Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս

Հունիս 20,2001 00:00

Շենքերը վերանորոգման կարիք ունեն Դեռեւս 2000թ. հոկտեմբերի 25-ի կառավարության թիվ 682 որոշմամբ ընդունվեց մի ծրագիր, որը նախատեսում էր 4-րդ կարգի վթարայնություն ունեցող (վերանորոգման ենթակա) 34 բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծել։ Տվյալների համաձայն, վերոնշյալ 34 վթարային բնակելի շենքերից միայն 28-ը գտնվում է Աջափնյակում, իսկ մնացածը՝ այլ թաղամասերում։ Ընդհանրապես Երեւանում գտնվող թվով 16 բնակեցված շենք լիովին ենթակա է քանդման, իսկ 18-ը՝ մասնակի քանդման (առանձին կողաճակատային մասեր, շենքի մի մուտքը կամ մի պատը)։ Խնդրի շուրջ զրուցեցիք քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության վարչության պետ Կամո Խաչատրյանի հետ, որն էլ մեզ տեղեկացրեց, որ դեռեւս նախանցյալ տարի Ֆուչիկի փողոցում միայն երկու շենք է իրացվել։ «Անցյալ տարի բյուջեով նախատեսված էր 273 մլն դրամ՝ շինարարական աշխատանքներ կատարելու, բնակչությանը բնակարանով ապահովելու եւ վթարային շենքերը իրացնելու համար։ Սակայն, կամ ժամանակի, կամ էլ ֆինանսի բացակայության պատճառով գումարը այդպես էլ չհատկացվեց, չնայած այդ խնդիրը մինչ օրս էլ առկա է»,- ասաց պրն Խաչատրյանը։ Ընդհանուր առմամբ, վթարային շենքերը բաժանվում են հինգ կարգի՝ սկսած առաջին կարգի չնչին վերանորոգման կարիք ունեցող շենքերից, վերջացրած հինգերորդ կարգի՝ քանդման ենթակա շենքերով։ Ըստ պրն Խաչատրյանի՝ «պետությունը պարտավորված է հետեւել բազմաբնակելի շենքերի վիճակին, քանզի, ըստ էության, հենց իր շահագործման արդյունքում է տվյալ շենքը դարձել վթարային»։ Վերաբնակեցման գործարքը կատարվում է հետեւյալ կերպ. բնակիչը ընտրում է իր նախկին տանը համարժեք մեկ այլ բնակարան, իսկ պետությունը դրա դիմաց վճարում է։ Եթե վերջինս ուզենա, թող վաճառի իր բնակարանը, դա արդեն սեփականատիրոջ իրավունքն է։ Վիճակագրական տվյալների համաձայն, ներկայումս հանրապետությունում կա 1182 վթարային շենք, որից բնակեցված է 1154-ը, դրանց թվում 657-ը վարձակալած կամ սեփականատերերի բնակարաններ են, 156-ը՝ ժամանակավոր օգտագործման տրված, իսկ 127-ը ինքնակամ զբաղեցրած բնակարաններ են։ Բացի դրանից, հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում 145 երրորդ կարգի շենք կա, աղետի գոտում՝ 437 շենք եւ շուրջ 60 շենք հավաքագրվել են տարբեր մարզերից, որոնք ենթակա են ամրացման։ Անդրադառնալով ֆինանսավորման «ցավոտ» հարցին, պրն Խաչատրյանը փաստեց, որ այս տարի եւս բյուջեով չի նախատեսվել գումար՝ վթարային շենքերի քանդման կամ վերանորոգման համար։ «Քանի որ մենք խիստ կարեւորում ենք վթարային շենքերի խնդիրը, ուստի, արդեն իսկ հանձնարարական կա տարածքային կառավարման, քաղաքաշինության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններին, ինչպես նաեւ քաղաքապետարանին՝ ծրագիր ներկայացնեն կառավարություն եւ ԱԺ, որպեսզի գոնե 2002թ. բյուջեով գումար հատկացնելու հարցը կարգավորվի»,- ասաց պրն Խաչատրյանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել