաճույքից։ Ավելին, ոչ պաշտոնական եւ չճշտված տեղեկությունների համաձայն, այսօր գործարանի մրցույթում հայտ ներկայացրած երկու ընկերություններն էլ՝ շվեցարական եւ լիբանանյան, ընդամենը դրածոներ են, որոնք գործարանը գնելուց հետո, ամենայն հավանականությամբ, այն կվերավաճառեն «Միկա-ցեմենտ» գործարանի սեփականատեր Միքայել Բաղդասարովին։ Ընդ որում, լիբանանյան ընկերության ներկայացուցիչներից մեկը գործարանի ղեկավարների հետ անկեղծանալով ակնարկել է, որ իրենց «Արարատցեմենտի» տեղը ցույց է տվել Լիբանանում ՀՀ դեսպանությունը։ Ակնհայտ է, Բաղդասարովը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել ոչ միայն բենզինի, այլեւ՝ ցեմենտի բիզնեսը։ Հակառակ «Արարատցեմենտի» դեմ սկսված հակագովազդային արշավին միացած մի գործարարի պնդման, թե գործարանն արտադրում է ընդամենը 300 նմուշի արտադրանք, «Արարատցեմենտի» գլխավոր ինժեներ Արսեն Ավագյանի հավաստմամբ, գործարանն իրականում արտադրում է 400 նմուշի արտադրանք եւ դրանք ամենաորակյալն են Հայաստանում։ Ավելին, փորձագետների պնդմամբ, միայն «Արարատցեմենտի» արտադրանքն է համապատասխանում երկաթբետոնե կոնստրուկցիաների շինարարության համար անհրաժեշտ պահանջներին։ «Արարատցեմենտի» ղեկավարության պնդմամբ, գործարանը, նույնիսկ 10 տոկոս հզորությամբ աշխատելու պայմաններում, հնարավորություն ունի պատրաստի արտադրանք թողարկել, այսինքն՝ դառնալ նաեւ սեփական արտադրանքի սպառողը, ինչը նշանակում է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում։ Գործարանի աշխատողները կտրականապես դեմ են դրա միջազգային մրցույթով սեփականաշնորհմանը պարզ պատճառով՝ գործարան այցելած օտարերկրյա պոտենցյալ սեփականատերերը խոստովանել են, որ մասնավորեցումից հետո աշխատատեղերի կրճատումն անխուսափելի է, ինչը սոցիալական հավելյալ լարվածություն է ստեղծելու։ Գործարանի ղեկավարները ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են այդ հարցը։ Պատասխանը եղել է՝ բիզնեսմենին դա քիչ է հետաքրքրում։ Անդրադառնանք գազի մատակարարման խափանման պատճառով «Արարատցեմենտի» եւ «Միկա-ցեմենտի» արտադրանքի վաճառքի գնին եւ հարակից այլ հարցերի։ «Արարատցեմենտին» գազի մատակարարումը դադարեցվել է մայիսի 3-ին, «Միկա-ցեմենտինը»՝ մայիսի 7-ին։ «Արարատցեմենտի» գազամատակարարումը վերականգնվել է միայն հունիսի 19-ին, «Միկա-ցեմենտինը»՝ դրանից մի քանի օր ավելի վաղ։ Դա միտումնավո՞ր էր, թե՞ ոչ՝ այլ հարց է, բայց «Արարատցեմենտի» հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում «Միկա-ցեմենտը» լավագույն հնարավորություն ունեցավ կոնստրուկցիոն շինարարության համար ոչ պիտանի իր ցեմենտը սպառել, այդ թվում՝ նաեւ աղետի գոտում։ Փոխարենը, ոմանք սկզբնական շրջանում օգտվեցին հարմար պահից՝ վստահեցնելով, որ ցեմենտի գինը բարձրացել է, որովհետեւ «Արարատցեմենտը» չի աշխատում եւ ցեմենտ չի իրացնում։ Մ.Բաղդասարովն էլ պնդում է, թե իր գործարանը ե՛ւ գազի ճգնաժամի պայմաններում, ե՛ւ դրանից առաջ ու հետո, ցեմենտի 1 տոննան վաճառել է ոչ ավել, քան 21 հազար դրամով։ Նրա պնդմամբ, ցեմենտի գինը շուկայում արհեստականորեն բարձրացնում են վերավաճառողները։ Սակայն, մեր տրամադրության տակ է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ «Միկա-ցեմենտ» գործարանից ս/թ. հունիսի 16-ին, ի դեպ, երբ գազամատակարարումն արդեն վերականգնված էր, 1 տոննա ցեմենտը վաճառվել է ոչ ավել, ոչ պակաս՝ 25 հազար դրամով։ Այսինքն՝ պարոն Բաղդասրովը, մեղմ ասած, անկեղծ չէ՞ պետության եւ սպառողների հետ։ Եթե այո՝ մնում է հարցնել. արդյո՞ք սեփական արտադրանքը գովազդելը գործարարից պահանջում է փնովել մրցակցին։ Սա այն դեպքում, երբ, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով, այսօր «Միկա-ցեմենտի» պարտքը պետությանը կազմում է 800 հազար դոլար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Թե ինչո՞ւ ժամանակին չփակվեց Հրազդանի ցեմենտի գործարանը, ինպե՞ս վաճառվեց եւ ինչո՞ւ հատկապես Մ.Բաղդասարովին, կանդրադառնանք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել