Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործով համաներում կիրառվեց

Հունիս 21,2001 00:01

Երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Հոկտեմբերի 27» քրգործով 6 ամբաստանյալներ Արմեն Գասպարյանն ու Ավետիք Մինասյանը (նրանց մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրօրի 184 հոդվածով), Սարգիս Եթիմյանն ու Սաշիկ Ղլեչյանը, Միսակ Մկրտչյանը (մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրօրի 232 հոդվածի 1-ին մասով), Արմեն Հարությունյանը (մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրօրի 84 հոդվածով)։

Տեղեկացնենք պարզապես, որ Ա. Գասպարյանը ձերբակալվել էր 1999 թ. դեկտեմբերի 6-ին, Ա. Մինասյանը՝ նույն թվականի դեկտեմբերի 23-ին, Ս. Եթիմյանը՝ դեկտեմբերի 13-ին, Ա. Հարությունյանը՝ 2000 թ. փետրվարի 28-ին։ Ս. Ղլեչյանը ձերբակալվել էր 1999 թ. դեկտեմբերի 13-ին։ Մ. Մկրտչյանի եւ Ս. Ղլեչյանի նկատմամբ հետագայում խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ բնակավայրից չբացակայելու մասին։

Երբ խորհրդակցական սենյակից վերադառնալով Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանն ընթերցում էր «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման պահանջները եւ դատարանի որոշումը, Ա. Գասպարյանը լալիս էր։

Դահլիճում լալիս էին Ա. Մինասյանի եւ Ա. Գասպարյանի հարազատները։ Հայտարարվեց ընդմիջում եւ 6 նախկին ամբաստանյալներն ուղղակի «թռան» դահլիճից։

Մենք հասցրինք մի քանի կադրեր անմահացնել պատմության համար։ Ժամը 16.35-ին Նաիրի Հունանյանը դահլիճում միայնակ էր եւ ակնհայտորեն շփոթված։ Փաստորեն, 13 ամբաստանյալներից 6-ը ազատ արձակվեցին, 6 ամբաստանյալներ էլ դատարանի որոշմամբ չեն մասնակցում ամբաստանյալ Ն. Հունանյանի հարցաքննությանը։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանն իր հարցը սկսեց ԱԺ դահլիճի կրակոցներից. «Եթե դահլիճում չպառկեին ԱԺ պատգամավորները, լրագրողները, կառավարության անդամները, կլինեի՞ն զոհեր» եւ, թե պլանավորվա՞ծ էր «պառկեցնելը հատակին», ինչին ամբաստանյալը պատասխանեց. «Արդեն ասել եմ, որ դիտավորություն կամ ծրագիր չի եղել»։ Ամբաստանյալը նաեւ հայտնեց, որ շարժումներ նկատելու դեպքում են կրակոցներ արձակվել։ Հետեւեց մեղադրողի հետեւյալ հարցադրումն այս կապակցությամբ. «Ըստ ձեր վկայության՝ Վազգեն Սարգսյանը շարժո՞ւմ է արել, սպանվել է, Լեոնարդ Պատրոսյանը շարժո՞ւմ է արել, սպանվել է, Ռուբեն Միրոյանը շարժո՞ւմ է արել, սպանվել է…»։

«Ես ենթադրություն անել չեմ ուզում» ասելով, ամբաստանյալը փորձեց խուսանավել։ Օրինակ, նա պատասխանելով մեղադրողին, ասաց, որ չգիտի, թե մինչեւ ԱԺ դահլիճ մտնելը Մ. Քոթանյանը վիրավորված է եղել, թե ոչ։ Նա «որեւէ տեղեկություն» չուներ նաեւ Մ. Քոթանյանի «շարժում» անելու մասին։ Փոխարենը, դատարանին տեղեկացրեց, որ Մ. Քոթանյանը վիրավորվել է անկանոն կրակոցների արդյունքում. «Եվ նշանառու կրակոց նրա անձի ուղղությամբ եւ նրա անձի վրա չի եղել»։

Եվ քանի որ ամբաստանյալը տվյալ պահին չի եղել դահլիճում, փորձվեց ճշտել, թե ինչի՞ հիման վրա է վկայում այդ մասին։ «Երբ ես դահլիճ եմ մտել, եղբայրս՝ Կարենը, խառը կրակոցներ էր արձակում, որից հետո, երբ ես արդեն դահլիճում եմ եղել, այդ հատվածի վրա եւ այդ ուղղություններով այլեւս կրակոցներ չեն եղել։ Հետեւաբար,- շարունակեց ամբաստանյալը,- Քոթանյանը կարող էր վիրավորվել միայն այդ սկզբի խառը կրակոցներից։ Նաեւ դահլիճում եղած ժամանակ նույն բանը լսել եմ բազմաթիվ մարդկանց զրույցների ընթացքում»։

Այս հարցուպատասխանն իր տրամաբանական շարունակությունը, սակայն, չստացավ. այն է՝ ո՞ւմ զրույցների ընթացքում է լսվել վերոնշյալը։ Սակայն մեր տպավորությամբ կողմերն առայժմ չեն բացում իրենց զինանոցը եւ կարծես «տրամադրություններ են շոշափում»։

– Դուք հիշո՞ւմ եք, թե որտեղ էր կանգնած ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը։

– Այդ պահին ես նրա անձը չեմ նկատել եւ իմ համար չեմ ճշտել, կարո՞ղ եմ տեսած լինել ինչ-որ մի դիրքով, փաստացի չեմ հիշում,- շարունակեց ամբաստանյալը։ Զղջման ինչ-որ տարրեր երեկ, կարծես, նկատվեցին ամբաստանյալի խոսքում, այն է. «Եթե հայացքս մշուշով պատված չլիներ եւ ես գտնվեի հավասարակշռված, նորմալ վիճակում, բնականաբար, ես ինչ-որ շարժումներ անելով չէի կրակի, այլ կփորձեի նորմալ տրամաբանությամբ չափել իմ ենթադրած վտանգի գոյությունը եւ մեծությունը»։

Եվ ապա կրկին վերահաստատելով սպանությունների չծրագրված լինելը՝ բացառեց նաեւ «միֆական ուժերի» մասնակցությունը։ Ամբաստանյալը խոսելով Աթաթուրքի դամբարան այցելելու, փոխարենը տատի գերեզման չայցելելու մասին, նշեց, որ ինքը չի սիրում գերեզմանոցներ այցելել։ Իսկ Աթաթուրքի դամբարան այցելելն «արդարացրեց», տեղեկացնելով, որ 1964 թվին Վազգեն Ա. կաթողիկոսն էլ է այցելել եւ ծաղկեպսակ դրել։ Իր գործողությունների համար ասաց նաեւ, որ պատրաստ է եղել ցանկացած պատասխանատվություն ստանձնելու «արածի, չարածի եւ անելիքի համար»։

Ամբաստանյալը երեկ դարձյալ ցանկություն հայտնեց տեսակցել իր պաշտպանի՝ փաստաբան Արտավազդ Կարապետյանի հետ։ Վերջինիս հետ նա առանձնազրույց էր ունեցել նաեւ հունիսի 18-ի դատաքննության ընդմիջման ժամանակ։ Ես փորձեցի ճշտել, թե ինչի շուրջ են զրուցել նրանք։

Պրն Կարապետյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը մտահոգված էր բանաստեղծությունների տպագրման ճակատագրով։ Եվ նաեւ հայտնեց, որ Ն. Հունանյանը «ՀՀ» օրաթերթ է շարունակում ստանալ եւ գիտի իր՝ ԱԱՆ-ից ՆԳՆ մեկուսարան տեղափոխվելու քննարկումների մասին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930