Լրահոս
Օրվա լրահոսը

Եռատում

Հունիս 21,2001 00:00

Եռատում Երկփեղկվածությունը Սփյուռքյան սինդրոմ է, իսկ եռափեղկումն արդեն քեզ ստիպում է լրջանալ։ Ես-ի երկատումը միշտ չէ, որ գեղարվեստական դրսւորում է գտնում։ Նյույորքաբնակ 3 երիտասարդ արվեստագետ, իրենց ինքնության, պատկանելության մասին ասող աշխատանքները հունիսի 20-ին ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) ներկայացրին սլայդների ցուցադրումով եւ վիդեոարտով։ Թալին Բերբերյանը ծնվել է հունահայ եւ բեյրութահայ ծնողներից՝ Լոս Անջելեսում, ավարտել է Սան Ֆրանցիսկոյում եւ ապրում է Նյու Յորքում։ Նա մեծապես ազդված է իր մորից, որը հագուստի մոդելավորող է եղել եւ մեծ կիրք է տածել կանացի կոշիկների հանդեպ։ Մոր եւ աղջկա ես-երի բախումը վերածվել է գունագեղ ինստալացիաների՝ կոշիկներով, բարձիկներով, վարագույրներով. կավը, գործվածքը, գուլպաները, ապլիկացիան, սլայդն ու լուսանկարը Թալինին լայն հնարավորություն են տվել մինչեւ վերջ անկեղծորեն բացելու իր կանացի հոգին, որն, այնքան տվայտանքներից հետո, գտել է ներդաշնակ ապրելու արվեստը։ Ռենե Գաբրին Իրան-Հունաստան-Ամերիկա թափառումների ավարտին հանգրվանել է Նյու Յորքում։ Վիդեոկամերան՝ իր խաղալիքը, վերածվել է գործիքի, որպեսզի նա նկարահանի իրեն շրջապատող մարդկանց միջանկյալ, սահմանային վիճակներում։ Նրա վաղ շրջանի 3 դիմանկարային տեսաֆիլմերը խոսում են հրեայի՝ ֆաշիզմի եւ դեմոկրատիայի, քաղաքի եւ գյուղի արանքում, եղբոր՝ կին-տղամարդ սահմանագծում տվայտողի, եւ մոր մասին, որը չի կարողանում կտրվել իր անցյալից, եւ իրեն շրջապատում է լուսանկարներով՝ ստեղծելով վերապրումի պատրանք։ Ռենեն ինքն էլ այդ սահմանային վիճակներում է։ Դյուրահաղորդ բնավորությունը նրան մտերմացնում է մարդկանց հետ, որոնց մասին ֆիլմ է նկարում այժմ Երեւանում, եւ հույս ունի այն ցուցադրել ամերիկյան հեռուստատեսությամբ։ Լինդա Գյանջյանը պոլսահայ ավանդական ընտանիքի աղջիկ է, իր մանրակերտ քաղաքն է կառուցում, Ոսկե Քաղաքը, որ միայն արվեստագետի վառ երեւակայությունը կարող է դարձնել իրողություն։ Լինդան իր աշխատանքը կցուցադրի հաջորդ շաբաթ։ Սփյուռքահայ երեք արվեստագետները երկամսյա իրենց այցի ընթացքում մեծ ցանկություն ունեն շփվելու հայաստանցի արվեստագետների հետ եւ հանդիպումները կօգնեն ճանաչելու իրենց, հայրենիքը եւ արվեստագետի աշխարհը։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել