Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում,

Հունիս 21,2001 00:00

Ծառայության պետը պատասխանում է մեղադրանքներին Հայաստանում, առաջինը տարածաշրջանում, սկսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման գործընթացը: Պետությունը կպարզի, թե պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները որքանով են կատարում մասնագետներ պատրաստելու եւ անձ ձեւավորելու իր պատվերը: Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի, պետության պատվերը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով, որը հաստատվել է 2001թ. հունվարի 16-ին՝ ՀՀ կառավարության N 24 որոշմամբ: Քանի որ մեզ մոտ պատրաստում են բարձրագույն կրթության մասնագետներ 200-ից ավելի մասնագիտություններով, ապա անհրաժեշտություն է առաջանում մանրամասնեցնել ներկայացվող պահանջները ըստ յուրաքանչյուր դասընթացի, առարկայի, որին մենք անվանում ենք մասնագիտական չափորոշիչներ: Դրանք ժամանակին տրվել են ուսումնական ծրագրերով, որոնք ժամանակի հետ համահունչ կատարելագործվում են եւ մեզ մոտ էլ այն կատարելագործման փուլում է: Այժմ մի քանի խոսք, թե հավատարմագրման ի՞նչ ճանապարհ ենք ընտրել մենք: Ըստ 2000թ. հուլիսի 7-ի ՀՀ կառավարության N 372 որոշմամբ հաստատված պետական հավատարմագրման կարգի, հավատարմագրումը պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության հիմնավորումն է, լիցենզավորման պահանջների կատարման գնահատումը, ուսումնական հաստատության ուսումնագիտական ստորաբաժանումների գործունեության արդյունավետության գնահատումը եւ ուսումնական հաստատության զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները: Այս պահանջներն ավելի կոնկրետացված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված 14 ցուցանիշներով, որոնց մեջ մտնում են ուսումնական հաստատության ուսումնանյութական բազան, գրադարանային եւ տեղեկատվական համակարգի առկայությունը, պրոֆեսորադասախոսական կազմի որակավորումը, գիտական կադրերի պատրաստման վիճակը, գիտահետազոտական եւ գիտամեթոդական աշխատանքների առկայությունը, ուսանողների եւ շրջանավարտների որակական ցուցանիշները եւ այլն: Այս գործընթացը իրականացվում է 3 փուլով: Նախ բուհը վերլուծում է իր ուսումնական գործունեությունը, համոզվում, որ բուհը կամ նրա որեւէ մասնագիտությունը պատրաստ է հավատարմագրման: Այդ աշխատանքն ավարտվում է մի ստվար փաստաթղթի ստեղծումով, որը կոչվում է ինքնավերլուծություն: Այնուհետեւ այդ փաստաթուղթը բուհը ներկայացնում է անկախ փորձաքննության, որը ստուգում է բուհի ուսումնական գործունեության արդյունավետությունը՝ ըստ նշված 14 ցուցանիշների: Երրորդ փուլում իրականացվում է ուսանողների ամփոփիչ ատեստավորում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության քննական հանձնաժողովների կողմից, ըստ 1997թ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաստատած պետական քննական հանձնաժողովների ստեղծման մասին կարգի: Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի, անհրաժեշտ է, որ երկու տարի անընդմեջ շրջանավարտների առնվազն 60%-ը ատեստավորվի, այսինքն՝ նրանց պատրաստման որակը եւ մակարդակը համապատասխանեն կրթական չափորոշիչների պահանջներին: Այս երեք փուլերի դրական արդյունքներով միայն պետական կամ մասնավոր բուհը կհամարվի հավատարմագրված, այսինքն՝ պետության կողմից ճանաչված: Այս պահին 30 մասնավոր բուհերի շրջանավարտներ մասնակցում են պետական ավարտական քննություններին: Միջին առաջադիմությունը այսօր կազմում է 78%, որը դանդաղ, բայց անընդհատ նվազում է: Մի քանի բուհերի որոշ մասնագիտությունների գծով ունենք նաեւ 60%-ից ցածր արդյունքներ, որը դրանց կզրկի հավատարամագրման հնարավորությունից: Ռ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել