Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողների հայցը բավարարվեց

Հունիս 21,2001 00:00

Ուսանողների հայցը բավարարվեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց Ավանդական բժշկության ինստիտուտից Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված տասնմեկ ուսանողների հայցը՝ ընդդեմ իրենց նախկին ինստիտուտի։ Այժմ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը արդեն օրենքով պարտավոր է բավարարել իր նախկին ուսանողների պահանջը՝ տրամադրելով նրանց ակադեմիական տեղեկանքները եւ անձնական գործերը։ Սակայն սա էլ Ն. Սարիբեկյանի համար հարգելի հանգամանք չէ, քանի որ հայտարարել է, թե չի պատրաստվում կատարել օրենքի պահանջը եւ, հավանաբար, դատարանի վճիռը կբողոքարկի վերաքննիչ դատարան։ Այս մասին տեղեկացանք ուսանողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արտավազդ Պետրոսյանից։ Վերջինս անդրադարձավ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտորի՝ ուսանողների հայցադիմումին տված պատասխանին։ Փաստաբանի գնահատականով՝ «այդ պատասխանում բերված փաստարկները նախ իրավաբանության, կոնկրետ մեր հայցապահանջի հետ որեւէ առնչություն չունեն եւ բացի այդ, բուհի ռեկտոր լինելով հանդերձ, Նորիկ Սարիբեկյանը իր նախկին ուսանողների հասցեին թույլ է տվել շատ կոպիտ արտահայտություններ»։ Ն. Սարիբեկյանը, ոչ ավելի, ոչ պակաս, «անբարոյական» է որակել իր նախկին ուսանողների պահվածքը՝ թեեւ 18-20 տարեկան այդ աղջիկների միակ մեղքն այն է, որ ցանկացել են, «պատշաճ կրթություն ստանալու» հիմնավորմամբ, իրենց կրթությունը շարունակել Հայկական բժշկական ինստիտուտում՝ դժգոհ լինելով նախկին բուհի ուսման որակից։ Ռեկտորը իր նախկին ուսանողներին նաեւ «շանտաժիստ, ստախոս ու կեղծարար» գնահատականներին է արժանացրել եւ ուսանողների շահերի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի որակմամբ՝ «սա անձնական վիրավորանք է» եւ կարող է քրեական գործ հարուցելու խնդրանքով դատախազությանը դիմելու հիմք հանդիսանալ։ Ի դեպ, Ն. Սարիբեկյանը, փաստաթղթերը վերադարձնելու իր մերժումը հիմնավորում է նրանով, որ խախտվել է բուհից բուհ տեղափոխման կարգը եւ միջնորդել էր դատարան հրավիրել նաեւ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության ներկայացուցչին։ Սակայն վերջինս նույնպես վկայել է, որ Ն. Սարիբեկյանը պարտավոր էր տալ ուսանողների փաստաթղթերը, նրանց իրավունքն է ընտրել, թե որ բուհում պետք է սովորեն եւ ոչ ոք իրավունք չունի ուսանողներին խոչընդոտել։ Ծառայության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ իրենք եւս մի քանի անգամ պահանջել են, որ Ն. Սարիբեկյանը վերադարձնի ուսանողների փաստաթղթերը եւ ակադեմիական տեղեկանք տա։ Դատավոր Աիդա Դավթյանը Ա. Պետրոսյանի գնահատականով՝ «դրսեւորել է պրոֆեսիոնալ մոտեցում եւ կայացրել արդարացի վճիռ, իսկ վերաքննիչ դատարան դիմելը ժամանակի, էներգիայի վատնում է ու անիմաստ քաշքշուկ»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել