Լրահոս
Օրվա լրահոսը

Գրի-գրչության

Հունիս 20,2001 00:00

Դիմանկար Գրի-գրչության այս վատ ժամանակներում հեռուստալրագրողը Լեւոն Անանյանին հարցրեց. – Ինչպիսի՞ ջանքերով եք «ոտի վրա» պահում «Գարունը»։ Լեւոն Անանյանը, ի պատասխան, գրասեղանի դարակից փնտրեց-գտավ տասը տարի առաջվա իր լուսանկարը։ Հեռուստաէկրանին կողք կողքի հայտնվեցին Լեւոն Անանյանի եւ …Դորիան Գրեյի դիմանկարները։ Դորիան Գրեյը՝ մշտաջահել, վառվռուն, պայծառ, վայելչագեղ… Շագրենի կաշուց էլ երկար կյանքի հավատալիքով։ Իսկ «Գարունի» գլխավոր լուծը քաշողի դիմանկարի վրա, բացի մազերի ճերմակներից, գծագրվում էին անքուն, տառապալից գիշերների ակոսները, աչքատակերի լիքը պարկերը, ծանրության տակ ճկած ուսերը.. Հայտնի բան է՝ «ջանքը» «տանջանքից» է ծնունդ առնում։ Դորիան Գրեյի տեղը ով էլ լինի, անշուշտ, կահաբեկվի, կընդվզի, կարհամարհի եւ կպատառոտի իր առտնի դիմանկարը, որի կերտողը դաժան ժամանակն է։ Մեզանում ո՞վ չի ընկնում այդ դաժան դահճի վրձնահարվածների տակ։ Բայց, հենց այստեղ է, որ սովորաբար բայցը բայց է մնում։ Ժամանակը ջահելության ծաղիկները փախցնում է՝ ծերության շեմին փռելու համար… Բայց, ի հեճուկս այդ ավերածության, հանկարծ մեզ մխիթարում ենք Դորիան Գրեյի աղարտված դիմանկարի… ինքնափրկիչ հմայքով։ Տղամարդկային, առնացի, տոկուն, դիմադրող, ուժեղ… Եվ մի քանի «բայց»-երից մեկի կոդը հայտնաբերելու վստահությամբ ազդարարում ենք, թե. – Ժամանակ բառից է ծնվում… ժամանակավորը։ Որը ամենակայունն ու մնայունն է կյանքում։ Որքան էլ տանջանքի ու տառապանքի կամ վառվռուն երջանկության վրձնախաղերը ջանան աղավաղել մեր իրական դիմանկարները։ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել