Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարում պատկերված Իոսիֆ Ստալինի այս սպիտակ արձանը վեր է խոյանում Թբիլիսիի առանձնատներից մեկի հենց պա

Հունիս 20,2001 00:00

ԹԲԻԼԻՍԻՆ ԴԵՌ ԵՎՐՈՊԱ ՉԷ Նկարում պատկերված Իոսիֆ Ստալինի այս սպիտակ արձանը վեր է խոյանում Թբիլիսիի առանձնատներից մեկի հենց պատշգամբում։ Ժողովուրդների հոր նկատմամբ տանտիրոջ անսահման սերը սրանով չի սահմանափակվում. պատշգամբի չորս անկյուններում էլ Ստալինի կիսանդրիներն են տեղադրված։ Ստալինի հանդեպ վրացիների պաշտամունքը գեղարվեստական այլ դրսեւորումներ եւս ունի։ Վերնիսաժում առավել հաճախակի հանդիպող գործերը Ստալինի արձանիկներն են կամ նրա դիմանկարով գոբելեններն ու նկարները։ Իրենց ներկայիս առաջնորդի՝ Էդուարդ Շեւարդնաձեի նկատմամբ նման պաշտամունք չկա, այլ՝ ճիշտ հակառակը։ Ժողովուրդը մեղադրում է նախագահին Վրաստանի ներքաղաքական անկայուն վիճակի, սոցիալական ծանր պայմանների եւ երկրում կարգուկանոն հաստատելու անկարողության համար։ Նախագահի ու ընդհանրապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության պահպանման խստացված ռեժիմ է նկատվում։ Փողոցը, որով Շեւարդնաձեն պետք է անցնի, նախապես հայտնվում է ավտոմատավոր զինվորների հսկողության ներքո։ Վրաստանի ներքին գործերի նախարարի բնակարանը օր ու գիշեր հսկում են երկու ավտոմատավոր զինվոր։ Վերջիններիս առկայությունը Վրաստանի մայրաքաղաքում անսովոր է միայն քաղաքի հյուրերի համար, իսկ բնակիչների համար դա առօրյա է։ Զինվորների թիվը Թբիլիսիի փողոցներում հատկապես աճում է հատուկ իրավիճակների ժամանակ, իսկ այդպիսիք բավականին հաճախակի են լինում։ Փրկագին ստանալու նպատակով հարուստ գործարարների կամ հայտնի մարդկանց առեւանգելու դեպքերը այնքան տարածված են, որ մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում։ Է. Շեւարդնաձեի դեմ վերջին բողոքի ցույցը հենց այս առիթով էր։ Վրացիների կարծիքով, մարդկանց չեչեններն են առեւանգում։ Թեեւ մի ծանոթ վրացու կարծիքով էլ՝ մեղքը գցում են չեչենների վրա, որովհետեւ այդպես հեշտ է, սակայն իրականում առեւանգում են հենց վրացի ոստիկանները։ Մարդկանց առեւանգում են փողոցից ու պահում քաղաքից դուրս ինչ-որ վայրում։ Եվ կասկածելի է, թե ինչպես են դա անարգել անում, երբ ոստիկաններն ամեն քայլափոխի կանգնեցնում ու ստուգում են ավտոմեքենաները։ Ընդհանրապես կարծիք կա, որ Կովկասում ամենակոռումպացվածը Վրաստանի ավտոտեսուչներն են։ Հատկապես Հայաստանից եկող ավտոմեքենաները միշտ վրացի ավտոտեսուչների ուշադրության կենտրոնում են։ Անառիթ կարող են կանգնեցնել ու փող պահանջել։ Կամ էլ կարող են պարտադրել, որ իրենց մարդկանց անվճար Թբիլիսի կամ Թբիլիսիից Հայաստան հասցնեն։ Վրաստանի մայրաքաղաքում հաճախակի են նաեւ բանտից փախչելու դեպքերը, եւ դա եւս իրավապահ մարմինների կոռումպացված լինելով է պայմանավորվում։ Թեեւ Թբիլիսի ժամանած հայ լրագրողներիս փոքրիկ խմբին վրացիները իրենց հատուկ հյուրասիրությամբ պատվեցին, սակայն հայերին առանձնապես լավ չեն վերաբերվում։ Վրացի մաքսավորը, որ Թբիլիսիից վերադարձի ճանապարհին ընկերացավ մեզ, դժգոհեց, որ Վրաստանի մայրաքաղաքում հայերը, ադրբեջանցիներն ու չեչենները ավելի շատ են, քան վրացիները։ Ըստ նրա՝ վրացիները մի շատ վատ բնավորություն ունեն՝ հյուրասեր են. հյուրընկալում են դրսեկներին ու հետո իրենց տները զիջում նրանց։ Վրացին դժգոհում էր, թե ինչո՞ւ են գալիս ու մնում իր երկրում, չեն վերադառնում իրենց հայրենիքը։ Նրա կարծիքով, կովկասցիները Վրաստանից դուրս ամենուր ներկայանում են որպես վրացի ու իրենց պահվածքով վարկաբեկում վրացի ազգին։ Նա նաեւ վստահեցնում է, թե Վրաստանում ապրողներին էլ որ հարցնես ինչ ազգի են, կասեն՝ վրացի։ Մաքսավորը չընդունեց մեր այն փաստարկը, որ նրանք հաճախ ստիպված են այդպես ասել՝ նկատի ունենալով հենց վրացիների անհանդուրժողականությունը։ Թբիլիսիում ապրող հայերը նման վերաբերմունքը զգում են թե առօրյայում, թե աշխատանքում։ Շուկայում առեւտուր անողը, եթե վրացի չէ, առավել հաճախ է «հարկ» մուծում ոստիկաններին։ Աշխատանքի ընդունելիս էլ առաջնությունը տրվում է վրացիներին։ Թեեւ Վրաստանը առաջինն անդամակցեց Եվրախորհրդին եւ միջազգային կառույցների կենտրոնական գրասենյակները հիմնականում գտնվում են Թբիլիսիում, սակայն թե հայ, թե ադրբեջանցի լրագրողների կարծիքով, Բաքուն ու Երեւանը շատ ավելի են նման եվրոպական քաղաքներին՝ կարգուկանոնի եւ ժամանակակից նորակառույցների առկայությամբ։ Գեղեցիկ շինություններ քիչ են հանդիպում։ Փողոցները շատ կեղտոտ են, իսկ փողոցային առեւտուրը քաղաքի կենտրոնի համար էլ սովորական երեւույթ է։ Երեկոյան ժամը 19-ից հետո գրեթե բոլոր խոշոր խանութները փակվում են։ Ու, թեեւ ժողովուրդը հիմնականում վատ է ապրում, այստեղ եւս կա մի խավ, որ շրջում է արտասահմանյան ամենաշքեղ մեքենաներով եւ ճաշում ամենահայտնի ռեստորաններում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Թբիլիսի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել