Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հրապարակումից («Արագածոտնի մարզում ստուգումներ եղան, արդյունքներ չկան», 14.06.2001թ.) անմի

Հունիս 20,2001 00:00

Մենք ի՞նչ գրեցինք՝ մարզպետն ինչ պատասխանեց «Առավոտի» հրապարակումից («Արագածոտնի մարզում ստուգումներ եղան, արդյունքներ չկան», 14.06.2001թ.) անմիջապես հետո (կապված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ստուգումների հետ) Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը շտապեց թերթերից մեկում՝ «քաղաքական» երանգավորում տալ «Առավոտից» իր բամբասանքին։ Մենք ի՞նչ ենք գրում, ինքն ի՞նչ է պատասխանում։ Մարզպետ Կարապետյանը փորձում է պարզաբանել, թե մարզում իրականացված շինարարական աշխատանքները եղել են իր վերահսկողության տակ եւ եթե դրանք խախտումներով են կատարվել, ապա պաշտոնական գրությամբ այդ մասին տեղյակ է պահվել դատախազությանը։ Հարց է առաջանում. եթե դիմել է դատախազություն, ինչո՞ւ գործերը հետագա ընթացք կամ արդյունքներ չեն ունեցել։ Երկու ամիս է անցել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ստուգումներից, գործը հասել է դատախազություն եւ լռվել (ու հենց այս հարցադրումն էինք մենք ընդամենը արել), ինչը եւ հաստատում է մարզպետն էլ՝ «Այդ խնդիրը դեռեւս ուսումնասիրման եւ քննարկման փուլում է, հետեւաբար արդյունքների մասին խոսելը վաղ եմ համարում»։ Այդ դեպքում, ինչով դարձանք «աղմկահարույց», եւ դեռ վաղ համարելու պատճառո՞վ էր մարզպետը գերադասել չխոսել «մարզում եղած իբր յուրացումների մասին»։ Այդ «չյուրացումների» մասին խոսում են ոչ թե «Առավոտը», այլ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան փաստաթղթերը։ Ու որպեսզի Հրայր Կարապետյանի սիրտը շահած լինենք, բերենք մի քանի հատվածներ ստուգումների արդյունքներից։ «Նիգավան եւ Ծաղկաշեն գյուղերի դպրոցներում կատարված աշխատանքների համար ներկայացվեց կատարողական ակտեր՝ գումարով համապատասխանաբար 6862,9 հազար դրամ եւ 6171,0 հազար դրամ, սակայն վերը նշված կատարողական ակտերը պատվիրատու Արագածոտնի մարզպետարանի կողմից չէր ստորագրվել եւ չէր հաստատվել…: Ստուգմանը «Ապարանշին» ԲԲԸ տնօրեն Լ. Հովհաննիսյանը չներկայացրեց վերը նշված 2 գյուղերի դպրոցների կատարողական ակտերի հաշվապահական նյութածախսերը եւ նյութերի ձեռքբերման հաշիվ-ֆակտուրաները։ «…Կատարողական ակտերի ճշտության ստուգմամբ պարզվեց, որ որոշ աշխատանքներ կրկնակի են ցույց տրված, այսպես՝ պատերի հին գաջի թափումը ներառված է պատերի սվաղի վերանորոգման աշխատանքների մեջ, որոշ աշխատանքներում 1984թ. գների մակարդակով բանվորների աշխատավարձը եւ մեքենամեխանիզմների շահագործման ծախսերը ճիշտ չի արտացոլված» (լրացուցիչ ակտ)։ Մեջբերենք նաեւ 09.04- 07.05.2001թ. մայր ակտից մի հատված եւս. «Ստուգմանը չներկայացվեց Պարտիզակ գյուղի ջրամատակարարման համար Արագածոտնի մարզպետարանի եւ «Ապարանշին» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը։ Առկա խողովակաշարի երկարությունը կազմում է 2870 գծմ։ Համաձայն «Ապարանշին» ԲԲԸ տնօրեն Լ. Հովհաննիսյանի հայտարարության, 130 գծմ խողովակաշարը չի փոխվել, այլ օգտագործվել է հին խողովակաշարը, այդ թվում չգործող ջերմոցների (ճագարանոց) հատվածում, համաձայն նախագծի, ջրատարը պետք է շրջանցեր ջերմոցի տարածքը…»։ Կամ «Համաձայն հայտարարության, կառուցված ջրատարը կազմում է 2740 գծմ։ Կատարողականով ցույց է տրվել՝ 2761, նախագծով հաշվարկվել եւ մրցութային փաթեթի ծավալային տեղեկագրում գրվել է 2971 գծմ, կամ կատարողականով ավելի է ցույց տրվել 21 գծմ։ Ստուգմանը չներկայացվեցին թաքնված աշխատանքների ակտերը»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել