Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ «ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման հեռանկարները» կոնֆերանսի կազմակերպիչներն էին զարմացել, որ

Հունիս 20,2001 00:00

ՀԻՄԱ ՄԻԱՍԻ՞Ն ԵՆՔ, ԹԵ՞ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ԵՆՔ Նույնիսկ «ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման հեռանկարները» կոնֆերանսի կազմակերպիչներն էին զարմացել, որ այդքան շատ մարդ է ցանկանում մասնակցել միջոցառմանը։ Այնքան շատ, որ միջին չափերի ընթերցասրահը ստիպված էին փոխել մեծ դահլիճով։ Ներկաները մեծ մասամբ Հայաստանի գիտնականներ էին (ի դեպ, դատելով ազգանուններից՝ հիմնականում ղարաբաղյան ծագումով) եւ գյուղատնտեսության ղարաբաղյան պատասխանատուներ։ Ժամանակին շատ էին խոսում, որ Հայաստանն իր գյուղատնտեսական արտադրանքով (եւ հատկապես չրերով ու պոմիդորով) կարող է իր «գլուխը պահել»։ Որոշ գիտնականներ թվեր ու այլ հիմնավորումներ էին բերում հօգուտ այդ տեսության, իսկ քաղաքական գործիչները դրանք միայն տեսական ու ըստ այդմ՝ անիրատեսական էին համարում։ ԼՂ-ի գյուղատնտեսական պոտենցիալի եւ հնարավորությունների մասին մի քանի դասախոսությունները մի պատմություն էլ հիշեցրին. թե ինչպես էր գրեթե ոչնչից հառնում Նյու Վասյուկին եւ դառնում Երկիր մոլորակի շախմատային կենտրոնը։ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Սերգեյ Մելքումյանը պնդում է, որ ԼՂՀ-ն թեեւ հարուստ է հանքերով, սակայն այնտեղ անհրաժեշտ է զարկ տալ, առաջին հերթին, գյուղատնտեսությանը։ Խնդիրն, ըստ բանախոսի, եղած հնարավորություններն արդյունավետ եւ լիարժեք օգտագործելն է։ Օրինակ, 82 հազար հա վարելահող կա Արցախում, որը բարձր բերքատվություն ունի, սակայն ամբողջությամբ չի մշակվում։ Նույնը վերաբերում է ջրային ռեսուրսներին, որոնց լիարժեք օգտագործման դեպքում հնարավոր կլինի բավարարել ջրի պահանջարկը։ ԼՂ-ում տարեկան արտադրվում է 35 հազար տոննա հացահատիկ։ Սակայն այդ թիվը կարող է այնքան մեծանալ, որ, իրեն լիուլի ապահովելուց հետո, ԼՂՀ-ն կարող է 100 հազար տոննա հացահատիկ էլ Հայաստանին տալ։ Կան մշակաբույսեր էլ, որոնց արտադրությունը ժամանակին մեծ օգուտներ է բերել։ Այժմ դրանք դուրս են մղված մշակովի կուլտուրաների ցանկից՝ յուղատու վուշ (կտավատ), բամբակ։ Հատկապես վերջինիս մշակումը աշխատատար է եւ հետագա վերամշակման փուլերի հետ միասին բազմաթիվ աշխատատեղեր կարող է ապահովել։ Գյուղատնտեսության զարգացումը Հայկական գյուղակադեմիայի կաթի եւ մսի ամբիոնի վարիչ Ռազմիկ Բեգլարյանը կարեւորում է հատկապես այն տեսակետից, որ հանրապետություն ներմուծվող սննդամթերքն անորակ է։ Մասնավորապես մեծ քանակով ստացված կաթի փոշու փորձաքննությունը ցույց է տվել, որ այն պիտանի չէ սննդի արտադրության համար, միայն կարող է օգտագործվել որպես անասնակեր։ Քննությունը (տվյալ դեպքում՝ փորձաքննությունը) չեն բռնել նաեւ կարագի եւ բուսական յուղերի որոշ տեսակներ։ Եվ ընդհանրապես, արտասահմանյան կոլեգաների հետ շփվելիս, մերոնք հավաստիացնում են, որ էկոլոգիապես մաքուր մթերք Ղարաբաղո՛ւմ կարելի է արտադրել։ Գյուղակադեմիայի ամբիոնի վարիչն առիթը բաց չթողեց Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը կապել համապատասխան կադրերի պատրաստման հետ, ինչի համար էլ, բնականաբար, անհրաժեշտ է այնտեղ բացել գյուղակադեմիայի մասնաճյուղը եւ վերականգնել հեռակա ուսուցումը։ Իսկ Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նկատեց Ս. Մելքումյանը, Ղարաբաղը պետք է ինտեգրվի՝ համաշխարհային չափանիշներից ելնելով։ Միայն թե հայտնի չէ՝ հատկապես ո՞ր դեպքում են գործում ինտեգրվելու՝ համաշխարհային չափանիշները. երբ Արցախի բյուջեն սնվում է ՀՀ-ի՞ց, թե՞ երբ ԼՂՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ Ղարաբաղն անկախ հանրապետություն է եւ, հետեւաբար, Հայաստանից անկախ են նաեւ Ղարաբաղի արդարադատության եւ իրավական համակարգերը։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել