Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց հաջողված

Հունիս 20,2001 00:00

Հերթականը՝ անթիվներից… Բայց հաջողված Մի գնդակով երկու նապաստակ խփելու առողջ տրամաբանությամբ, երեկ Մատենադարանում բացվեց ՄԱԿ-ի հայտարարած Քաղաքակրթությունների երկխոսության տարվան եւ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հնագույն ձեռագրերի ցուցահանդես։ Ներկայացված էին տարբեր լեզուներով (ասորերեն, պարսկերեն, հունարեն, լեհերեն եւ այլն…) գրված եւ ծաղկած տասնյակ ձեռագրեր։ Սակայն մինչեւ իրենցից մեծ արժեք ներկայացնող ձեռագրերն ուսումնասիրելը, ներկաները համբերատարորեն լսեցին ՄԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ներկայացուցիչ Ա. Տկաչուկի, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վարդուհի Ասատուրյանի, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի եւ Խոսրով Հարությունյանի (ընթերցողի աչքերը չփչացնելու համար չենք նշում նրա երկարաշունչ անվանումով պաշտոնը, առանց այդ էլ՝ բոլորը գիտեն) ելույթները՝ քաղաքակրթությունների երկխոսության կարեւորության, Հայաստանի՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկում իր ուրույն տեղն ունեցող երկրի, եւ իհարկե՝ Քրիստոնեության 1700-ամյակի մասին։ Վարդուհի Ասատուրյանը կարծում էր, թե քաղաքակրթությունների երկխոսությունը դեռ չի կայացել. «Գոյություն ունեն խոսակցություններ, բայց՝ ոչ երկխոսություն։ Քաղաքակրթությունները տարբեր են, բայց ոչ ոք մյուսի նկատմամբ չի կարող գերակայել»։ Փոխարենը, Խոսրով Հարությունյանը պնդում էր, թե «քաղաքակրթությունների միջեւ երկխոսությունը ձեւավորվում է փոքր, բայց կարեւոր քայլերով, եւ այս ցուցահանդեսը, որն իր տեսակի մեջ յուրահատուկ է, կարեւոր դեր ունի այդ ձեւավորման մեջ»։ Սեն Արեւշատյանն էլ, պատմական նյութերի վրա հիմնվելով, ապացուցում էր, որ «5-րդ դարից սկսած Հայաստանն իր մեջ ներառել է Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքակրթությունների մասնիկները, սինթեզել է տարբեր մշակույթներ։ Եվ կարող եմ ասել, որ Մատենադարանում այդ երկխոսությունը դրսեւորվում է յուրովի, ամեն օր։ Տարբեր երկրներից ունեցած մեր այցելուները ծանոթանում են մեր հին ձեռագրերին եւ տեսնում, որ հայ հոգեւոր մշակույթը երբեք առանձնացված չի եղել այլ մշակույթներից»։ Ու թեեւ պարոն Հարությունյանը խիստ կասկածում էր «Առավոտի» ակտիվությանը, պիտի փաստենք, որ կոնկրետ երեկվա ցուցահանդեսն իր նշանակությամբ եւ դրսեւորմամբ այն քչերից էր, որ ի վիճակի է ստիպել յուրաքանչյուր հայի՝ հպարտանալ իր ազգությամբ, իր նախնիներով եւ իր հայրենիքով, եւ ոչ թե՝ խղճալ, տառապել ու արտասվել մեր պատմության ու մեր պատմական սխալների վրա։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել