Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտես ինչից ելնելով ենթադրեց Խոսրով Հարությունյանը

Հունիս 21,2001 00:00

«ԳԻՏԵՄ, ՈՐ «ԱՌԱՎՈՏԸ» ՕԲՅԵԿՏԻՎ ՉԻ ԼԻՆԻ» Չգիտես ինչից ելնելով ենթադրեց Խոսրով Հարությունյանը Երբ Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանին հարցրինք. «2001 թվականն արդեն կիսվել է։ Ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ իրականացված տոնական միջոցառումները», պրն Հարությունյանը սկզբում համեստորեն առաջարկեց՝ «Թող ժողովուրդը դատի», մինչ այդ նկատելով՝ «ես չէ, որ պիտի գնահատեմ կատարած աշխատանքները»։ Ապա երեւի ժողովրդի փխրուն ու առանց այդ էլ կոտրված ուսերին չնախատեսված ծանրություն չդնելու ցանկությամբ, որոշակիացրեց. «Դուք պետք է գնահատեք. մասնակիցները, ներկաները»։ Հետո էլ, ցանկացած գնահատականի դեպքում ապահովագրված լինելու համար ենթագիտակցորեն (թե՞ գիտակցորեն) ավելացրեց. «Թեեւ գիտեմ, որ «Առավոտը» օբյեկտիվ չի լինի»։ Դե եթե պրն Հարությունյանը «օբյեկտիվ» ասելով հասկանում է «հիացած», պիտի նշենք, որ հիանալու առանձնապես շատ բան չկար։ Իսկ եթե օբյեկտիվ լինենք, չենք կարող չփաստել, որ Աշխարհի ժողովուրդների երաժշտության փառատոնը հրաշալի էր՝ ե՛ւ մտահղացմամբ, ե՛ւ կատարողականով։ Առանձնապես հիացած չենք (մասնագետները՝ եւս) Ռավենայի բիենալե տարված աշխատանքներով, թեեւ չենք կարող ժխտել, որ կային նաեւ բացառիկ հաջող գործեր։ Նույնը վերաբերում է նաեւ հունիսի 16-ին բացված ցուցահանդեսին։ Իսկ եթե է՛լ ավելի օբյեկտիվ լինենք, պիտի հերթական անգամ հիշենք Ամանորյա չհաջողված, թանկարժեք լուսային էֆեկտներով թատերականացված միջոցառումը։ Մի խոսքով, մեր օբյեկտիվությունը պրն Հարությունյանի սրտով չէ, նրանը՝ մեր։ Այնուամենայնիվ, պրն Հարությունյանը «ընդհանուր առմամբ՝ բավարար» գնահատեց մինչ այժմ իրականություն դարձած միջոցառումները։ Իսկ երբ խնդրեցինք նշել ամենահաջողվածը, նա նկատեց, որ «դժվար է համեմատել որեւէ միջոցառում մյուսի հետ, որովհետեւ շատ տարբեր են, եւ ամեն մեկը յուրովի հաջողված է»։ Հետո պրն Հարությունյանը պատասխանատվությունը փոքրիշատե թոթափելու ցանկությամբ ավելացրեց, որ այս միջոցառումները եւ ընդհանրապես Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը միայն իր գործը չեն. «Սա մի առիթ է վերականգնելու մեր պատմական անցյալը, վերարթնացնելու մեր պատմության էջերի, հավատի հանդեպ սեր եւ հարգանք եւ այս գործը միայն անձով չի պայմանավորված, այս գործում մեծ է նաեւ հասարակության, լրատվության միջոցների դերը։ Նաեւ՝ «Առավոտի» դերը»։ Պրն Հարությունյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ե՞րբ է վերադառնալու Բրիտանական թանգարան տարված ցուցահանդեսը՝ նվիրված քրիստոնեության 1700-ամյակին, քանի որ մտահոգված էինք, թե ինչո՞ւ պիտի մեր տուրիստների ա՜յն՝ 300 հազարանոց բանակը (մնացինք սպասելով) չտեսնի այդ նմուշները, իսկ բրիտանացիներն ու Բրիտանական թանգարանի այցելուները տեսնեն։ Պրն Հարությունյանը որպես ցուցահանդեսի վերադարձի ժամկետ «կարծեմ թե»-ով նշեց տարեվերջը։ Փոխարենն իմացանք, որ մեր ցուցահանդեսն այնտեղ մեծ հաջողություն է ունեցել եւ անգամ տեղի լրատվամիջոցներն այդ ցուցահանդեսը համարել են 2001 թ. Լոնդոնի մշակութային կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել