Լրահոս
Օրվա լրահոսը

Կար ժամանակ, երբ երիտասարդ դաշնակահարուհի Ասյա Ղազարյանի կատարմամբ համաշխարհային դասականների, ինչպես

Հունիս 20,2001 00:00

«ՄԵԿ-ՄԵԿ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԱՐԵԼ» Կար ժամանակ, երբ երիտասարդ դաշնակահարուհի Ասյա Ղազարյանի կատարմամբ համաշխարհային դասականների, ինչպես նաեւ՝ հայ կոմպոզիտորների երկերը ունկնդրելիս հուզումնալից կամ պոռթկուն, խորաթափանց կամ կրակոտ հնչյունների մեջ զգում էիր քո հոգուն շատ հարազատ ինչ-որ մի շեշտ, շունչ, առանձնահատուկ կապ, եւ սպասումի մեջ ունկնդրում երաժշտության ելեւէջները։ Համերգների առթիվ շատ թերթեր դրվատական գրախոսականներ էին տպագրում։ Դրանցից մեկը՝ «… երիտասարդ դաշնակահարուհին պատրաստել էր հետաքրքիր ու դժվարին հայտագիր։ Նրա նվագն աչքի էր ընկնում հստակությամբ, պարզությամբ, միեւնույն ժամանակ մեկնաբանությունների կատարելությամբ»։ Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ասյա Ղազարյանը բոլորում է իր աշխատանքային եւ ստեղծագործական գործունեության 30 տարիները, դասավանդելով կամերային անսամբլի ամբիոնում։ Նա այն հազվագյուտ մանկավարժներից է, որն ունի դասավանդման զգալի փորձ ու հմտություն, լուրջ գիտելիքներ թե՛ դաշնամուրային, թե՛ կամերային երաժշտության եւ թե՛ երաժշտության տեսության ասպարեզներում։ Բազմակողմանիորեն պատրաստված այդպիսի երաժիշտը անշուշտ մեծ օգուտ պետք է բերեր կոնսերվատորիային։ Նրա ուսանողների նվագը միշտ աչքի է ընկնում երգայնությամբ, անկաշկանդ տեխնիկայով։ Տարիների ընթացքում երիտասարդ երաժիշտների մոտ զարգանում են հատկանիշներ, որոնք զերծ են պահում վերջիններիս գեղագիտական ճաշակի խոտորումներից, մեկով կամ մյուսով հրապուրվելուց։ Գուցե միշտ չէ, որ համոզիչ են ուսանող երաժիշտների մեկնաբանությունները, բայց չի կարելի առարկել պրոֆեսիոնալիզմի ու ճաշակի դեմ։ Երիտասարդ երաժիշտների կատարումներով հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները հնչում են վառ ազգային թովչանքով, զգացումների նրբությամբ։ Ինչպես պրոֆեսորն է ասում. «Հաճախ ստեղծում եմ կամերային այնպիսի կազմեր, որ չեք հանդիպել եւ չեք էլ հանդիպի՝ երկու դաշնամուր եւ հարվածային գործիքներ կամ երկու ջութակ, կլարնետ եւ հարվածային գործիքներ, գալարափող ու ջութակ…»։ Համբերատարությամբ եւ հետեւողականորեն, յուրաքանչյուր անգամ ստեղծագործությունները մշակելիս ուսանողին ներարկում է ժամանակաշրջանի, ոճի պատկերացումը, կատարման կերպը, հետեւում, որ արտահայտչական միջոցները համաձայնեցվեն ստեղծագործության տրամադրությանը։ Մեկնաբանման հարցերը համարելով առաջնային, նա քաջ գիտակցում է, որ բարձրարվեստ կատարման կարելի է հասնել միայն ու միայն տեխնիկայի բարձր կուլտուրայով։ Սովորեցնելը, հաղորդելը, ներարկելը, ուսանողի հոգու մեջ թափանցելն է ամենադժվարը դասավանդման պրոցեսում։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ նա չկարողացավ թողնել բեմը, արդեն որպես դաշնակահար-նվագակցող։ Փայլուն լսողությունն օգնում է նվագակցության ոճական ու հոգեբանական նրբությունները վարպետությամբ ձուլելու կատարվող ստեղծագործություններին։ Կոնցերտմայստերն այսօր աշխատում է Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի դոցենտ Սարգիս Թորոսյանի հետ։ Ստեղծագործական աշխատանքին գումարենք այն, որ տիկին Ղազարյանը շուրջ 17 տարի կոնսերվատորիայի արհկոմի նախագահն է։ Ինչպես ինքն է ասում. «Ինտելիգենցիայի սոցիալական դրությունը, գիտեք, ծանր է։ Արհկոմի միջոցներով աշխատում ենք գոնե մի փոքր թեթեւացնել դասախոսների սոցիալական վիճակը։ Համերգասրահների վարձակալության հարցում ենք օգնում մեր ուսանողներին եւ ոչ միայն։ Ուզում եմ շատ օգնել, մեկ-մեկ ինձ թվում է, որ ոչինչ դեռ չեմ արել… ու սկսում եմ խորհել՝ ինքս ինձ ասելով. «Ես կարող էի շատ անել ու պետք է անեմ…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել