Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ասում

Հունիս 21,2001 00:00

«ԱՇՆԱՆ ԿԿՎԻ ՊԵՍ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՄԵՂՐԻ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ» ասում է նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը -Ժնեւի հանդիպման չկայանալը, Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդեն իսկ ուրվագծվող համաձայնագրի ձախողումը կարո՞ղ է հիմնավոր դարձնել այն համոզումը, որ Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը, առանց լուծելու այն խնդիրը, որը եւ նրան իշխանության բերելու առիթ կամ պատճառ էր դարձել։ – Առիթը կամ պատճառը ոչ թե այդ հարցի լուծումն էր, այլ ինչպե՛ս լուծելու նկատմամբ ունեցած տարբեր մոտեցումները։ Չեմ կարող, իհարկե, ինչ-որ ժամկետներ նշել, թե խնդիրը երբ կլուծվի կամ թեկուզ կնշմարվի հանգուցալուծումը։ Կարող եմ միայն նշել, թե ինչպես կլուծվի՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա։ Նաեւ ասվել է, որ Ժնեւի հանդիպման հետաձգումը Հայաստանի մեղքով չեղավ։ Չեմ կարծում, թե փարիզյան սկզբունքների հիման վրա լուծման հնարավորությունն արդեն սպառված է։ Ընդհակառակն։ – Համաձայն չե՞ք ԼՂՀ նախագահի այն դիտարկմանը, որ փարիզյան սկզբունքները ձախողվել են։ – Նա մի քիչ այլ կերպ էր ասել։ Կարծես խոսքն առավել Ժնեւի հանդիպման մասին է։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, փարիզյան սկզբունքների հիման վրա լուծումն այսօր միակ հնարավորն է, որ կարող են բավարարել կողմերին եւ կայուն խաղաղության հիմք դառնալ։ – Որքանո՞վ է Մեղրիիով Ադրբեջանին միջանցք տրամադրելը տեղավորվում այդ երեք հայտնի սկզբունքների շրջանակում։ – Բավական զվարճալի է տեսնելը, թե ինչպես են հրապարակի վրա չեղած խնդիրները դառնում տարբեր ենթադրությունների եւ վեճերի առարկա։ Նշեմ, որ ցանկացած հակամարտություն չի կարող համարվել կարգավորված, մինչեւ չվերաբացվեն ամեն տեսակ հաղորդակցական ուղիները։ Բայց տարածքների փոխանակման մասին չդադարող լուրերից այսպիսի միտում եմ տեսնում՝ կարծես ուզում են այդ մասին անընդհատ խոսել, հերքում ստանալ, որ այդ թեման անընդհատ քննարկվի։ Հաճախ փորձեր են արվում բուն խնդիրը՝ Ղարաբաղի եւ տարածաշրջանի հարցերը մի կողմ թողնելով սկսել մանր կամ արհեստական թեմաներ որոնել։ Իհարկե, երբ ընդդիմություն ես՝ միշտ պետք է ինչ-որ թեմա գտնես իշխանություններին հարվածելու համար։ Բայց երբեմն ուզում ես հարց տալ՝ որքա՞ն կարելի է, արդեն ձանձրալի է։ Գոնե մի ուրիշ թեմա գտնեն։ Թե չէ, Բագրատյանի ասածի պես, ամեն անգամ աշնան կկվի պես Մեղրի, Մեղրի են կանչում։ – Ղարաբաղի հարցը շահարկելը բնավ վերջին 3 տարիներին չէ, որ հատուկ է։ Նախկինում նույնի դրսեւորումները շատ ավելի ցայտուն էին։ – Այո, իրոք սա հին պատմություն է։ Նման փորձեր թերեւս արվում են Հայաստանի անկախացումից ի վեր։ Տեր-Պետրոսյանի շրջանում, ասենք, երկար տարիներ շահարկվում էր Գոբլի ծրագիրը։ Հիմա էլ թեման շարունակում են՝ անունը փոխելով։ Բայց Ղարաբաղի խնդիրը շատ ավելի լուրջ քննարկումներ է ենթադրում, քան նման արհեստական թեմաները։ Իմ կարծիքով, պետք է նախ մի հարցի պատասխանենք, թե ինչ է իրենից ներկայացնում Հարավային Կովկասը, դրա երեք պետությունների ապագան։ Խոսվում է տարածաշրջանային համագործակցության մասին։ Ղարաբաղի խնդրի լուծումն, իմ կարծիքով, պետք է գտնել այդ հարթության մեջ։ Եվ գուցե շատ հարցեր, որ այսօր խորհրդանիշերի մակարդակով սառը պատերազմի առիթ են դառնում կողմերի միջեւ, այդ հայացքով այլեւս երկրորդական թվան։ Ուղղակի պետք է հասկանանք, որ 1996-ից հայտնի այս երեք հիմնադրույթների շրջանակից դուրս, Ղարաբաղի հարցի լուծում չի լինի եւ մտածենք տարածաշրջանի եւ Հայաստանի ապագայի մասին։ – Այնուամենայնիվ, Մեղրիի խնդիրն արհեստական կամ հորինված չէ. հիշեցնեմ, որ Ադրբեջանին Նախիջեւանի հետ «ինչ-որ կապ» տրամադրելու անհրաժեշտության մասին վկայել էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ իր աղմուկ հանած հեռուստահարցազրույցում։ – Ասվածի առնչությամբ մի զուգահեռ տանենք՝ Խորհրդային Միության օրոք Հայաստանը միջա՞նցք էր տրամադրել Ադրբեջանին։ – Բայց եթե հակամարտության կարգավորումը ենթադրում է հաղորդակցությունների վերաբացումը, էլ ավելորդ չե՞ն հավելյալ «ինչ-որ կապի» մասին պայմանավորվածությունները։ – Այս բոլոր դատողությունները ենթադրությունների հիման վրա են։ Երբ այդ առաջարկները հայտարարվեն եւ այնտեղ գտնեն Հայաստանի պետության, ժողովրդի կամ ընդդիմության համար անընդունելի կետեր՝ թող բացահայտ ասվեն։ Բայց քանի այդ բանակցությունները գաղտնի են՝ դրանց շուրջ զրույցները Կիկոսի մահի պես մի պատմություն են։ Եվ չեմ ցանկանում, նորից այդ հեքիաթը վերհիշելով՝ հոր դերում լինել եւ ասել, որ ամենախելոքը ես դուրս եկա։ – Ի տարբերություն Կիկոսի մահվան, այս պարագայում որոշ հանգամանքներ ավելին են, քան փաստը։ Ասենք, փաստ է, որ Հայաստանի իշխանական վերնախավում խլրտումներ չի առաջացնում «տարածքները՝ կարգավիճակի դիմաց» գաղափարը եւ այլեւս ընդվզում չի առաջացնում Լաչինից բացի այլ ազատագրյալ կամ գրավյալ շրջանները զիջելու հեռանկարը։ – Ես այդպես չէի ասի, թե տարածքները կարգավիճակով են փոխանակվելու։ 1998-ից հետո որդեգրված այս մոտեցման ամբողջ գաղափարախոսությունը երկար չարչրկված «փաթեթային» կամ «համապարփակ լուծում» անվանումն է։ Թե այդ փաթեթի մեջ ինչ կլինի՝ եկեք այսօր ենթադրություններ չանենք։ Ինձ համար այդքան մեծ նշանակություն չունի, թե այդ տարածքներն ինչ կկոչենք՝ ազատագրվա՞ծ, գրավվա՞ծ, թե՞ որեւէ այլ կերպ։ Տարածքների խնդիրը, Ադրբեջանի վերաբերյալ 907 բանաձեւը… այս ամենը հակամարտության կարգավորման տարրեր են եւ դրանցից մեկի մասին առանձին խոսելուց միշտ երկընտրանքի առջեւ ենք հայտնվում՝ ի՞նչ զիջել, ի՞նչ պահել։ Այ, երբ որ փաթեթը կդիտարկվի իր ամբողջության մեջ՝ ամեն ինչ շատ ավելի հստակ կարելի է գնահատել։ Բայց ես վստահ եմ, որ Ղարաբաղի խնդրի լուծումը, անորոշ երկար տարիներ չի ձգվելու։ Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը լուծելու է այդ խնդիրը։ Եվ ես վստահ եմ նաեւ, որ այն լուծումը, որ կընդունենք, կլինի շահեկան Հայաստանի համար։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել