Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավական տեսանկյունից «Հոկտեմբերի 27»-ի ամբաստանյալների նկատմամբ ԱԺ որոշմամբ կիրառված համաներման փաս

Հունիս 21,2001 00:00

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾԵՑ Իրավական տեսանկյունից «Հոկտեմբերի 27»-ի ամբաստանյալների նկատմամբ ԱԺ որոշմամբ կիրառված համաներման փաստում խոցելի ոչինչ չկա. խորհրդարանը որոշել է, դատարանը՝ կիրառել։ Այդ էր, թերեւս, պատճառը, որ դատարանում մեղադրողներն ու տուժողների փաստաբաններն առարկելու պատճառաբանություններ չունեին։ Մեղադրողներից մեկն անգամ նետել էր, թե ասելու բան չունի՝ որոշումն ԱԺ-ն է ընդունել։ Նման առաջարկությամբ ԱԺ-ին դիմել էր նախագահ Քոչարյանը։ Բնականաբար, սույն որոշման նախագիծն էլ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում քննարկման էր ներկայացրել նախագահի աշխատակազմը։ Սակայն անդրադառնանք հարցի քաղաքական ենթատեքստին եւ «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ ընդհանրապես։ 2000-ի հունիսին հանցակազմի կամ բավարար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ կարճվում են գործերը Ալեքսան Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Նաիրի Բադալյանի եւ Մուշեղ Մովսիսյանի նկատմամբ, հետո գործի են դրվում իշխանական քարոզչամիջոցներն ու նպատակաուղղված կերպով վարկաբեկում զոհվածներին եւ փորձում մեղմացնել ոճրագործների հանցանքը։ Ի վերջո, կարծես, հանցագործների շրջանակն էլ ավելի նեղացնելու համար իշխանությունները նախագահ Քոչարյանի գլխավորությամբ համաներում են հայտարարում, որի տեքստը դեմ են տալիս պատգամավորներին՝ նախապես զգուշացնելով, ինչպես նախարար Դավիթ Հարությունյանն էր արել, որ օրենսդիրների առաջարկություններն ու առարկությունները տեքստի վերաբերյալ ոչ մի նշանակություն չեն ունենալու։ Ինչո՞ւ։ Ծնվում են մի քանի այլ եւ տրամաբանական հարցադրումներ։ Պետական հանցագործության մասին չհայտնելու դեպքում համաներման կիրառումը, բացի այն, որ ինքնին աննախադեպ է, այլեւ, ըստ մեր աղբյուրների, կիրառվել է միայն «27»-ի գործով ամբաստանյալի նկատմամբ՝ ինչո՞ւ։ Երկրորդ, արդյո՞ք կարելի էր համաներում կիրառել գործով մի ամբաստանվողի նկատմամբ, որը, մեկ այլ ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքով, ոչ միայն իմացել է նախապատրաստվող ոճրագործության մասին, այլեւ ընդգրկված է եղել հիմնական խմբում եւ համաձայնություն է տվել դեռ հոկտեմբերի 13-ին նախատեսված ահաբեկչությանը մասնակցելու համար եւ միայն ինչ-ինչ պատճառներով չի մասնակցել դրան։ Երրորդ, եթե համաներումն այլ միտում չի ունեցել, ապա ինչո՞վ բացատրել, որ պետության դեմ կատարված այդ ծանր հանցագործությանը, թեկուզ անուղղակի նպաստած ամբաստանյալներն ազատ են արձակվում, իսկ Աշոտ Բլեյանը, որի մեղքը դատարաններն այդպես էլ չեն կարողացել հիմնավորապես ապացուցել, դուրս է մնացել համաներման ենթակաների ցանկից։ Այդ ամենի մասին դեռ պետք է խոսել։ Գուցե, այնուամենայնիվ, իշխանությունների քայլերը փոխկապակցված են եւ միտո՞ւմ ունեն։ Թերեւս՝ այո։ Մեկնաբանություն տալու խնդրանքով դիմեցինք «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին։ Վերջինս ասաց, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվողների նկատմամբ համաներման կիրառումը, անշուշտ, օրենքի շրջանակում է։ Ինչ վերաբերում է հարցի քաղաքական ենթատեքստին, պարոն Բազեյանն ասաց, որ իրենք անպայման հանդիպելու եւ կատարվածը վերլուծելու են զոհվածների շահերը պաշտպանող փաստաբանների հետ։ Առկա հարցադրումները ճշտելուց հետո որոշակի արձագանք կարող է լինել։ Ա.Բազեյանը նկատեց նաեւ, թե ամբաստանյալների մի մասի ազատ արձակումն, անշուշտ, որոշակի հոգեբանական նշանակություն կունենա ոճրագործ հնգյակի համար։ ՀԺԿ ներկայացուցիչ եւ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանն էլ խոստովանեց, որ կուսակցությունը դեռ չի հասցրել այդ հարցը լուրջ քննարկել եւ սպասում է դատավարության ավարտից հետո տուժողների փաստաբանների հետ հանդիպմանը։ Պատասխանելով մեր այն հարցին, թե համաներման որոշումն ընդունած ՀԺԿ պատգամավորներն արդյո՞ք տեղյակ էին, որ համաներումը տարածվելու է նաեւ «27»-ի գործով ամբաստանյալների վրա, պարոն Մկրտչյանը խոստովանեց՝ տեղյակ չէինք։ Իսկ դրան տեղյա՞կ էին հանձնաժողովի նախագահ Վ.Դալլաքյանը, կամ ՀԺԿ անդամ իրավագիտության դոկտոր Վլ.Նազարյանը։ Մնում է զարմանալ, թե օրենսդիրները որեւէ օրենք կամ որոշում ընդունելուց առաջ, ընդհանրապես կարդո՞ւմ են, թե ինչ են ընդունում։ Մեր զրուցակիցներից շատերի արձագանքը՝ երեկ դատարանում տեղի ունեցածի քաղաքական ենթատեքստի առնչությամբ այս էր՝ «Իշխանություններն աննուղղակիորեն լրացուցիչ հույսեր եւ երաշխիքներ են տալիս Ն.Հունանյանին ու նրա խմբի մյուս մասնակիցներին։ Մնում է սպասել, որ մի գեղեցիկ օր Հունանյանն էլ համաներման ցուցակում կհայտնվի կամ դատավարության ընթացքում կփոխվի,չ եւ կմեղմացվի նրա հանցանքը»։ Իրոք, ամեն ինչ սպասելի է չափազանց գրագետ եւ հստակ գործող այս իշխանություններից, առավել եւս, որ ընդդիմության դաշտում գործող եւ «27»-ին հետամուտ ուժերն են չափազանց տգետ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել