Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի

Հունիս 21,2001 00:00

Ընդդեմ բռնագաղթման Հունիսի 20-ն այսուհետեւ ողջ աշխարհում նշվելու է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության 2000թ. դեկտեմբերին ընդունած որոշման։ Եվ ամեն տարի այդ օրը մեծ մարդասեր Նանսենի անվան մեդալ է շնորհվելու այն անհատներին, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել են երկրագնդի վրա փախստականների գլոբալ խնդիրը որեւէ կերպ լուծելուն։ Այս տարի Նանսենի մեդալը շնորհվել է օպերային հայտնի երգիչ Լուչանո Պավարոտիին, որն իր համերգներից ստացած հասույթից 2 մլն դոլար նվիրաբերել է փախստականների խնդիրների լուծմանը։ Փախստականների համաշխարհային օրվա առթիվ երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվեց Հայաստանում բնակվող փախստականների ստեղծագործությունների (գեղանկար, քանդակ, ասեղնագործություն եւ այլն) ցուցահանդես-վաճառքը։ Բացելով ցուցահանդեսը, ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Լլոյդ Դեյքինը ներկայացրեց ողջ աշխարհում առկա այդ ծանրագույն խնդիրը, ՄԱԿ-ի կատարած աշխատանքները՝ փախստականների ինտեգրացման, հոգսերի լուծման առումով, նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ իրենց հետ սերտ համագործակցության եւ ընդհանրապես, փախստականների խնդիրներով լրջորեն զբաղվելու կապակցությամբ։ Թերեւս այս խոսքերն ավելի շատ վերաբերում էին ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ կառավարությանն առընթեր Փախստականների հարցերի եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանին, ում նախանձախնդիր աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ Հայաստանում փախստականների վիճակը շատ ավելի բարվոք է, քան աշխարհի այլ երկրներում, եւ մասնավորապես, Ադրբեջանում։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը եւ, հուսանք, որ փախստականների նկարած, քանդակած, ասեղնագործած աշխատանքները գնելու ցանկություն ունեցողներ շատ կլինեն. դրանով նրանք մի փոքր կօգնեն ճակատագրի բերումով գաղթական դարձած մարդկանց եւ ձեռք կբերեն իրոք գեղեցիկ եւ արժեքավոր գործեր։ Ի դեպ, ՄԱԿ-ի գրասենյակի միջանցքում փակցված պաստառների վրա (որոնք տեղեկացնում էին, որ հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է) նկարված էր Ալբերտ Էյնշտեյնը՝ «Հանճարներն էլ են փախստական լինում» պարզաբանությամբ։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել