Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՈՒՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՏԽՈՒՐ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Հունիս 21,2001 00:00

ԴՈՒՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՏԽՈՒՐ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Երեկ Գրողների միությունում չափազանց անշուք ու անհրապույր մթնոլորտում նշվեց Պետրոս Դուրյանի 150-ամյակը։ Ու թերեւս հենց այդ չտրամադրող մթնոլորտն էր պատճառը, որ ելույթ ունեցողները մերթընդմերթ հիշեցնում էին, որ Դուրյանի հոբելյանը այս կերպ պիտի չնշվեր։ Իսկ գրականագետ Ազատ Եղիազարյանն էլ, որ վարում էր միջոցառումը, հույս հայտնեց, որ կառավարությունը դեռ ինչ-որ բան կձեռնարկի՝ հավուր պատշաճի նշելու վաղամեռիկ բանաստեղծի 150-ամյակը։ Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը կարեւորելով Դուրյան տաղանդի մեծ ավանդը հայ գրականությունում, նաեւ ասմունքեց բանաստեղծի «Լճակը» (ի դեպ հենց բեմից զայրացած պահանջեց, որ խոսափողն անջատեն, որովհետեւ այն անընդմեջ սուլոցներ էր արձակում, թույլ չտալով խոսել)։ Նշելով, որ ընդամենը 20 տարի ապրած Դուրյանը մեր ամենաազգային բանաստեղծներից է, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը հետաքրքրական փաստեր ներկայացրեց բանաստեղծի կենսագրականից։ «Նա կրթվել սկսել է 6-7 տարեկանից։ 14-15 տարեկանում ֆրանսերենից թարգմանություններ էր անում, երբ մեր օրերում կան երեխաներ, որ այդ տարիքում նույնիսկ մայրենի այբուբենը չգիտեն։ Ընդամենը 1 տարվա ընթացքում թոքախտը կրծեց, տարավ նրան։ Հիվանդության տենդի, տագնապի մեջ գրել է «Տրտունջքը», իսկ նույն ժամանակ մոր արցունքները տեսնելով, «Զղջումն» է գրել»,- ասաց սրբազանը։ Միջոցառման ընթացքում նաեւ փորձեցին հին ձայնագրություն միացնել եւ հանդիսատեսն էլ պիտի գուշակեր, թե որ հայտնի ասմունքողն է Դուրյան կարդում։ Սակայն դա հանդիսատեսին չհաջողվեց, որովհետեւ 5-10 րոպե ապարդյուն փորձեր էին անում ձայնագրությունը միացնելու, սակայն՝ իզուր, «տեխնիկական անսարքությունները թույլ չտվեցին»… Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել