Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ

Հունիս 20,2001 00:00

Փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ Արձագանքելով թերթի հունիսի 14-ի համարում տպագրված «Փոխնախարարը ստեղծել է «գրպանի արհմիություն» հոդվածին, հարկ ենք համարում փաստել, որ ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանության վարչության աշխատակիցների անկախ արհմիութենական կազմակերպության ստեղծումը ուղղակի ժամանակի թելադրանք էր, որը բխում էր բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ- երկրաբանների որոշումից։ Երկրաբանությունը հարկավ ծանր օրեր է ապրում, իսկ ոմանք նման հոդվածներով պղտոր ջրում ձուկ որսալու առիթը բաց չեն թողնում։ 1998թ. ապրիլի 2-ին, երկրաբանության համակարգի աշխատողների նախաձեռնությամբ, կոնֆերանսը՝ «ՀՀ-ում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքի հիման վրա, ստեղծեց անկախ արհեստակցական հասարակական կազմակերպություն, որն, ի վերջո, հնարավորություն ընձեռեց ազատվել արհմիության ՀԽ-ի երկարամյա անգործունյա նախագահ՝ հոդվածի հեղինակ Հ. Գյուրջինյանից։ Նրա հիմնական նպատակն էր, խորհրդային ոգուն հարիր, անձնական պահանջների բավարարումը։ Այդ «արհմիության կարկառուն գործիչը» Երկրաբանության վարչության բոլոր կազմակերպությունների ղեկավարներին ձանձրացրել էր տարբեր մանր ու մեծ պահանջներով (վառելիք, ավտոպահեստամասեր, տրանսպորտային եւ կապի միջոցներ եւ այլն…)։ Օրենքի տառին ու ոգուն համապատասխան նոր կազմակերպության ինքնուրույնությունն ու աշխատանքային գործունեությունը խիստ անհանգստություն էին պատճառում նրան, եւ նա ամեն գնով փորձում էր խաթարել ու արգելակել կազմակերպության գործունեության բնականոն ընթացքը։ Ինչ վերաբերում է նախարարի տեղակալ Կ. Հակոբյանին, ապա հավաստում ենք, որ նա ոչ մի միջամտություն եւ առնչություն չի ունեցել նորաստեղծ հասարակական կազմակերպության ստեղծմանը։ Իսկ «02» հաղորդաշարով եւ հեղինակի մեկնաբանությամբ հոդվածում տեղ գտած փաստերի մասին կոռեկտ չենք համարում որեւէ պարզաբանում տալու, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում։ Ինչ վերաբերում է «Տարոն» ԲԲԸ եւ «Լալվարիտ-1» (այլ ոչ թե «Լալվարիդ», պրն Գյուրջինյան) ԱՁ-ում տեղի ունեցած ապօրինությունների եւ կաշառակերության փաստերին, կարծում ենք, որ այդ կազմակերպությունների ղեկավարները առիթ կունենան պատիվ պահանջելու Հ. Գյուրջինյանից՝ ստահոդ հայտարարությունների համար։ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երկրաբանության վարչության եւ ընդերքի պահպանության աշխատողների անկախ արհեստակցական միության հասարակական կազմակերպության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել