Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ»

Հունիս 20,2001 00:00

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ» «Դարի վերջում նախատեսել ենք ունենալ 17-18%-ից ոչ պակաս անտառապատվածություն»,- տեղեկացրեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Արտաշես Զիրոյանը՝ «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիային նվիրված երեկվա սեմինարի ժամանակ։ Այժմ հանրապետությունում անտառածածկ հատվածը 10% է, պատմական Հայաստանում եղել է 30-40%։ Ըստ փոխնախարարի, բուսաբուծությունն ու անասնաբուծությունը «գրագետ» մոտեցում են պահանջում, հակառակ դեպքում հարվածն ուղղվում է անտառներին։ Մասնավորապես, բարձիթողի վիճակի պատճառով է, ըստ Զիրոյանի, որ Իսրայելում կովերը օրական 40 լիտր կաթ են տալիս, իսկ Հայաստանում՝ հազիվ 4-7 լիտր։ Նա գտնում է, որ «ելնելով շուկայական հարաբերությունների պայմաններից, ժամանակն է մտածել նոր գյուղի մոդելավորման մասին։ Արդյունավետ չենք օգտագործում հողը, ջուրը եւ մնացած բնական պաշարները»։ Պետությունը, ըստ Ա. Զիրոյանի, անկախ շուկայական հարաբերություններից, պետք է իմանա որտեղ ինչ ցանել, որ ավելի լավ լինի. «Ծխախոտի օրինակը բերեմ. Արարատյան դաշտի բերրի հողերը դրվել են ծխախոտի տակ։ Մի կողմից դա հանցագործություն է։ Պետք է պետությունն ասի, թե որ հողերը կարելի է դրա համար օգտագործել։ Կենսառեսուրսների, աշխատանքի ապահովման տեսանկյունից ավելի վատ տարածքներ կան, որոնք ծխախոտի աճեցման համար օգտագործելն ավելի նպատակահարմար է»։ «Հայտնում եմ իմ համերաշխությունը այսօրվա սեմինարի բոլոր մասնակիցներին»,- այսպես սկսեց իր ելույթը նախարարության հողերի պահպանության վարչության պետ, Հայաստանում կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդեւանյանը եւ նույն ոճով էլ մի 10 րոպե շարունակ տանջամահ արեց մասնակիցներին, պատմելով, թե ինչպես է ստեղծվել «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան, Հայաստանն ինչպես է դրան միացել, փորձագետներն ինչպես են աշխատել… ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել