Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԻ ԱԹՈՌԸ՝ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Հունիս 20,2001 00:00

ԱԼԻԵՎԻ ԱԹՈՌԸ՝ ՄԻԱՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ Հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողների համար Բաց հասարակության ինստիտուտի (Սորոսի) նախաձեռնած չորսօրյա սեմինարը, որ անցկացվեց Թբիլիսիում, նորվեգացի հայտնի հետաքննող լրագրողների փորձին ծանոթանալու լավ հնարավորություն էր։ Սեմինարը նաեւ ադրբեջանցի մեր գործընկերներից որոշ հետաքրքիր լուրեր իմանալու առիթ էր։ Ի դեպ, հայ եւ ադրբեջանցի լրագրողներով ապրում էինք մեծ առանձնատուն հիշեցնող մի փոքրիկ հյուրանոցում։ Հյուրանոցի տերը նախ զգուշորեն հետաքրքրվեց, թե դեմ չե՞նք, որ ադրբեջանցի լրագրողների հետ մեկ հարկի տակ մնանք։ Սակայն հայ եւ ադրբեջանցի լրագրողները, որ հաճախակի են հանդիպում նման սեմինարների առիթով, մարդկային լավ հարաբերությունների բավականին մեծ փորձ ունեն, եւ պրոբլեմներ այս առնչությամբ չեն լինում։ Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ բանավիճում են Ղարաբաղի թեմայով։ Յուրաքանչյուր կողմ հավատացած է իր ճշմարտացիության մեջ ու բանավեճը այս թեմայով նույնքան անարդյունավետ է, որքան Քոչարյան-Ալիեւ հանդիպումները։ Ադրբեջանցի լրագրողները եւս հաստատեցին, որ Ադրբեջանում հիմա գերիշխում է այն կարծիքը, որ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով պետք է լուծվի, քանի որ չեն հավատում բանակցությունների արդյունավետությանը։ Ադրբեջանի բնակչության շրջանում լրագրողների անցկացրած հարցումների ժամանակ մարդկանց հիմնական մասը կողմ է արտահայտվում հարցի լուծման ռազմական տարբերակին։ Հետաքրքիր էր իմանալ, որ ըստ Ադրբեջանում տարածված կարծիքի՝ երկիրն իրականում ղեկավարում է ոչ թե Հեյդար Ալիեւը, այլ նրա դուստրը եւ ներքաղաքական կյանքին առնչվող հիմնական որոշումները նա է կայացնում։ Բայց իր աթոռը Ալիեւը պատրաստվում է թողնել որդուն, որին հետեւողականորեն պատրաստում է այդ պաշտոնի համար։ Ադրբեջանցի լրագրողների դիտարկմամբ՝ Ալիեւի որդին որպես քաղաքական գործիչ տարեցտարի աճում է։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել